ԱՊԱՀՈՎԵՆՔ ՆԵՐԿԱ ՈՒ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՆ |
28.03.2017 15:14 |
§ԲԵՐԴ¦ թերթի պատասխանատու քարտուղար Անահիտ Պետրոսյանի հարցազրույցը Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանի հետ
-Պարոն Մելքումյան, ինչպիսի՞ն էր 2016 թվականը շրջանի համար։ -2016 թվականին Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատանքային գործունեությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում գործող օրենքներին, կառավարության որոշումներին համապատասխան և ուղղված էր շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, շրջանում հասարակական-քաղաքական կայուն իրավիճակի պահպանմանը, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ու կենսամակարդակի բարձրացմանը: Ինչպես նախորդ տարիներին այնպես էլ 2016-ին շրջանում առաջընթաց է արձանագրվել բոլոր ճյուղերում։ Նախ կներկայացնեմ վիճակագրական տվյալներ բնակչության թվաքանակի վերաբերյալ, որից ակնհայտ նկատվում է առաջընացը։ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 18248 մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 128-ով, ծնվել է 323 մարդ, նախորդ տարվա 312-ի դիմաց, գրանցվել՝ 113 ամուսնություն, որը 14-ով ավելի է 2015 թվականի ցուցանիշից: Այժմ կներկայացնեմ առաջընթացն ըստ ոլորտների. 2016թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 14 մլրդ 195 մլն 436 հազար 590 դրամ, այդ թվում բուսաբուծությունում` 8 մլրդ 175 մլն 794 հազար 990 դրամ, անասնապահությունում` 6 մլրդ 19 մլն 641 հազար 600 դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական համախառն արտադրության աճը կազմել է 5.1 տոկոս: 2016թ. շրջանում առաջին անգամ արտադրվել է 29648 տոննա հացահատիկային մշակաբույսերի բերք, միջին բերքատվությունը կազմել է 25 ց/հա: Նախորդ տարվա համեմատ հացահատիկի արտադրությունը ավելացել է 4648 տոննայով, արտադրվել է 3742 տոննա բանջարեղեն, 350 տոննա խաղող, 911 տոննա կարտոֆիլ: Մթերվել է 152 տոննա արքայանարինջ, 1178 տոննա նուռ, որոնք նախորդ տարվա ծավալները գերազանցել են համապատասխանաբար 42 և 17 տոկոսով: 2016թվականին որոշակի աշխատանքներ են տարվել առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Ոռոգման համակարգի կաթիլային եղանակը հիմնված է շրջանի Ասկերան, Իվանյան և Բերքաձոր համայնքներում` ընդամենը 23.5 հա, ընթացքի մեջ է 66 հա Խրամորթի համայնքում: Շրջանի մի շարք համայնքներում այգիների ոռոգման կաթիլային համակարգի հիմնադրման համար հայտավորված է շուրջ 133.2 հա։ Գործընթացը շարունակվում է: 2016թ. պետական բյուջեի շրջանի ֆինանսավորումը կազմել է 1 միլիարդ 716 մլն 922 հազար, որը նախորդ տարվա ֆինանսավորման համեմատ ավել է 14 մլն 198 հազար դրամով, իսկ համայնքների բյուջեներով նախատեսված 147 մլն 279 հազար դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 142 մլն 575 հազար դրամ կամ սեփական եկամուտների հավաքագրման առաջադրանքը կատարվել է 96.8 տոկոսով` նախորդ տարվա 92.8 տոկոսի դիմաց, սեփական եկամուտների հավաքագրման պլանը գերակատարել է 34 համայնք: Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են ընդհանուր 527.7 մլն դրամի չափով քաղաքաշինական աշխատանքներ, որից բնակարանային շինարարություն՝ 198.9 մլն դրամ, կրթության ոլորտ՝ 39.9 մլն դրամ, մշակույթի և սպորտի ոլորտ՝ 39.7 մլն դրամ, հասարակական նշանակության օբյեկտներ՝ 54.9 մլն դրամ, ջրամատակարարում և ոռոգում 45 մլն դրամ, ավտոճանապարհների վերակառուցում, վերանորոգում և պահպանում 91.3 մլն դրամ, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորվող օբյեկտներ՝ 58 մլն դրամ։ Շահագործման է հանձնվել Իվանյանի մանկապարտեզի շենքը, վերակառուցվել է Ասկերան քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի հ. 10ա բազմաբնակարան շենքի տանիքը, Ծաղկաշատ, Նախիջևանիկ ու Վարդաձոր գյուղերի ջրամատակարարման ներքին ցանցերը, բարեկարգվել է Ասկերանի քաղաքային զբոսայգու տարածքը, կառուցվել է նոր խաղահրապարակ: Ընթացքի մեջ են Ասկերան քաղաքի արվեստի դպրոցի շենքի, Սարուշենի և Նորագյուղի մանկապարտեզների, Իվանյանի համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները, նախատեսվում է Խնձրիստանի ու Քռասնու համայնքային կենտրոնների և Ուղտասար համայնքի դպրոցական շենքերի կառուցումը, իսկ աղետից տուժած բնակելի տների վերականգնմանը աջակցելու նպատակով, օգնության կարգով, թվով 98 ընտանիքների տրամադրվել է համապատասխան շինանյութ` 15 մլն դրամ գումարի չափով: Համայնքների ղեկավարների, շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի հետ համագործակցության արդյունքում դպրոցահասակ տարիքի երեխաները լրիվությամբ ընդգրկվել են ուսումնական հաստատություններում, շրջանում գործում է 32 հանրակրթական դպրոց, որից 24-ը՝ միջնակարգ, 8-ը՝ հիմնական, գործում է նաև 6 մասնաճյուղ դպրոց: Աշակերտների թիվը շրջանում 2370 է, որը նախորդ տարվա համեմատ ավել է 31-ով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դպրոցականների օլիմպիադայի կազմակերպմանը։ 2015-2016 ուսումնական տարում օլիմպիադայի շրջանային փուլին մասնակցել է 295 աշակերտ, մասնակիցներից 47-ն իրավունք է ստացել մասնակցելու հանրապետական փուլին: Շրջանը հանրապետությունում զբաղեցրել է 3-րդ տեղը: 2016թ. կազմակերպվել և անցկացվել է շրջանային մարզական 11 առաջնություն, որոնց արդյունքներից կազմվել են հավաքական թիմեր և մասնակցել հանրապետական առաջնություններին՝ գրավելով առաջնակարգ մրցանակային տեղեր։ Մշակույթի և երիտասադրության բաժնում ևս առկա են դրական տեղաշարժեր։ Կազմակերպվող միջոցառումների քանակական ու որակական կողմերով հաջողություններ և ձեռքբերումներ են արձանագրվել հանրապետական մշակութային մրցույթյուններում։ §Մշակութային խաչմերուկ¦ մրցույթում շրջանի համայնքները տարբեր անվանակարգերով զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը, իսկ Աստղաշենի համայնքը արժանացել է §Լավագույն գյուղական մշակութային համայնք¦ անվանակարգին: 2016թ. զգալի աշխատանքներ են իրականացվել պետական նպաստների նշանակման ու վճարման գործընթացի բարելավման ուղղությամբ, շարունակվել է պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման գործընթացը, որը շրջանում կազմել է 415 մլն 193 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 20 մլն 9 հազար դրամով, հատկացված նյութական և ֆինանսական միջոցները սահմանված կարգով տրամադրվել են տարբեր սոցիալական խմբերին պատկանող անձանց, շրջվարչակազմ դիմած 96 քաղաքացիների հատկացվել է 2 մլն դրամի ֆինանսական օգնություն: Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ բնակչության սոցիալական առանձին խմբերին պատկանող 570 քաղաքացիների վճարվել է միանվագ օգնություն 23մլն 260 հազար դրամի չափով: Արձանագրված հաջողություններ կարելի թվարկել նաև այլ ոլորտներում, բայց եկենք բավարարվենք այսքանով, ես կցանկանայի առանձնացնել մեկ կարևոր փաստ, որ բոլոր հաջողությունների հիմքը կոլեկտիվ և համախմբված աշխատանքի արդյունք է, ինչը համակարգվել է շրջվարչակազմի ղեկավար պարոն Գրիգորյանի կողմից: -Ավարտվեցին համայնքների ղեկավարների 2016 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետու ժողովները։ Ի՞նչ թերություններ ու բացթողումներ են գրանցվել համայնքներում։ -Մինչ հաշվետու ժողովներին անցնելը՝ մի քանի խոսք տարածքային կառավարման մասին։ Շրջանում տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը 2016թ. Իրականացվել է ԼՂՀ նախագահի §Շրջաններում պետական կառավարման մասին¦ հրամանագրի և §Տեղական ինքնակառավարման մասին¦ ԼՂՀ օրենքի պահանջներով: Շրջվարչակազմի ղեկավարի կողմից կատարվել է քաղաքացիների 420 ընդունելություն` նախորդ տարվա 395-ի դիմաց, քննության առվել՝ 413 դիմում: §Տեղական ինքնակառավարման մասին¦ օրենքի պահանջների կատարման նպատակով աշխատանքներ են տարվել ավագանու նիստերի հրավիրման ժամկետների պահպանման, ընդունված որոշումները օրենքով սահմանված ժամկետում շրջվարչակազմ ներկայացնելու և ընդունված իրավական ակտերի հրապարակայնության ապահովման ուղղությամբ: Շրջանի համայնքներում կայացվել ավագանու 316 նիստ և 51 ընդհանուր ժողով, որոնցում քննարկվել է 961 հարց: §Տեղական ինքնակառավարման մասին¦ ԼՂՀ օրենքի 80-րդ հոդվածի պահանջների և ԼՂՀ կառավարության կողմից հաստատված աշխատանքային ծրագրի համաձայն շրջանի բոլոր համայնքներում իրականացվել է վարչական հսկողություն: Ստուգումների արդյունքներով կազմվել են համապատասխան տեղեկանքներ և ներկայացվել ԼՂՀ կառավարության աշխատակազմ: Հետևողական աշխատանքներ են տարվել տեղական ինքնակառավարման մարմիններում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ: 2017թ. փետրվար ամսում անցկացվել են համայնքների ղեկավարների հաշվետու ժողովները և բնակչությանն են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2016թ. կատարած աշխատանքները, իսկ բնակչության կողմից արված առաջարկություններն ու դիտողություններն ընդհանրացվել են շրվարչակազմում, հրավիրվել խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատու աշխատողների ու հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Շրջանային մակարդակում լուծվող հարցերի առնչությամբ շրջվարչակազմի ղեկավարի կողմից տրվել են հաձնարարականներ ու սահմանվել ժամկետներª հարցերի լուծման ուղղությամբ, իսկ վերադասի կողմից լուծում պահանջվող հարցերÝ ուղարկվել են ԼՂՀ կառավարություն: -Ի՞նչ անելիքներ ու ծրագրեր կան կապված 2017-ի հետ։ -Ձեռքբերումների հետ մեկտեղ շրջանում կան որոշակի խնդիրներ, որոնք, համոզված եմ, ևս կգտնեն իրենց դրական լուծումները` մեր համախմբված ու նպատակասլաց աշխատանքի արդյունքում: Ինչպես նախորդ տարիներին այնպես էլ 2017թ. շրջվարչակազմի աշխատակազմի գործնեությունը իրականացվում է տարվա աշխատանքային ու հիմնական միջոցառումների պլանների համաձայն, որոնցից կցանկանայի առանձնացնել սահմանադրական բարեփոխումներն ու Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպումը: Շրջանում առկա պոտենցիալ հնարավորություններն արդյունավետ օգտագործելով՝ մեր բոլոր ջանքերը պետք է նպատակաուղղվեն ԼՂՀ կառավարության կողմից գյուղատնտեսական արտադրության ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն ու գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացմանը: -Պարոն Մելքումյան, որպես նախկին զինվորական ի՞նչ կասեք 2016թ. ապրիլյան պատերազմի մասին։ -Շրջանի բնակչությունը քաջ գիտակցում է, որ այսօր էլ մեր բանակը Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորն է: 2016թ. ապրիլյան դեպքերից անմասն չի մնացել նաև Ասկերանի շրջանը։ Պաշտպանության բանակի հետ համագործակցության շրջանակներում իրականցվել են մի շարք միջոցառումներ։ Զորահավաքի կազմակերպման ուղղությամբ համապատասխան աջակցություն է ցուցաբերվել տարածքային զինկոմիսարիատին։ Վերանորոգվել են Աղդամ - Ուղտասար, Խրամորթ - Արմենակավան ռազմավարական նշանակության ճանապարհները: Զինապարտների հաշվառման, զինվորական ծառայության նախապատրաստման, զորակոչի կազմակերպման և պատանիներին զորակոչային տեղամասերում կցագրման ու զորահավաքի կազմակերպման մասով իրենց առջև դրված խնդիրները ամենայն պատասխանատվությամբ են կատարել շրջանի համայնքների ղեկավարները: Ցավոք, ապրիլյան պատերազմում մենք ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ։ Անկախ նրանից, որ թշնամին կրել է տասնապատիկ ավելի շատ կորուստ։ Հակառակորդը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ով է ինքը և ինչ է ուզում: Թշնամին թերագնահատեց մեզ՝ կարծում էր, թե փոխվել է բանակը, սերունդը: Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և քաջարի տղաների շնորհիվ պահպանվեց մեր պետականությունը, ծնվեցին նոր հերոսներ։ Մեր առավելությունը հոգեբանական ոլորտում է և մեր ոգին անհամեմատ բարձր է։ Ապրիլ ամիսը ցույց տվեց, որ մենք Արցախում ապրելու իրավունք և կարողություն ունենք: Մեր մարտահրավերը շարունակում է մնալ խաղաղության և անվտանգության ապահովումը։ Մենք պետք է լինենք զգոն, որովհետև Ադրբեջանը չի վերանայում իր մոտեցումները։ Որպես նախկին զինվորական կավելացնեմ՝ եթե ուզում էս ապրել խաղաղությամբ, ապա պատրաստվիր պատերազմի։ -Իսկ ի՞նչ կասեք տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասին։
-Շրջվարչակազմում համագործակցված աշխատանքներ են տարվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ, ապահովվել է նրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Հանրային իրազեկումը` շրջվարչակազմի աշխատանքային ծրագրի մաս է կազմում և կոչված է հիմնականում լուսաբանելու այդ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, գործընթացները և դրանց արդյունքում սպասվող ակնկալիքներն ու ձեռքբերումները։ Հաշվետու տարում շրջվարչակազմի գործունեությունը լուսաբանվել է շրջանային §Բերդ¦ և §Ազատ Արցախ¦ հանրապետական թերթերում, ինչպես նաև berd-press.info ինտերնետային կայքէջում։ Շարունակվել է համագործակցությունը այլ լրատվամիջոցների հետ։ Շրջանում իրականացվող կարևորագույն իրադարձությունների մասին հաղորդումներ են տեղադրվել Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերում: - Վերջում մեր ավանդական հարցը. Ի՞նչ կմաղթեիք շրջանի բնակիչներին։ -Խաղաղություն ու միայն խաղաղություն։ Տքնաջան ու նպատակասլաց աշխատանքի արդյունքում կարելի շատ բաների հասնել, իսկ առանց կայուն խաղաղության ի չիք են դառնում բոլոր ծրագրերը։ Շրջանի բնակիչներն իրենց համախմբվածությամբ ու նվիրվածությամբ Հայրենիքի համար օրհասական պահին մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք են այս հողերի լիիրավ տերն ու տիրակալը, և կարող են իրենց կամքը թելադրել դարավոր թշնամուն։ Գործենք, արարենք միասնակամ ու միասնաբար՝ ապահովելով ներկա ու գալիք սերունդների բարեկեցիկ ապագան։ Վստահեցնում եմ, որ այսուհետ ևս կիրականացնենք հնարավորին ամեն ինչ` հանուն Արցախի Հանրապետության կայացման ու հզորացման:
|