ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲԱԺՆՈՒՄ
10.04.2017 22:23

Ապրիլի 6-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի նիստերի դահլիճում կազմակերպվեց հանրակրթական դպրոցների տնօրենների, զինղեկների խորհրդակցություն, որին ներկա էր նաև շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը: Նա շնորհավորելով

կանանց տոնի առթիվ՝ նշեց.

-Այսօր հավաքվել ենք խոսելու ընթացիկ ուսումնական տարում մեր կատարած աշխատանքների, ձեռքբերումների և անելիքների մասին: Իհարկե չենք կարող չհիշել ապրիլյան պատերազմի մասին, քանզի այն անբուժելի վերքեր է թողել բոլորիս սրտերում: Այն, ինչ եղել է մեկ տարի առաջ, թող երբեք չկրկնվի: Թող ոչ մի մայր և կին այլևս արցունք չթափեն: Սիրելի՛ կանայք, եղեք միշտ երջանիկ, ժպտերես, առողջ և թող հաջողություններն ուղղորդեն բոլորիդ:

Օրակարգի առաջին հարցը դպրոցականների 2016-2017 ուսումնական տարվա օլիմպիադայի արդյունքների մասին էր, որի մասին մանրամասն տեղեկություններ ներկայացրեց բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը:

2017 թվականի հունվարի 12-ից մեկնարկեց դպրոցականների 2016-2017 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլը: Օլիմպիադայի անցկացման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսումնական 14 առարկաներին հատկացվել են առանձին օրեր, մաթեմատիկա առարկայից օլիմպիադան կազմակերպվել է 5-րդ դասարանից, բնագիտական ցիկլի առարկաների առաջադրանքները կազմվել են ՀՀ առարկայական հանձնաժողովի կողմից: Կրթության և սպորտի Ասկերանի շրջբաժինը նշված առարկաների պատասխանների լրացված ձևաթղթերը օլիմպիադայի ավարտից հետո անմիջապես ներկայացրել է ԿԳՆ: ՀՀ մասնագիտական կազմկոմիտեի որոշման համաձայն լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները մասնակցեցին հանրապետական օլիմպիադային:

Ըստ ներկայացրած հայտերի, շրջանային փուլին մասնակցելու իրավունք է վերապահվել 374 աշակերտի: Ցավալի է, որ դարձյալ ինֆորմատիկա առարկայից մասնակիցներ չկային: Բաժնի համապատասխան հրամանով ձևավորվել է կազմկոմիտե՝ 9 հոգուց բաղկացած: Հաստատվել և տեղերին է հասցվել ստուգող հանձնաժողովների կազմը, հերթապահության գրաֆիկը և օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը: Օլիմպիադային մասնակցել են 22 միջնակարգ և 6 հիմնական դպրոցների աշակերտներ, որից միջնակարգ դպրոցներից 355, իսկ հիմնականից՝ 19 աշակերտ: 18 աշակերտ բացակայել են հիվանդության պատճառով: Հանրապետական փուլին մասնակցել են Ասկերանի, Նորագյուղի, Խնապատի, Իվանյանի, Նախիջևանիկի, Խաչենի, Պատարայի, Այգեստանի, Խնածախի, Ակնաղբյուրի, Խաչմաչի, Սզնեքի միջնակարգ և Ուղտասարի, Դաշուշենի հիմնական դպրոցների 58 աշակերտ՝ 30-ը հումանտիար, իսկ 28-ը բնագիտական առարկաներից: Առաջին կարգի մրցանակի են արժանացել 1, երկրորդ կարգի՝ 4, իսկ 3-րդ կարգի՝ 6 աշակերտ: Եզրափակիչ փուլին, որը տեղի կունենան ՀՀ-ում, կմասնակցի 18 աշակերտ: 17 ակտիվ մասնակիցներ ստացել են գովասանագրեր:

Սվետլանա Ասրյանն անդրադարձավ նաև Մայրենիին նվիրված միջոցառումների արդյունքներին: Նշեց, որ շրջանի դպրոցներում պատշաճ մակարդակով կազմակերպվել են միջոցառումներ:Եվ ի կատարումն ԼՂՀ ԿԳՆ N01/40 առ 21.02.2017 թվականի հանձնարարականի՝ Մայրենիի միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման համար շնորհակալություն հայտնեց Ասկերանի, Խրամորթի, Նորագյուղի, Աստղաշենի, Սարուշենի, Խաչմաչի, Խնձրիստանի, Խնածախի, Այգեստանի, Կարմիր գյուղի, Իվանյանի, Պատարայի, Նախիջևանիկի, Սղնախի, Ակնաղբյուրի, Հարավի, Խաչենի, Շոշի միջնակարգ, Ուղտասարի, Լուսաձորի, Դաշուշենի դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին: Մայրենիի օրվան բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու և այն բարձր մակարդակով անցկացնելու համար, շրջանի Խնապատի և Ավետարանոցի հանրակրթական դպրոցների մանկավարժական կոլեկտիվների աշխատանքների արդյունքները ներկայացվել են ԼՂՀ ԿԳՆ Լեզվի տեսչություն՝ խրախուսման նպատակով:

Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կողմից հայտարարվել և անցկացվել է շարադրությունների մրցույթ: Շրջանի հանրակարթական դպրոցներից 40 գրավոր աշխատանքներ ներկայացվել են կրթության բաժին և լավագույն 12 շարադրությունները ուղարկվել են միություն:

Կազմակերպչական հարցերին անդրադարձավ կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը: Նա կարևորեց գործավարության դրվածքը և հորդորեց ցուցաբերել ճիշտ մոտեցում և պատասխանատու վերաբերմունք:

Խորհրդակցության վերջում կանանց մատուցվեց հաճելի անակնկալ: Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շնորհավորելով միամսյա գեղեցիկ տոների առթիվ և մաղթելով նրանց առողջություն, հմայք և նորանոր ձեռքբերումներ՝ հուշանվերներ և ծաղիկներ հանձնեց կին տնօրեններին: Երկարամյա մանկավարժական գործունեության, 2016-2017 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայում աշակերտների մրցանակային տեղեր գրավելու և կանանց միամսյակի առթիվ ԱՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ալվինա Հայրապետյանը, Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ռոզա Գրիգորյանը, Սզնեքի Գրիշա Միքայելյանի և Ակնաղբյուրի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Հրանուշ Աղաբեկյանը և Էվելինա Ղուլյանը:

Խնածախի միջնակարգ դպրոցի տնօրեն Գյուլչորա Արզումանյանը շնորհակալության և երախտագիտության խոսք ուղղեց շրջվարչակազմի ղեկավարին՝ ուսուցչի անխոնջ աշխատանքն արժանվույնս գնահատելու, մեծարելու համար։

Ինչ խոսք, խորհրդակցության մասնակիցները համակվել էին բարձր և տոնական տրամադրությամբ: Առանձնապես հուզված և զգացված էին կանայք: Շրջվարչակազմի ղեկավարի և կրթության բաժնի վարիչի կողմից արժանանալով նման մեծարանքի՝ ավելի մեծ պատասխանատվությամբ և սիրով նրանք կնվիրվեն մատաղ սերնդի կրթության և դաստիարակության վեհ գործին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter