ԹՈՂ ԱՎԵԼԻ ՇԵՆԱՆԱ ՀԱՐԱԶԱՏ ԳՅՈՒՂՆ ՈՒ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԸ
10.04.2017 15:38

Ասկերանի շրջանի Խանցք գյուղը գոյություն ունի 4-րդ դարից: Գյուղը սկզբնական շրջանում էլ կոչվել է Խանցք: Ըստ ավանդության գյուղի տարածքը եղել է խաների հանգստավայր, որտեղից էլ առաջացել է գյուղի անունը: Գյուղի կենտրոնական մասում, որը կոչվում է §Եղցուն հարթ¦, գտնվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պատերի մեջ տեղակայված խաչքարի վրայի արձանագրության տվյալներով այն կառուցվել է 1230 թվականին: Գյուղի բնակչությունը հոգ է տանում սրբավայրը մաքուր և բարեկարգ պահելու համար, իսկ այնտեղ մոմ վառելն ու հայ ժողովրդի խաղաղության համար աղոթելը սուրբ պարտականություն է յուրաքանչյուր խանցքեցու համար:
Խանցքը շրջապատված է ղարաբաղյան կուսական և փարթամ անտառներով, որոնք շատ հարուստ են բուսական և կենդանական աշխարհով: Անտառներում աճում են համարյա բոլոր տեսակի ծառեր ու թփեր: Հարուստ ու բազմազան է նաև կենդանական աշխարհը: Անտառներում կարելի է հանդիպել արջ, եղջերու, վայրի խոզ, նապաստակ և այլն:
Բնության մեջ ապրող և արարող Խանցքի ժողովուրդը բարի, աշխատասեր և հայրենասեր ժողովուրդ է: Իսկ ղարաբաղյան հյուրասիրությունը նրանց համար մի յուրահատուկ հպարտություն է: Սիրում են հողի հետ կռիվ տալով ապրել ու բարիքներ ստեղծել: Իսկ ինչպիսի՜ պարծանքով են դրանք ներկայացնում հյուրերին. ամեն ինչ անարատ և բնական…
Վերջերս առիթ եղավ լինելու արցախյան հրաշալի այդ գյուղում և ավելի մոտիկից ծանոթանալ համայնքի նիստ ու կացին, հաջողություններին և մտահոգող խնդիրներին: Պարզ և արևոտ օր էր: Երբ մտանք գյուղ, մեզ գրավեցին կանոնավոր մշակված բանջարանոցները, որտեղ մարդիկ, ասես, ինքնամոռաց աշխատում էին: Հավանաբար զրուցում էին հարազատ հողի հետ, խնդրում բերքառատ լինել: Չէ որ այս հողն է նրանց կերակրողը: Մեր ուշադրությունը գրավեց մի տատիկ, որ մտքերի մեջ խորասուզված քաղհան էր անում: Մոտեցանք, բարևեցինք, որպիսություն հարցրեցինք…Այնքա՜ն բարություն տեսանք նրա զառամյալ աչքերում և այնքա՜ն հույսի շողեր…Աշխույժ և անկեղծ զրույց սկսվեց մեր միջև: Ծեր կինը և՛ խոսում էր, և՛ ծանոթացնում մեզ իր ձեռքերով ստեղծած բանջարանոցի հետ: Համոզված է այս տարի լավ բերք է լինելու: Մեկիկ-մեկիկ ցույց տալով մեզ իր այգու պտղատու ծառերը՝ նա անթաքույց ուրախությամբ է լցվում. այս ծառերն իրենից հետո էլ են այսպես հպարտ և կանգուն մնալու, ապագա սերունդների համար է ստեղծել, ապագա պայծառ կյանքի…
Գյուղամիջով քայլելով և մարդկանց հետ անկաշկանդ զրուցելով հասանք համայնքային կենտրոն: Իսկ մեզ ուղեկցում էին նաև գյուղի մանուկները: Զարմանքից և հետաքրքրությունից լայն բացված նրանց աչքերում այնքա՜ն անմեղություն և այնքա՜ն մաքրություն կար: Միթե սա չէ իսկական երջանկությունը, միթե մարդ արարած այստեղ իրեն լիիարավ տեր չի զգում…Այս փոքրիկ համայնքում յուրաքանչյուր ոք տեր է իր անարատ հողին ու անմահական ջրին…
Խանցքի համայնքային կենտրոնի նոր, հարմարավետ շենքն անմիջապես աչք է շոյում: Գեղեցիկ և լուսավոր շենքում տեղակայված է նոր մշակույթի տունը, գրադարանը, հանդիսությունների սրահը: 2015 թվականին գյուղում մեծ շուքով նշվել է համայնքային կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը կառուցվել էր §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համատեղ միջոցներով:
Համայնքը 1998 թվականից ղեկավարում է Զորիկ Հարությունյանը: Մի մարդ, ով երիտասարդ տարիքից, ինչպես ամեն մի հայորդի, անդամագրվել է Ղարաբաղյան շարժմանը և ակտիվորեն մասնակցել պատերազմական գործողություններին: Իսկ պատերազմն ավարտվելուց հետո, ընտանիք է կազմել և հաստատուն որոշում կայացրել՝ երբեք չլքել հարազատ գյուղը:
Համայնքի մասին խոսելով՝ Զորիկ Հարությունյանը կարևորեց և ողջունեց այն փաստը, որ գյուղից արտահոսք չի արձանագրվում:
Մի քանի հարցերով դիմեցինք համայնքի ղեկավարին:
-Պարոն Հարությունյան, համայնքի աշխատակազմը կարողանո՞ւմ է կատարել իր առջև դրված աշխատանքները:
-Համայնքի ամենացավոտ հարցը հարկերի հավաքագրումն է: 2016 թվականին կատարվել են համապատասխան միջոցառումներ, որպեսզի համայնքի բոլոր հարկատուները ժամանակին մարեն հարկերը: Բավականին աշխատանքներ են տարվել ֆինանսատնտեսական գործունեության ուղղությամբ: 2016 թվականին բյուջեն կատարվել է 100 տոկոսով: Տեղական բյուջեի եկամտային մասը կազմել է 1169.6 դրամ, ծախսային մասը՝ 5712.1 դրամ, պետության կողմից տրվող դոտացիան կազմել է 4544.3 դրամ: Համայնքի աշխատակազմը պատասխանատվությամբ է կատարում իր աշխատանքները: Շեշտեմ նաև, որ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է մշակույթի տան գործունեությունը: Երիտասարդության հանգստի ճիշտ կազմակերպումը մեծ նշանակություն ունի նրանց դաստիարակության և հետագա կյանքի համար:
-Ինչպե՞ս է ընթանում գյուղի կյանքը և ինչով է զբաղվում գյուղացին:
-Բնակչությունը կապված է հարազատ հողին: Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Բերքահավաքի աշխատանքները կազմակերպվում են ժամանակին և անկորուստ: Բնակչությունն իր արտադրած գյուղմթերքը կարողանում է հասցնել Ստեփանակերտի շուկա: Բնական մթերքների պահանջը միշտ էլ կա, իսկ մեր գյուղացիներն աշխատող և ստեղծող մարդիկ են: Պետք է շեշտեմ, որ մեր համայնքում կա մի սկզբունք՝ ապրել համերաշխ և սատարել միմյանց: Հենց դա է օգնում, որ ապրենք հանգիստ, խաղաղ և վայելենք մեր ձեռքերով ստեղծածը:
-Ինչպիսի՞ միջոցառումներ են կատարվում համայնքում: Գիտենք նաև, որ ունեք բարերարներ:
- Նշեմ, որ կայուն հիմքերի վրա է համայնք-դպրոց կապը: Հիշարժան և տոն օրերին համատեղ ուժերով կազմակերպվում են հանդիսավոր միջոցառումներ, շաբաթօրյակներ: Համայնքում գործում է Կառլեն Պողոսյանի անունը կրող հիմնական դպրոց, որտեղ սովորում են 23 աշակերտներ: Բարձր դասարանների 7 աշակերտներ հաճախում են Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցը: Դպրոցում գործում է համակարգչային սենյակ, դպրոցն ապահովված է սպորտային գույքով: Լրիվությամբ վերանորոգվել է դպրոցի բակը, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում մեծ բարերար Արկադի Գաբրիելյանցին: Խանցքի հիմնական դպրոցը միշտ նրա ուշադրության կենտրոնում է: Հպարտությամբ եմ ավելացնում, որ Ամանորի նախաշեմին համագյուղացի Գեղամ Գաբրիելյանի կողմից երեխաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին բաժանվել են նվերներ: Համագյուղացի Գայանե Աբրահամյանը հանդիսությունների սրահին է նվիրել վարագույրեր և սպասք: Անշուշտ, այդ բարեգործությունները մեծ ոգևորություն են առաջացնում բնակչության մեջ:
-Իսկ ինչպիսի՞ խնդիրներ ունի համայնքը:
-Մեր առաջնահերթ խնդիրը գազաֆիկացման հարցն է, հույս ունենք, որ առաջիկայում կլուծվի այս խնդիրը: Մեծ դժվարությունների հետ է կապված ուսումը հարևան դպրոցներում շարունակելու հարցը: Ունենք շնորհաշատ աշակերտներ, ովքեր ցանկություն ունեն հաճախելու Աստղաշենի արվեստի դպրոցը, սակայն տրանսպորտ չլինելու պատճառով դա չի հաջողվում: Ուրիշ խնդիրներ համայնքը չունի:
Վառ տպավորություններով և լավատեսությամբ լցված հեռացանք Խանցքի համայնքից: Բոլորիս մի յուրահատուկ զգացողություն էր պատել. ահա իսկական արցախյան գյուղն իր վարք ու բարքով, իր նիստ ու կացով, իր աշխատասեր ու պարզ ժողովրդով:
Թող աշխարհում խաղաղություն լինի, թող յուրաքանչյուր արցախցի հեշտությամբ և խաղաղ պայմաններում վաստակի իր հացը և անի ամեն ինչ, որպեսզի ավելի շենանա հարազատ գյուղն ու Արցախ աշխարհը:


Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter