ԱՆՑԿԱՑՎԵՑ §ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ¦ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ |
02.03.2017 18:59 |
Մարտի 2-ին Ասկերանի մշակույթի տանը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ՝ §Իմ ընտանիքը¦ խորագրով։ Այն կազմակերպել էր Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ասկերանցիներ։ Ողջունելով ներկաներին Աիդա Գյանջումյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի ազատության համար մղված պայքարում իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակը։ §Իմ ընտանիքը¦ ինտելեկտուալ խաղն արդեն ավանդական է դարձել, այն անցկացվում է 4-րդ անգամ՝ դպրոցի շնորհալի աշակերտների և նրանց ծնողների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ ամեն անգամ խաղի մասնակիցների քանակն ավելանում է։ Խաղի կայացմանն աջակցել և հովանավորել են Ասկերանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը և Ասկերանի պատվավոր քաղաքացի Կարեն Շահրամանյանը։ -Անժխտելի է, որ հաստատուն գիտելիքներով օժտված մարդն անպարտելի է, իսկ ամուր, հզոր պետության հիմնաքարը՝ ազատ, գիտակից ու բանիմաց քաղաքացին, ու հենց գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ,- ասաց Աիդա Գյանջումյանը մրցասպարեզ հրավիրելով խաղի մասնակիցներին։ Թիմերը հանդես եկան ողջույնի խոսքով՝ մաղթելով դիտարժան խաղ և առողջ մրցակցություն, միաժամանակ խոստանալով ցուցադրել հետաքրքիր խաղ ՝ հանդիսատեսին մաղթելով ուրախ ժամանց։ Թիմերից մեկը ձևավորվել են Ն զորամասի զինվորներ Տիգրանն ու Արմանը, ովքեր իրենց ողջույնի խոսքում վստահեցրին, որ հայրենիքի պաշտպանության գործը գտվում է հուսալի ձեռքերում և խաղաղությամբ են բացվելու Արցախ աշխարհի բոլոր առավոտները։ Խաղն ընթացավ 4 փուլով՝ յուրաքանչյուր փուլում հնչեցին 5-ական հարցեր։ Դրանք բազմազան էին՝ համաշխարհային մշակույթ, արագ կողմնորոշվիր, հանելուկներ, տրամաբանական հարցեր։ Մրցակից թիմերի միջև ծավալվեր էր առողջ մրցակցություն։ Երրորդ փուլի արյունքների ամփոփմամբ պարզվեց, որ չորրորդ՝ եզրափակիչ փուլ են դուրս եկել հայր և որդի Ալլահվերդյանները, մայր և որդի Գաբրիելյանները, հայր և դուստր Խաչատրյանները։ Եզրափակիչ փուլն ընթացավ համառ և անզիջում պայքարում, որի ընթացքում հաղթեցին մայր և որդի Ալյոնա և Արթուր Գաբրիելյանները։ Խաղի յուրաքանչյուր փուլն ընդմիջվում էր երաժշտական դադարով։ Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։ Հաղթող և դիտարժան խաղ ցուցադրած թիմերին շնորհավորեց դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ ընտանիքն է հանդիսանում այն հզոր ու ամուր հենասյունը, որի վրա հենված է կայուն պետությունը։ Հաղթող թիմը պարգևատրվեց դպրոցի տնօրենի պատվոգրով, ինչպես նաև հովանավորի կողմից հատկացրած դրամական պարգևով։ Դրամական պարգևներ ստացան խաղին մասնակցած բոլոր թիմերը։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը ողջունելով ներկաներին կարևորեց ավանդական դարձած խաղի անցկացումը, ինչը համախմբվածության և միասնության, իսկ մատաղ սերնդի համար հոգևոր արժեքների գնահատմանն ուղղված յուրօրինակ կոչ է նաև։ Նա շրջվարչակազմի ղեկավարի անունից Ասկերանի գեղատեսիլ վայրերից մեկը խորհրդանշող նկար հանձնեց հաղթող թիմին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |