ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԿՆՈՋ ՈՒՂՂԱԿԻ ԹԵՐԻ ԿԼԻՆԵՐ |
16.03.2017 18:15 |
Կինն արվեստ է, գեղեցկության խորհրդանիշ: Եթե չասենք, որ կինն արևից է ստեղծվել, ապա պետք է ասենք, որ կնոջ աչքերի առեղծվածների ակունքն արևն է: Կինն արևից է առել վառելու, կայծակելու և ջերմացնելու հզոր կարողությունները: Նրա մեջ են մարմնավորված երկու վսեմագույն կերտվածքները՝ մայրությունն ու գեղեցկությունը: Առաջինը խորին ակնածանք է իր մեջ կրում, իսկ երկրորդը՝ ապրեցնող մի զգացում, որ կոչվում է սեր: Մարտի 16-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց տոնական միջոցառում նվիրված կանանց միամսյա տոնին: Դա տոն էր մեծարման, սիրո, գեղեցկության ու մայրության: Միջոցառումը կազմակերպել էր Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Ասկերանի §Բերդ¦ համույթի երգիչ Սասուն Սարդարյանը. -Ինչի մասին էլ խոսելու լինենք, արդյունքում լինելու է գովք կնոջը, քանզի այսօր կանանց տոնն է, իսկ կինն Աստծո ամենագեղեցիկ ստեղծագործությունն է, նա կյանքի առանցքն է, սեր է և սրբություն: Մեծարել կնոջը՝ նշանակում է մեծարել մեր ժողովրդին, փառաբանել մեր ազգը, քանզի ազգը կնոջ շնորհիվ է հարատևում: Հերոս է հայ կինը. նա ապրում և ապրեցնում է, նրա դաստիարակությունն է բազում հաղթանակներ կերտողը: Հիասքանչ կատարումներով հանդես եկաÝ §Բերդ¦ համույթի մենակատարները: Երգացանկը պարուրված էր սիրով և ջերմությամբ: Հոգեզմայլ երգերի շարանը մի յուրահատուկ քնքշություն էր հաղորդում ներկաներին: Դահլիճում յուրաքանչյուր կին իրեն շոյված և գնահատված էր զգում: Երգերի ամեն մի տողում գարնան գեղեցկությունն էր, մոր և կնոջ մեծարումն ու փառաբանումը: Իսկ հաղորդավարի խոսքերն այնքա՜ն ջերմ էին ու անքա՜ն մեղմ£ §Կին ասելիս քնքշանում ես, դառնում հլու…և հույզերի հորձանքը պարուրում է քեզ, ու սիրտդ սկսում է երգել ու երգել…¦: Կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը շնորհավորելով կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ՝ միաժամանակ նշեց. -Հիրավի, ճիշտ է ասված, որ աշխարհի բոլոր գեղեցկությունները խամրում են կնոջ մեծազոր գեղեցկության առաջ: Եվ բնությունն անգամ առանց կնոջ ուղղակի թերի կլիներ: Կինն իր տեսակի մեջ անկրկնելի է, անգերազանցելի, յուրօրինակ և ինքնատիպ: Գեղեցիկի, նրբության, ամրության, նվիրվածության մարմնացում է կինը: Նա ամենաթույլն ու ամենաուժեղն է բնության մեջ: Կտրվելով առօրյա հոգսերից՝ մենք կարողացանք բավականություն ստանալ և լինել արժևորված: Շնորհակալությունս եմ ուղղում միջոցառման հովանավոր Յաշա Աղաջանյանին և մեր համույթին այսպիսի հիանալի պահեր մեզ պարգևելու համար: Ինչ խոսք, Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնը հաճելի անակնկալ էր մատուցել Ասկերան քաղաքի կանանց: Մասնակիցները բարձր տրամադրությամբ և միևնույն մտքով տոգորված հեռացան դահլիճից. թող Արցախ աշխարհում խաղաղություն լինի, բոլոր մայրերը՝ ուրախ ու երջանիկ, իսկ այսպիսի իմաստալից և ընդօրինակելի միջոցառումները՝ շարունակական… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |