ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ` ԲԱՐՁՐ ՈՒ ՎԵՀ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ |
14.03.2017 13:38 |
Մարտի 9-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն իր աշխատասենյակում ընդունեց Այգեստանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մարատ Բարսեղյանին, ով 2017 թվականի փետրվարի 23-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքում մասնակցելով MMA (խառը մենամարտեր) մարզաձևի աշխարհի առաջնությանը՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Սերգեյ Գրիգորյանը կարևորել է Մարատի մեծ նվաճումը՝ համեմատելով այն սահմանապահ զինվորների ամենօրյա սխրագործությունների հետ։ -Սիրելի՛ Մարատ, քո ձեռքբերումը միայն քեզ չի պատկանում, այլև ամբողջ շրջանին ու հանրապետությանը, որի հանդեպ մենք՝ Արցախ աշխարհի պատասխանատուներս չենք կարող անտարբեր մնալ։ Մեծ հպարտություն է, երբ շրջանում նպատակասլաց ու հայրենասեր սերունդ է մեծանում, ով ջանք ու եռանդ չի խնայում Հայրենիքի փառքն ու պատիվը բարձունքների հասցնելու համար։ Քո ու քեզ նման Հայրենիքի նվիրյալների շնորհիվ է, որ հայ ազգն աշխարհին ներկայանում է իր լավագույն կողմերով,- ասաց Ս. Գրիգորյանը Մարատին հանձնելով դրամական պարգև և խառը մենամարտի մարզիկի դիմանկարը՝ իր նվաճումները փաստող ֆոնին։ Սերգեյ Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց օգնել, աջակցել Մարատին ցանկացած հարցում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ։ Մարատ Բարսեղյանը ծնվել է 2000 թվականի մարտի 8-ին ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում։ Սպորտով սկսել է զբաղվել դեռ վաղ մանկուց։ Նրա առաջին մարզիչն իր հայրն է եղել, ով մինչ այսօր էլ չի դադարում պարապել նրա հետ։ Տեղափոխվելով Արցախ՝ 10 տարեկանից սկսել է զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով՝ մարզիչ Էդուարդ Ավանեսյանի մոտ։ Բազմաթիվ մրցումների է նա մասնակցել ՀՀ-ում և ՌԴ-ում ՝ զբաղեցրել 1-ին և 2-րդ մրցանակային տեղերը, արժանացել մեդալների և պատվոգրերի։ MMH (խառը մենամարտեր) մարզաձևով սկսել է զբաղվել 2015 թվականից։ Արցախում կայացած համանուն առաջնությանը Մարատը դարձել է չեմպիոն, իսկ Հայաստանի առաջնությանը՝ գրավել 2-րդ պատվավոր հորիզոնականը։ Մարատի եղբայր Վասակն էր զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով։ Իսկ 2014-ից մարզիչ Գարեգին Աղաբալյանի մոտ սկսել է զբաղվել MMA մարզաձևով։ Վասակը բազմիցս ÂÂÂ արժանացել է ԼՂՀ առաջնությունների չեմպիմոնի կոչմանը, ՀՀ առաջնություններում երկու անգամ զբաղեցրել է 1-ին տեղը։ Մասնակցելով միջազգային համանուն մրցումներին՝ նվաճել է պատվավոր 1-ին հորիզոնականը։ Եղբայրները բազում երազանքներ ունեն՝ կապված ընտրած մարզաձևի հետ։ Այժմ նրանք ուժերի գերլարումով գիշեր ու զօր մարզվում են, առջևում մեծ երազանք ունեն պահած՝ դառնալ աշխարհի չեմպիոն՝ գլխավերևում բարձր պահելով հայոց եռագույնը։ Չինական ասացվածքն ասում է՝ հայրերը ծառեր են տնկում, զավակները զովանում են դրանց ստվերում: Ըստ իս, հայոց արծիվ զավակները զորացնում են իրենց հայրերի տնկած ծառերն ու ամեն մի նվաճումով հայրենասիրության խոր ու անսասան արմատներ ձգելով հայրենի հողում։ Մարատ և Վասակ եղբայրներն արդեն իսկ գիտակցում, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեկ անգամ ևս համոզվեցին, որ իմաստալից է հանուն հայրենիքի ու հարազատ ժողովրդի ապրած կյանքը։ Այդ նշանաբանով էլ նրանք շարունակում են իրենց ամենօրյա մարզումները՝ առջևում վառ ու անշեջ պահելով ու փայփայելով երազանքների երազանքը՝ մի օր Արցախ բերել ÂÂÂ MMA մարզաձևի չեմպիոնի տիտղոսը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |