ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ-125
08.02.2012 01:01

ՙԱրաքսից անդին մեր Ավարայրն է,
Այս ափին քո սուրբ ծննդավայրն է:
Վարդանանց ոգով` սրբազան ու վեհ,
Զորացել ես դու, Գարեգին Նժդեհ՚:
Օրը նժդեհական ոգով սկսեցին Ասկերանի շրջանի Շոշի Ս.Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանի աշակերտները` պատմության ուսուցչուհի եւ միջոցառման կազմակերպիչ Զարինե Բալայանի գլխավորությամբ: Աշակերտները զինվորական հագուստով, եռագույնի գույներով եւ պետական հիմնով բացեցին հանդիսավոր միջոցառումը:


Մեր նախնիները հրաշալի են յուրացրել չխամրող մի ճշմարտություն` ամենաարդար դատաստանն աշխարհում կայացնում են պատմությունն ու ժամանակը, խոսքը վերաբերում է պատմական ստույգ անունների, տվյալ դեպքում մեր ժողովրդի մեծ զավակի` զորավար եւ փիլիսոփա Նժդեհին, փիլիսոփա, որ ծնունդ է առել Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան փիլիսոփայական հունդից:
Աշակերտները մեծ ոգեւորությամբ ներկայացրին Նժդեհի կենսագրական բոլոր տվյալները:
Գ.Նժդեհ /Գարեգին Տեր-Հարությունյան/. ծնվել է 1886թ. հունվարի 1-ին, Նախիջեւան գավառի Կզնութ գյուղում, հոգեւորականի ընտանիքում: Նախիջեւանում ստանում է նախնական կրթությունը: Ավարտում է Թիֆլիսի միջնակարգ դպրոցը, այնտեղ էլ նա ընդունվում է ՀՀԴ շարքերը:
1902թ. մեկնում է Պետերբուրգ, ընդունվում է համալսարանի իրավաբանական բաժանմունքը: 1907թ. վերադառնում է Կովկաս: Այստեղ ակտիվորեն մասնակցում է ազգային-ազատագրական շարժմանը, որի համար էլ ձերբակալվում է, եւ 1911թ. ազատվելով` մեկնում է Բուլղարիա: Այնտեղ Անդրանիկի հետ կազմավորում են հայկական կամավորական գունդը: 1918թ. մայիսին Նժդեհի գործուն մասնակցությամբ կազմակերպվեց Ղարաքիլիսայի ճակատամարտը, որի հաղթանակը փրկեց Արեւելյան Հայաստանը բնաջնջումից:
Այդ նույն ժամանակ Զանգեզուրում ստեղծվել էր ծանր իրավիճակ` թուրքական եւ ադրբեջանական բանակները շտապում էին դեպի Սյունիք:
ՙՇտապի'ր, զորավա'ր, շտապի'ր, բազմագլուխ թշնամիդ է գալիս` խոշտանգելու եւ հոշոտելու Սյունիք աշխարհը՚:
Լեռնահայաստանի նորագույն պատմության մեջ Նժդեհը կմնա որպես եզակի դեմք: Նա դարձավ այն կենտրոնաձիգ ուժը, որն իր կազմակերպչական եւ ռազմական տաղանդի շնորհիվ կարողացավ առաջին իսկ օրվանից իր վրա հրավիրել ժողովրդի ուշադրությունը, որի ազատության համար 2 տարի շարունակ կռվեց եւ նրան առաջնորդեց փառահեղ հաղթանակների. Հայկական լեռնաշխարհի երեսից սրբեց մոտ 200 թշնամի գյուղեր:
Ցեղակրոն որդիդ` վրեժի ծարավ,
Հայոց քաջերին ետեւից տարավ,
Աժդահա լեռը` Խուստուփն է կանչում,
Հայկական ոգին էր ձեզ մարտ ուղեկցում:
ՙԱռաջնորդվել եմ Մամիկոնյանների ուխտով: Հավատքի եւ պաշտամունքիս տաճարում միշտ էլ առաջին տեղը հատկացված են եղել Աստծուն եւ Հայրենիքիս: Իմ սրբազան ցավը, կորուստը, կարոտը, ուրախությունները, իմ գոյության իմաստը, իմ անմահությունը եղել է Հայաստանը՚,- ասել է մեծն զորավարը:
1920-1921թթ. Նժդեհը ազատագրեց ողջ Զանգեզուրը, իսկ համազանգեզուրյան 1-ին եւ 2-րդ համագումարները հռչակեցին այդ տարածքների ինքնավարությունը` որպես անկախ Լեռնահայաստան: ՙԽուստուփյան արծվի՚ մեկ ճախրանքն անգամ բավական էր հակառակորդին բարոյապես ոչնչանալու համար:
1921թ. նա խորհրդային իշխանությունների հորդորներից հետո վայր է դնում զենքը եւ հեռանում է Պարսկաստան, այնուհետեւ Թավրիզ, հետո մեկնում է Եգիպտոս, այնտեղից Բուլղարիա, իսկ հետո` ԱՄՆ:
Երկրորդ համաշխարհայինի տարիներին եւս նա ծավալեց ակտիվ քաղաքական գործունեություն, նա կանխազգում էր այն վտանգը, որը սպառնում էր հայ ժողովրդին:
Որպես խոշոր ՙհակակոմունիստ՚` 1945թ. նրան ձերբակալում են: Տանում են Մոսկվա, ապա Երեւան: Նժդեհին դատապարտում են 25 տարվա ազատազրկման: Երեք տարի Երեւանի բանտում մնալուց հետո նրան տանում են Ռուսաստան` Վլադիմիրի բանտ: Բանտի տարիներին նա չի հրաժարվում իր նվիրական գաղափարներից եւ Հայաստանը ազատագրելու ծրագրերից: Նժդեհին տեղափոխում են Սիբիր, որտեղ պայմաններն ավելի դաժան էին, ուր նա թաշկինակի մեջ փաթաթած հայրենի հողից համբուրելով հայրենիքի կարոտն էր առնում:
1955թ. Նժդեհը մահանում է Սիբիրի Թայշետ բանտում: Կտակին համազոր գրությամբ նա խնդրել էր մահից հետո իր մարմինը, շորերը, թղթերն ու ժամացույցը եղբորը հանձնել եւ թաղել Հայաստանում:
Նժդեհից որպես հուշ մնաց մի հուշարձան` Բոստոնում, եւ մի երգ` ժողովրդի մեջ: Նժդեհի մահվան լուրը ցնցեց ամերիկահայությանը: Բոստոնում երիտասարդ դաշնակցության ջանքերով կանգնեցվեց սպարապետի կիսանդրին: Դեռեւս 1920թ. դիմելով հայ ժողովրդին` Նժդեհը գրել է.ՙԵրբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երեւա ե'ւ Կապանը, ե'ւ Գինոսը, ե'ւ Գողթանը, ե'ւ Գեղվաձորը՚:
1983թ. հոկտեմբերի 6-ին հայ մտավորականների մի խումբ Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխեց Հայաստան, իսկ նրա աջը` որպես մասունք, ամփոփեց Խուստուփ լեռան լանջին: 1992թ. մարտի 30-ին Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբեք չուներ:
Միջոցառմանը հայրենասիրական շունչ եւ ավիշ էին ներարկում ազգագրական երգերը` աշակերտների կատարմամբ, որոնց աչքերում խոսում էր հպարտություն, հայրենասիրություն եւ Նժդեհի կիսատ գործը շարունակելու պատանեկան պատրաստակամություն:
ՙՓոքրիկ Նժդեհիկները՚ տոգորված էին Նժդեհի ասույթներով: Արտասանում էին եւ գիտակցում նժդեհյան բառերի արժեքն ու նշանակությունը. ՙԾարավ ես, կոտորվում ես, կողոպտվում ես, կախ է գլուխդ, խոնարհ է ճակատդ, մեջքդ երկտակված, պատվիդ տերը չես առանց գաղափարի եւ վեհության, սողում ես, խաբված ես, դու ես մեղավոր, որովհետեւ թույլ ես… Թուլությունը ծնված է սնելու ուժը: Ուժն է ծնում իրավունքը: Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը եւ ամեն ինչ…՚:
ՙԳործը քո սուրբ էր, երկնքից օրհնված,
Պատգամդ լսեց հայ ազգդ փրկված,
Արյան կաթիլներ կդառնան վարդեր,
Ճակատիդ պսակ, հաղթանակ` Նժդեհ՚: Այս բառերով էլ ավարտվեց Նժդեհի 125-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որի մեջ ամփոփված էր հերոսը եւ իր անցած ուղին:
Մարիամ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱրՊՀ լրագրության 2-րդ կուրս

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter