ՀՈՒՇԱՐՁԱՆ - ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՈՒՄ ՀՈՎՍԵՓԱՎԱՆՈՒՄ
10.04.2017 11:03

Ապրիլի 5-ին Ասկերանի շրջանի Հովսեփավանի Յուրի Ջհանգիրյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ հուշարձան-ցայտաղբյուրի բացման հանդիսավոր արարողություն։ Հուշաղբյուրը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների անմար հիշատակին, որն իր անձնական նախաձեռնությամբ ու միջոցներով կանգնեցրել է հովսեփավանցի Վլադիմիր Սարգսի Գասպարյանը։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, համայնքի

հասարակությունը՝ ղեկավար Խաչատուր Պետրոսյանի գլխավորությամբ։

Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Գրիգորյանը։

- Ուրախալի է, որ մեր շարքերում այսօր ապրում են այնպիսի մարդիկ, ովքեր գերադասում են բարոյական արժեքները ու չխնայելով նույնիսկ օրվա վաստակը՝ իրենց բարեգործ ձեռամբ հուշաղբյուրներ, կոթողներ, հուշարձաններ են կանգնեցնում։ Անցնելով բազմապիսի փորձությունների միջով մենք կարողացել ենք աշխարհին ապացուցել, որ անկոտրում է հայի ոգին, անպարտելի՝ նրա ուժը, անգնահատելիª նրա զավակների նվիրվածությունը։  Նրանք՝ տասնութ - քսան տարեկան առյուծասիրտ քաջորդիները չերկնչեցին անարգ ոսոխի արնակալ աչքերից և ոչ էլ նրա ամենավերջին մահազդու զենքերից։ Նրանք այսօր հաղթանակած մեզ են նայում ամենավեհ բարձունքից և լուռ, բայց շատ խոսուն հայացքով հասկացնում ապրողներիսª Արցախը դու ես, պինդ կանգնիր մեր արյամբ սրբացած հողին, ամուր, անսասան պահի՛ր, պաշտպանիր այն-… ասաց Անահիտ Գրիգորյանը ներկաների անունից երախտագիտության խոսք ասելով դպրոցի տնտեսվար Վլադիմիր Գասպարյանին ում նախաձեռնությամբ և անձնական միջոցներով կանգնեցվել է հուշաղբյուրը։

Ինչպես նշեց Վլադիմիր Գասպարյանը հուշաղբյուրի տեղադրումը դպրոցի բակում իր մեջ մեծ խորհուրդ է կրում՝ մատաղ սերնդի դաստիարակությունը սկսվում է դպրոցից ու տարեց-տարի բարգավաճող Հովսեփավանում ներկա ու գալիք սերունդները մշտապես կհիշեն Արցախի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիներին։

-Ապրիլյան պատերազմն իր անջնջելի հետքն է թողել արցախցիներիս սրտերում։ Զոհվեցին մեր ազգի լավագույն տղաները, որպեսզի այսօր մենք ապրենք խաղաղ երկնքի տակ։ Մեր դպրոցի յուրաքանչյուր աշակերտ մոտենալով ցայտաղբյուրին կհիշի առյուծասիրտ քաջ տղաներին, ովքեր չհասցրեցին վայելել կյանքը։ Այսօր ամեն մի փոքրիկ արցախցի արդեն հստակ գիտե, որ ինքն է ապագա զինվորն  ու պաշտպանն իր հայրենիքի և այդ մարտական ոգին մեր մեջ և ոչ մի թշնամի երբեք չի կոտրի, քանզի այն մեր արյան մեջ է,- ասաց դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Արաքսյա Գասպարյանը։

Համայնքի ղեկավար Խաչատուր Պետրոսյանը վերհիշելով ապրիլյան քառօրյա պատերազմի դառնութունները, միաժամանակ շնորհակալություն հայտնեց գյուղի բնակիչներին ճակատագրական այդ օրերին աննախադեպ համախմբվածություն ցուցաբերելու համար։ Խ. Պետրոսյանը նաև շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Գասպարյանին՝ ցուցաբերած յուրօրինակ հայրենասիրական նախաձեռնության ու կյանքի կոչման համար։

Դպրոցի ՄՊՍԿ խմբակավար Մարինե Աղաբալյանի ջանքերով ու անմնացորդ նվիրվածությամբ կազմակերպված միջոցառումը մեծ խորհուրդ էր կրում իր մեջ. աշակերտները դպրոցական նստարանից պիտի կարողանան սիրել հայրենիքն ու հնարավորինս իրազեկված լինեն հանուն Հայրենիքի ու հայրենասիրության մարտի ելած քաջ տղաների սխրագործությունների մասին£ Աշակերտները արտասանեցին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ծնված բանաստեղծություններ, հանդես եկան հայրենասիրական երգերի ու ասմունքի ազդեցիկ ու ոգեշնչող կատարումներով։

Այո, բարեգործ լինելու համար պարտադիր չէ նյութապես ապահովված լինել։ Իրական բարեգործությունն այն, երբ մարդ բաժին է հանում իր չունեցածից։ Հովսեփավանի բնակիչ Վլադիմիր Գասպարյանն իր անձնական միջոցներով դպրոցի բակում տեղադրելով հուշարձան-ցայտաղբյուրըª հավերժացրել է հայ ազգի նորօրյա հերոսների հիշատակը, իսկ նրանց կատարած սխրագործություններն ու հայրենասիրությունը՝ պատգամել մատաղ սերնդին։  Ապրիլյան պատերազմը ոչ միայն նոր հերոսներ ծնեց, այլև կյանքի իմաստը նորովի ընկալելու, խորապես գիտակցելու ևս մեկ առիթ դարձավ՝ Կյանքի իրական արժեքը չի չափվում մարդու ապրած տարիների կամ նրա ունեցած իրերի քանակով, այլև կատարած բարի գործերով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter