ԼԻՆԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈՎ ՈՂՈՂՎԱԾ, ՕԳՏԱԿԱՐ ՈՒ ՀԱՃԵԼԻ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ
14.03.2017 13:24

  Կի՜ն…Այս մի հատիկ բառի մեջ այնքա՜ն իմաստներ են ներառված, այնքա՜ն  հույզեր ու առեղծվածներ, այնքա՜ն մեղմ մտքեր ու երազանքներ… Յուրաքանչյուր կնոջ մեջ կարելի է տեսնել առանձահատուկ քնքշանք, նրբություն և գեղեցկություն…

Գեղեցիկի, սիրված լինելու, հրաշքի սպասման, հաճելի խոսքեր լսելու խորհուրդ ունի կանանց նվիրված միամսյակը, որը նաև բնության զարթոնքի ազդարարում է: Ասում են, կինն ու գարունը չեն տարբերվում միմյանցից: Քանզի, գարունը հենց կինն է՝ միշտ ծաղկող, փթթուն, իսկ կինն իր էությամբ գարուն է որ կա՝ հանելուկներով ու անակնկալներով լի:

Գարնանային գեղեցիկ ու ավանդական այս տոնի առթիվ է իմ հարցազրույցը ՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դանիելյանի հետ:

-Տիկին Դանիելյան, շնորհավորելով  հրաշալի այս տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ միշտ լինեք գեղեցիկ ու հմայիչ: Ձեր կարծիքով ինչպիսին պետք է լինի այսօրվա տնօրենը և ինչպիսի աշխատանքներ է ծավալում գրասենյակը:

-Ասեմ, որ տնօրեն լինելն ինքնին ենթադրում է անսահման պատասխանատվություն՝ նախ ինքդ քո նկատմամբ, այնուհետև՝ դիմացինի: Տնօրենն ամենից առաջ պետք է օժտված լինի անաչառությամբ, կազմակերպվածությամբ: 2000 թվականից մինչ այսօր աշխատում եմ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության   Ասկերանի գրասենյակի տնօրենի պաշտոնում, իսկ 2005 թվականից զուգահեռաբար կատարում եմ նաև մանկապարտեզի պատասխանատուի պարտականությունները: Գրասենյակն իրականացնում է բարեգործական   տարբեր ոլորտներին պատկանող ծրագրեր: Շրջանի բազմազավակ, սոցիալապես անապահով  35 ընտանիքիներ ստանում են դրամական  և նյութական օգնություն: Տոն և հիշարժան օրերին գրասնեյակի կողմից նվերներ են ստանում նաև մանկապարտեզի սաները: Մանկական արհեստական սնունդ են ստանում շրջանի սոցիալապես անապահով 25 ընտանիքների նորածիններ: Այս ամենի հետ մեկտեղ, տարիներ շարունակ գրասենյակում գործում են հոգևոր խմբակներ, որտեղ այսօրվա դրությամբ հաճախում են 60 երեխաներ: Ամառային արձակուրդներին այդ երեխաները մասնակցում են տեղում կազմակերպվող բակային, այնուհետև Շուշի քաղաքում կազմակերպվող ճամբարներին:  Պետք է նշեմ, որ հովանավորները հաճախակի լինում են մեզ մոտ, տեսնում և համոզվում, որ իրենց օգնությունները ծառայում են նպատակին: Ցանկանում եմ նաև ասել, որ վերջերս սկսվել է իրականացվել նոր ծրագիր: Շրջանի Քռասնի և Ուղտասար համայնքների սոցիալապես անապահով որոշ ընտանիքների հատկացվել են խոշոր եղջերավոր անասուններ՝ օրվա կարիքները հոգալու և անասնաբուծությամբ զբաղբելու համար:

Տեղեկացնեմ, որ փետրվարի 1-ից գրասենյակում գործում է կրթադաստիարակչական <<Ցերեկային կենտրոն>>, որտեղ աշխատողներն իրականացնում են անվճար գործունեություն: Ընդգրկված են սոցիալապես անապահով և միայնակ ծնողների 15 կրտսեր տարիքի դպրոցահասակ երեխաներ: Ոսուցանվում է մայրենի լեզու, մաթեմատիկա և անգլերեն լեզու: Դպրոցից դուրս երեխաները հաճախում են կենտրոն, սնվում, սովորում և ձեռք բերում արվեստի հմտություններ:

-Ի՞նչ կասեք գործող մանկապարտեզի մասին:

-Այսօրվա դրությամբ մանկապարտեզում գործում են 2 խմբեր՝ միջին և կրտսեր: Միջին խումբ են հաճախում 32, իսկ կրտսեր խումբ՝ 30 երեխաներ: Երկու խմբերի դաստիարակներն ունեն բարձրագույն կրթություն, համապատասխան հմտություններ, աշխատանքի փորձ և կարողանում են երեխաների հետ իրականացնել ճիշտ կրթադաստիարակչական աշխատանքներ, իսկ նրանց աշխատանքն ավելի կատարյալ է դառնում փորձառու դայակների պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ: Պարբերաբար անց են կացվում բաց դասեր, ցերեկույթներ, պատշաճ մակարդակով կազմակերպվում են տոնական հանդեսներ: Երեխաներն ստանում են հոգևոր, հայեցի և հայրենասիրական դաստիարակություն: Ասեմ, որ կայուն համագործակցություն ունենք ծնողների հետ, կազմակերպում ենք ծնողական ժողովներ և համաձայնության գալիս վեր հանված յուրաքանչյուր հարցի շուրջ: Մանկապարտեզի ողջ աշխատախումբը նվիրաբար և պատասխանատվությամբ է մոտենում իր գործին, աշխատում ենք թիմով, քանզի միայն այդ կերպ կարող ենք հասնել արդյունավետության և ճիշտ դաստիարակել մեր մանուկներին:

Գիտակցելով, որ գործ ունենք ամենամատաղ սերնդի հետ՝ աշխատում ենք անել ամենահնարավորը, որպեսզի այս անարատ, փխրուն և անմեղ մանուկները լինեն ուրախ և անհոգ:

-Բազմաթիվ անգամ առիթներ եմ ունեցել լինել գրասենյակում և մակապարտեզում, մասնակցել տարբեր միջոցառումների և իհարկե, ստանալ մեծ բավականություն: Ամեն անգամ նկատելի առաջխաղացում և փոփոխություններ են նկատվում:

-Դուք ճիշտ եք նկատել: Մեր հովանավորների օգնությամբ տարեցտարի թարմացվում է մանկապարտեզի գույքը, վերանորգվել է շենքը, կատարվել է ջեռուցման համակարգի աշխատանքներ, ինչպես նաև բարեկարգվել է բակը: Երեխաները հնարավորություն ունեն ազատ խաղալ մեծ և ընդարձակ խաղահրապարակում, զբաղվել մարմնամարզությամբ: Երեխաները հնարավորություն ունեն բակում աճեցնել ծաղիկներ , ինչի շնորհիվ զարգանում է նրանց գեղագիտական և էկոլոգիական դաստիարակությունը: Անհերքելի է, որ լրիվությամբ փոխվել է երեխաների առօրյան:

Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ մեր մանակապարտեզը գտնվում է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուշադրության կենտրոնում: Ամեն մի հարցում նա պատրաստ է օգնել և աջակցել մանկապարտեզին: Օրերս նրա անիջական միջնորդությամբ լուծվեց մանկապարտեզի տարածքի լուսավորության խնդիրը, ինչի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում նրան: Փաստեմ նաև, որ համագործակցում ենք շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, սոցիալական ապահովության տարածքային գործակալության բաժինների, Ասկերանի քաղաքապետարանի, Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի հետ:

-Իսկ ի՞նչ կմաղթեիք շրջանի կանանց միամսյա տոնի կապակցությամբ:

-Նախ և առաջ ցանկանում եմ խաղաղություն մեր երկրին,   բարեփոխումներ տարբեր ոլորտներում, որպեսզի հայ օջախներում մեծանան անհոգ և առողջ երեխաներ և բոլոր կանանց մաղթում եմ ընտանեկան անսպառ ջերմություն, առողջություն, թող լինեն միշտ սիրված ու գնահատված, գեղեցիկ ու երջանիկ: Թող հայ կանայք միշտ նեցուկ լինեն իրենց ամուսիններին և հավատարիմ իրենց հայ կին լինելու կոչմանը: Ես երախտապարտ եմ,որ այս երկրում կան  բարի մարդիկ և գնահատում, հասկանում ու օգնում են նրանց, ովքեր կարիքի մեջ են: Եկեք լինենք Աստվածային սիրով ողողված, օգտակար, հաճելի  մեր շրջապատին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter