ՔԱՋԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՔԱՋԵՐՆ ԵՆ
22.03.2017 12:47

Մարտի 21-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում նշվեց Արցախյան ազատամարտի նվիրյալ, դպրոցի շրջանավարտ, ապա ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Միքայել Սարուխանի Արզումանյանի ծննդյան 50-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր։ Մինչ միջոցառման սկսելը դահլիճում ուսուցիչները մտերմիկ զրույցի էին բռնվել վերհիշելով իրենց հիանալի, ուսման գերազանցիկ աշակերտ, ապա գործընկեր

դարձած Միքայել Արզումանյանին։ Հիշողություններն անչափ շատ էին ու մեկը մյուսից վառ։

Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ, փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը։ Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ §Մեկ վայրկյան հոտնկայս լռություն¦ բանաստեղծական տողերի ներքո ներկաները հարգեցին Հայրենիքի ազատության համար մղված պայքարում իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը։

Աիդա Գյանջումյանը ներկայացրեց հերոսի անցած կարճ, սակայն իմաստալից կյանքը։ 1967թ. մարտի 21-ին Արզումանյանների գերդասանում ծնվեց երրորդ արու զավակը՝ Միքայելը։ Նա հասակ էր առնում մի ընտանիքում, ուր տիրում էր համատարած սերն ու հարգանքը մեկը մյուսի հանդեպ, ուր բարձր էր դասվում սերն առ Հայրենիք։

Բարձր առաջադիմությամբ ավարտելով Ասկերանի միջնակարգ դպրոցը, ընդունվեց Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1991 թվականին որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատանքի անցավ հարազատ կրթօջախում։ Իր համեստ ու հավասարակշռված բնավորությամբ նա միանգամից վայելեց ուսուցիչների և աշակերտների համակրանքը։ Գիտեր, որ դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլև կարճ ժամանակի խելացի օգտագործում։ Հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում էր Միքայել Արզումանյանը։ Կնոջ՝ Ալիսայի հետ միասին դասավանդում էին դպրոցում, ու անկարելի էր չնկատել նրա հոգատարությունը, նրբանկատությունը և զգայունությունը, որոնք Ալիսայի մեջ արթնացրեցին հավերժական սիրո ծիլեր։

Ասում են, հայրենիքների գոյությունը միշտ էլ պայմանավորված է եղել նրանց համար ամեն վայրկյան մեռնելու պատրաստ երդվյալների գոյությամբ։ Երբ վտանգվեց Հայրենիքի սահմանների անդորրը՝ Միքայելը բազմաթիվ հայրենասերների հետ զինվորագրվեց հայրենիքի փրկության սուրբ գործին։ Երբեմնի §խաղաղասեր հարևանը¦ երդվյալ թշնամի է դարձել, իսկ Խոջալուն սեպի պես խրվել հայկական բնակավայրերի արանքում։ Կտրված էր կապը Ստեփանակերտի հետ, որտեղ հասնելու համար ստիպված էինք կտրել-անցնել սարեր ու ձորեր։ Խոջալուն ազատագրելու փայլուն ռազմագործողությանը ներգրավված էր նաև Ասկերանի վաշտը։ Տղաների մի մասը հսկում էին Լաչին-ղույի հատվածը։ Այստեղ էին նաև Միքայել և Յաշա եղբայրները, ովքեր մինչև արյան վերջին կաթիլը պայքարեցին, պաշտպանեցին իրենց վստահված հատվածը՝ թույլ չտալով դավադիր թշնամուն քայլ անգամ առաջ անցնել։ Եղբայրները բաց ճակատով ընդառաջ գնացին մահվան՝ փառքով պսակելով իրենց անունները Հայրենիքի նվիրյալների շարքերում։ Դա 1992-ի փետրվարի 26-ն էր։

Միքայելն այդպես էլ չհասցրեց տեսնել, վայելել առաջնեկի՝ Նորայի ծնունդը, որին այնքան սպասում էր։ Լուսեղեն, հրաշք աղջիկն այդպես էլ չկարողացավ հայրիկ ասել հայրիկ բառին փափագող հորը։ Այսօր Միքայելի ընտանիքն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն նրա դուստրն ամբողջ հոգով կապված է իր ծննդավայրին։ Ու հաճախ մորը հիշեցնելով հեռվում թողած Հայրենիքի մասին ասում է՝ Հայրիկ քեզնով աշխարհն է Հայրենիք դառնում։

Միքայել Արզումանյանը հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։

Ներկաների հետ համադասարանցի, մտերիմ ընկեր Միքայելի մասին հուշերով կիսվեց Արմեն Հովսեփյանը։ Նա խոր ակնածանքով ու ափսոսանքով նշեց, որ լավագույն ընկերոջ մասին անչափ դժվար է անցյալ ժամանակով խոսելը։

-Միքայելի հետ են անցել իմ կյանքի լավագույն տարիները՝ մանկությունն ու պատանեկությունը։ Մենք անբաժան էինք. դպրոցում միասին էինք, դասերից հետո էլ սիրում էինք բերդի մոտակայքում գտնվող խաղադաշտում ֆուտբոլ խաղալ։ Միշան (նրան մտերմաբար այդպես էինք կոչում) ուսման մեջ առաջադեմ էր, ընկերասեր, միշտ պատրաստ օգնելու, ուղղորդելու։ Նա նաև սպորտի մեծ սիրահար էր, հրաշալի ֆուտբոլ էր խաղում։ Անմնացորդ նվիրված էր այն ամենին, ինչն իրեն շրջապատում էր։ Եվ պատահական չէ, որ վտանգված Հայրենիքի փրկությանը ելավ առաջիններից մեկը,- ասաց Ա. Հովսեփյանը պատմելով, թե ինչպես իրենց առաջին ուսուցչուհի Եփրաքսյա Կարապետյանը շրջում էր տուն առ տուն տեսնելու, թե աշակերտներից ով ինչով է զբաղված։ - Ու հենց ընկեր Կարապետյանի մայրական գորովանքով ու սիրով շրջապատված, մենք սկսեցինք ճանաչել մեզ ու մեր Հայրենիքը։ Հայրենիքը, որ փրկագինը շատ թանկ արժեցավ մեզ համար։ Մեր ազնվագույն տղաները կյանքի գնով փրկեցին այն՝ սերունդներին կտակելով ազատ ու անկախ Հայրենիք։

Ակնածանքով ու միաժամանակ հպարտությամը էր լեցուն Միքայելի ֆիզիկայի ուսուցիչ, ու միաժամանակ գործընկեր Էդիկ Գաբրիելյանի սրտի խոսքը։

-Երբ տեղեկացա, որ մեր դպրոցի լավագույն (բոլոր կողմերից) աշակերտներից մեկը՝ Միքայելը դասավանդելու է դպրոցում հպարտությանս չափ չկար։ Այդ տարիներին դպրոցում 14-15 տղամարդ ուսուցիչ կար և մեր շարքերը համալրեցին Ազատն ու Միքայելը։ Դպրոցում պարբերաբար մարզական միջոցառումներ էին կազմակերպվում, ուր ներգրավված էին երիտասարդ ուսուցչիները, ովքեր իրենց անսպառ եռանդով համակում էին բոլորին։ Սկիզբ առած արցախյան Շարժումն իր հորձանուտն առավ հայրենիքին նվիրյալ զավակներին։ Կենսախինդ ու անհոգ երիտասարդները մտախոհ դարձան ու անվարան կցվեցին Հայրենիքի ազատության սուրբ գործին։ Ասում են՝ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։ Դա թերևս քաջ գիտակցում էին նաև Միքայելն ու Ազատը, ով Ասկերանի առաջին զոհը դարձավ։ Անչափ ծանր էր մեծ կորստի հետ համակերպվելը։ Միքայելը փառքով անցավ իր բաժին մարտական ճանապարհը, ու փառքով պսակեց իր անունը հավիտենության գրկում։ Այժմ իմ դասաժամերին ես հոգու պարտքն եմ համարում պատմել մեր քաջ ու հերոս տղաների մասին, որպեսզի սերունդներն իմանան, թե ինչպիսի հայրենասերներ ու նվիրյալներ են ուսում ստացել ու իրենց մանկավարժական գործունեությունը ծավալել այս դպրոցում։

Էդիկ Գաբրիելյանը նաև առաջարկությամբ հանդես եկավ դպրոցի զոհված ուսուցիչների անուններով դասարաններ կոչել։

-Մեծ ցավ ու խոր կսկիծ եմ զգում, երբ արտասնում եմ §Նա կդառնար 50 տարեկան¦։ Ծննդյան հոբելյան՝ առանց հոբելյարի։ Միքայելն առանձնակի հարգանքով էր վերաբերվում իր ուսուցիներին։ Համեստ, միշտ կոկիկ հագնված, խոսքը կշռադատված։ Այդպիսինն էր նա։ Ցավոք, շատ կարճ տևեց նրա մանկավարժական գործունեությունը։ Արցախահայության համար օրհասական պահին նա ցած դրեց գրիչն ու մատյանը, վերցրեց ինքնաձիգը և §Գիտակցված մահն անմահություն է¦ կարգախոսը շուրթերին ելավ պայքարի։ Ավա՜ղ, մենք կորցրեցինք մեր լավագույն տղաներից մեկին ևս,- ասաց դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, ապա շրջվելով դեպի հերոսի դիմանկարը արտաբերեց՝ շնորհավոր 50-ամյա հոբելյանդ, սիրելի՛ գործընկեր։

Անչափ հուզիչ էր Միքայել Արզումանյանի աշակերտուհի, այժմ դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանի սրտից բխող հուշերը՝ սիրելի ուսուցչի մասին։

-Ընդամենը երեք ամիս հասցրեց մեզ դասավանդել ընկեր Արզումանյանը, սակայն կարողացավ մեր մանկական ուղեղին հասցնել մի պարզ ճշմարտություն՝ Жизнь дается человеку только один раз. И прожить ее нужно так, чтобы небыло мучительно больно за бесцельно прожитые годы. Այդպիսին էր նա՝ նվիրյալ ուսուցիչ ու նվիրյալ հայրենասեր, ով ապրեց կարճ, կրակոտ ու իմաստալից կյանքով։ Նա ներկա ու ապագա սերունդների խաչմերուկում կամուրջ դարձավ, հայրենասիրության վառ օրինակ։

Միքայել Արզումանյանի մարտական ընկեր Արմեն Գասպարյանը վերհիշեց 1992 թվականի փետրվարյան ցուրտ ու դաժան այն չարբաստիկ օրը, երբ Միքայելի հայրը՝ Սարուխանը հանեց բաճկոնն ու հագցրեց Խոջալուի փախստական երեխաներին, որոնց համար միջանցք էին բացել Կարկառի հովտով։ Ի՞նչ իմանար գթառատ հայրը, որ ժամեր անց սիրասուն զավակներին՝ Յաշային ու Միշային ապարդյուն փնտրելու են, փնտրելու են ու այլևս չեն գտնելու ողջերի մեջ…

-Այժմ, երբ Նորա մայրիկն ու Միքայելի միակ դուստրը գալիս են Արցախ, ինձ թվում է, թե Միշան է վերադարձել և ամեն կերպ ուզում եմ նրանց այցն Արցախ թեկուզ և մի քանի ժամով երկարի,- ասաց Ա. Գասպարյանը։

Վերջում Ռուսաստանի Դաշնությունից տեսակապի միջոցով միջոցառման կազմակերպիչներին իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Միքայելի մայրը՝ Նորա մայրիկը։ Նա մեծ հուզմունքով ու հպարտությամբ էր լցվել, երբ տեղեկացել էր, որ սիրասուն զավակին մեծարելու, ծննդյան 50-ամյա հոբելյանը նշելու ցերեկույթ են կազմակերպել դպրոցում։ Այո, անհնար է ստեղծել ապագան, ուրանալով անցյալը։ Դա էին փաստում երախտագիտությամբ լցված Նորա մայրիկի հոգեմաշ ու վշտալից աչքերը։

Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ցուցադրվում էին Միքայելի կյանքին ու գործունեությանը վերաբերող լուսանկարներ։ Իսկ ելույթներն ընդհատվում էին դպրոցի աշակերտների հայրենասիրական բանաստեղծությունների և երգերի գեղեցիկ կատարումներով։ Նրանցից յուրաքանչյուրը քաջ գիտակցում էր օրվա խորհուրդը՝ քաջերի սերունդները քաջերն են, և, որ Հայրենիքը նաև իրենք են ու հայրենասիրությունը վեր է ամեն ինչից։

Հուշ ցերեկույթն ավարտվեց §Դե ելե՛ք, տղե՛ք, ձեր հոգուն մեռնեմ¦. կապիտանի, զինվորի ու հոգևորականի երգով՝ նվիրված Հայոց բանակին, որը մեծ վարպետությամբ կատարեցին Ն զորամասի զինվոր Արմենը, դպրոցի աշակերտներ Լեոնն ու Գեորգին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter