ԱՆՑՅԱԼԻ ՀՈՒՇԵՐԸ ՍՐՏՈՒՄ՝ ԱՊԱԳԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ |
30.03.2017 09:46 |
Հիրավի, մեծ երջանկություն է ապրել մի երկրում, որտեղ բարձր է բարոյականության և ընտանեկան արժեքների ոգին: Իսկ այն պահելու և սերնդեսերունդ փոխանցելու պարտականությունը կրելու մեծ պատիվն ընկած է հայ կնոջ փխրուն ուսերին: Ճիշտ է ասված, որ հայ կինը յուրահատուկ է իր էությամբ: Անսահման նուրբ, հեզ, ազնիվ, համեստ, միաժամանակ՝ ուժեղ, տոկուն և հայրենասեր…Ահա, իսկական հայուհու կերպարը: Միթե, հայ կինը չէ, որ հավատարիմ մնալով ի վերուստ սահմանված՝ մայր լինելու առաքելությանը, միշտ էլ կարողացել է ուժ ու եռանդ հաղորդել տղամարդուն և պայքարել նրա հետ միասին… Իսկ Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայուհին անձնվեր է, նվիրված և խիզախության մեջ չունի իր մրցակիցը: Այդ անվախ հայուհիներից մեկն էլ Կարինե Անդրանիկի Բաղդասարյանն է, ով ծնվել է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում, իսկ այսօր ապրում է Ասկերան քաղաքում: Երբ սկսվեց Արցախյան պայքարը, Կարինեն ընդամենը 19 տարեկան անմեղ մի աղջնակ էր: Նա ապրում էր երազների գունավոր աշխարհում, վայելում ծնողների անհուն սերն ու խանդաղատանքը: Պատանեկան նրա հոգին այնքա՜ն երազանքներ ուներ, այնքա՜ն իղձեր, որ պիտի իրականություն դառնային…Հինգ զավակներ էին մեծանում ու դաստիարակվում Բաղդասարյանների համերաշխ ընտանիքում: Ապրում էին երջանիկ, անհոգ և ուրախ: Կարինեի պատանեկան հիշողությունները, որ այսօր նա սիրով պատմում է մեզ, կախարդական հեքիաթներ էին հիշեցնում, որտեղ չար մարդիկ տեղ չունեին. իրենց գյուղն էր՝ աննկարագրելի բնությամբ, հայրենի տունը՝ իր յուրահատուկ բուրմունքով ու ջերմությամբ… Սակայն նենգ մարդիկ չցանկացան, որ հայը հանգիստ ապրի իր օջախում, ստեղծի, շենանա…Հայն ստիպված զենք վերցրեց իր ազատության, անկախության և գոյատևման համար: Վերցրեց…ու հաղթեց…Սակայն այդ հաղթանակը ծանր գին ունեցավ մեր ժողովրդի համար… …Հայաստանից կամավորական խմբեր էին հերթափոխով ժամանում և հաճախակի հանգրվանում հյուրասեր Անդրանիկ Բաղդասարյանի շեն օջախում: Նրանց և այս ընտանիքի միջև ստեղծվել էր առանձնահատուկ մի կապ, որն արդեն դժվար էր կտրել: Կարինեն շատ բան իմացավ այդ մարդկանցից, նա մասնակցում էր ավագ եղբայրների զրույցներին, ծանր ու թեթև անում լսածը: Գիշերները թաքուն հետևում էր անցուդարձին, արդեն կորցրել էր հանգիստ քունը: Լլրիվությամբ փոխվել էին նրա գաղափարները, մոլեգնել էր աղջկա երիտասարդ հոգին: 1990 թվականի դեկտեմբերի 13-էր: Անդրանիկ Բաղդասարյանը, որ գյուղի այն հազվադեպ մարդկանցից էր, որ հանձն էր առել պաշտպանել Արանզամին գյուղի կաթնամթերային ֆերման, իր ամենօրյա պարտականությունների մեջ էր: Հանկարծ ադրբեջանցի 10 գրոհայիններ, զինված ավտոմատներով և այլ զենքերով, Աղդամի տարածքից հարձակվում են ֆերմայի վրա: Փորձելով գողանալ անասունները, թուրք ելուզակները անողոքաբար սպանում են Կարինեի հորը, ով փորձում էր մի կերպ պաշտպանել ֆերման ավերումից: Սակայն ոսոխը քիչ համարեց հայի մահը, իր ազգին բնորոշ վայրենությամբ՝ ապականեց դիակը: Կարինեն իր Ալյոշա եղբոր հետ լցվեց վրեժխնդրությամբ: Այլևս նա դեռատի աղջնակ չէր, ով պետք է տանը օջախ վառեր, ճաշ եփեր և տնային գործերում մորն օգներ: Նա դարձել էր նվիրյալ ազատամարտիկ և եղբոր հետ մշտապես գնում էր դիրքերը հերթապահության: Կարինեի հայրը գյուղի առաջին զոհն էր, իսկ ինչ իմանային, որ երկրորդ զոհն էլ այս ընտանիքից էր լինելու: Ճակատագիրը որքա՜ն անողոք է, որքա՜ն անարդար…Խոջալուի ազատագրման համար մարտեր էին ընթանում: 1992 թվականի փետրվարի 27-էր: Ալյոշան թուրք գերիների վրա հերթապահ էր: Հանկարծ իմաց են տալիս, որ անտառում թուրք են տեսել և չեն կարողանում բռնել: Ալյոշան անմիջապես վազում է դեպի անտառ՝ թուրքին բռնելու: Կարինեն լսելով լուրը՝ ևս վազում է դեպի գյուղամեջ: Ճանապարհին նա հանդիպում է գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարին, խնդրում է ասել եղբոր տեղը: Հենց այդ պահին լուր է գալիս, որ անտառում ծանր վիրավոր կա, և պատգարակ է հարկավոր: Կարինեի սիրտը հանգիստ չէր գտնում, նա զգում է, որ եղբորն ինչ որ բան է պատահել: Այդ վայրկյանին նրա գլխում մի միտք էր. եղբայրս թող ծանր վիրավոր լինի, առանց ոտքի, կամ ձեռքի՝ միայն թե ողջ լինի: Ես կխնամեմ նրան, կփայփայեմ… Կարինեն տղաների հետ վազելով հասնում է անտառ և այնտեղ տեսնում սպանված եղբորը: Իսկ չորս համագյուղացիներ ծեծում էին գերի վերցրած թուրքին: Ցավով և ցասումով պատված քույրն անվարան վերցնում է եղբոր լիցքավորված ավտոմատը և 30 գնդակները պարպում թուրքի գլխին: Ավարտվեց Կարինեի պատանեկությունը, նա ասես մեծացավ մի քանի տարով և առհավետ լցվեց վրեժով: Կորստի ցավն անողոք էր, ծանր: Կարինեի հարազատները մի կերպ համակերպվեցին ճակատագրին, չէ որ նրանք շատ բախտակիցներ ունեին: Ողջ Արցախն էր պատվել արյունով և կսկիծով: Հարկավոր էր տոկալ…սպասել և ժամանակը միգուցե կբուժեր արյունոտ վերքերը: Կարինեի մայրը, որ հարազատ գյուղի ավիրումից հետո մի կերպ հասել էր Ռուսաստան և ապրում էր ավագ որդու հետ, հանկարծակի մահացավ: Մեծ դժվարությամբ որդին մոր աճյունը հասցրեց հայրական գյուղ և կատարեց մոր վերջին խնդրանքը: Վերջապես մայրը ամուսնու և որդու կողքին էր… Այսօր Կարինեն չորս զավակների մայր է, ապրում է նրանցով և հպարտանում իր զավակներով: Նայում է երեխաների աչքերի մեջ և այնտեղ տեսնում իր ապագան, իր եղբոր ապագան…Իսկ սրտում այնքա՜ն ցավ, այնքա՜ն վիշտ ունի թաքցրած: Անցյալի հուշերը հետապնդում, սակայն արդեն ոգեպնդում են նրան. ամեն ինչ լավ է լինելու, Արցախիս ապագան պայծառ ու խաղաղ է լինելու… Խիզախ հայուհին ՀՀ երկրապահ կամավորականների միության անդամ է, Ղարաբաղյան պատերազմի վետերան: Նա արժանացել է ՀՀ ԶՈՒ Հոբելյանական մեդալի, պարգևատրվել է պատվոգրերով: Վարդաձորցիները հաճախ են տեսնում Կարինեին հոր և եղբոր գերեզմանների կողքին գլխիկոր կանգնած: Որպես վեհ պարտականություն՝ նա այցելում, թարմ ծաղիկներ է դնում հարազատների շիրիմներին: Աղոթքի խոսքեր է մրմնջում, մեղմիկ զրուցում նրանց հետ, կիսվում առօրյա հոգսերով: Հայրն ու եղբայրը բարի ու անխոս հայացքով երջանկություն են մաղթում Կարինեին և ասում.-<<Մի վհատվի՛ր, մեր թրվռուն Կարինե՛, փորձիր մոռանալ անցյալի դառը հուշերը, ապրի՛ր ներկայով, կերտի՛ր ապագադ, զավակներիդ ապագան: Դու խիզախ ես, գիտե՛նք, ամեն ինչի կդիմանաս: Մենք անմահացանք, որ սերունդներն ապրեն անհոգ, ուրախ և ապահով>>… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|