Արցախում Սահմանադրության ընդունումից հետո համայնքների խոշորացման հարցը դարձել է օրակարգային, եւ տեղական ինքնակառավարման ոլորտում համաշխարհային արդյունավետ փորձը ուսումնասիրելու նպատակով քննարկումներ են ընթանում ինչպես կառավարությունում, այնպես էլ՝ խորհրդարանում։ Ազգային ժողովի պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդակցությունում, որին ներկա էին ԼՂՀ
խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ այլ պաշտոնյաներ, քննության են առնվել տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման խնդիրները։ Անդրադարձ է եղել նաեւ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Համայնքների միավորման համակարգն Արցախում ներդնելու աշխատանքներին էր ուղղված եւ կառավարությունում կազմակերպված հանդիպումը, որտեղ ներկայացվել է համայնքների խոշորացման հայաստանյան մոդելը։ Ըստ պարոն Լոքյանի, նախկին 140—ի փոխարեն այսօր Հայաստանում կա 18 խոշորացված համայնք։ Նոր Սահմանադրությամբ պայմանավորված, խոշորացման նման գործընթաց է ակնկալվում եւ Արցախում։ Ասել է թե՝ վարչատարածքային միավորները դառնում են համայնքներ, եւ 7 շրջանի փոխարեն հանրապետության տարածքում գործելու է 7 համայնք՝ համայնքային իշխանություն։ Միակ տարբերությունն այն է, որ նախկինում, եթե գյուղապետն ընտրվում էր համայնքի անդամների կողմից, ապա այսուհետեւ շրջանի վարչական ղեկավարը նշանակվելու է, ով պարտադիր հիշյալ բնակավայրի բնակիչ պիտի լինի։ Դ. Լոքյանի հավաստմամբ, համայնքների խոշորացումը չի բերելու հաստիքների կրճատման, այլ պարզապես դրանք §հայտնվելու են խոշորացույցի տակ¦ եւ գործելու են ըստ անհրաժեշտության։ Խոշորացված համայնքն ինքն է որոշելու, թե ինչ հաստիքներ են պետք եւ ինչպիսի ծառայություններ են անհրաժեշտ բնակչությանը։ Անդրադառնալով համայնքների միավորման եւ համայնքների ծառայությունների կանոնակարգման առավելություններին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը մասնավորապես ընդգծում է բյուջեի մեծացման, գյուղական բնակավայրերի հասանելիության ապահովման, ֆինանսական միջոցների ճշգրիտ ծախսման հանգամանքը։ §Յուրաքանչյուր առանձին համայնք դեռեւս ի վիճակի չէ ունենալու իր զարգացման ծրագրերը, իսկ մշակված այս մեխանիզմը բոլոր համայնքներին հնարավորություն կտա առաջնորդվել հստակ ամրագրված ծրագրերով¦,-կարծում է պարոն Լոքյանը։ Ուշագրավ է, որ խորհրդատվություններում ծավալված քննարկումներն առնչվում են մեկ այլ խնդրի եւս։ Նոր Սահմանադրությունից հետո Արցախի Հանրապետության շուրջ 60 համայնքում լրացել կամ առաջիկայում կլրանա համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետը, եւ փաստորեն նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է ծագում։ Ընտրություններն անցկացնել նախորդ սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներո՞վ, թե՞ նոր փոփոխություններ կատարել։ §Առանցքային այս խնդիրն առաջարկվել է 20 օրվա ժամկետում քննարկել տեղերում՝ վարչակազմերի պատասխանատուների մասնակցությամբ։ Փոփոխությունների արդյունքում՝ վարչակազմի ղեկավարի պաշտոն այլեւս չի լինելու, քանի որ վարչակազմերը կլինեն խոշոր շրջանային միավորներ, որոնք կվերածվեն համայնքների¦,-պարզաբանում է նախարարը։ Ըստ Լոքյանի, համայնքների խոշորացման հետ կապված, Արցախն ունի իր առանձնահատկությունները, եւ համայնքների միավորման համակարգի գործունեությունը դժվար գործընթաց է ենթադրում։ Դա պայմանավորված է եւ այն իրողությամբ, որ հանրապետությունում քիչ չէ փոքր բնակավայրերի թիվը։ §Պետությունը զգալի ծախսեր է կատարում այդ համայնքների պահպանման համար։ Մինչդեռ այդ գումարները կարելի է օգտագործել զարգացման ծրագրերի իրագործման նպատակով,-կարծում է նախարարը։-Փորձը ցույց է տալիս, որ միավորման պարագայում համայնքային բյուջեում 1/3—ի ավելացում է գոյանում, ինչը թույլ է տալիս բացառապես ուղղելու զարգացման ծրագրերին։ Դա առավել արդյունավետ կարելի է օգտագործել Արցախի պայմաններում, քանի որ բնակավայրերը փոքր են ու իրարից հեռու եւ, բնականաբար, ապահովված չեն լիարժեք ենթակառույցներով։ Մինչդեռ միավորման դեպքում համայնքը կդառնա այդ բնակավայրերի հասանելիությունն ապահովող կառավարման գործոնը, այդ գյուղերի զարգացման երաշխավորն ու պատասխանատուն¦։ Հավելենք, որ առաջիկայում նախատեսվում է պատրաստել օրենքների փաթեթներ՝ վարչատարածքային փոփոխության, ֆինանսական համահարթեցման, տեղական ինքնակառավարման մասին, որոնց ընդունումը մինչեւ սեպտեմբեր կապահովի այդ բարեփոխումների սահուն իրագործումն Արցախում։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|