ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ՀԱՐՑՈՒՄ ԹԵՐԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ |
11.04.2017 22:35 |
-Տիկին Գրիգորյան, մի փոքր պատմեք, խնդրեմ, դպրոցի առօրյայի մասին։ -Կառլ Կրաուսն ասել է. §Կրթությունը մի բան է, որը մեծամասնությունը ստանում է, շատերը փոխանցում են ուրիշներին, և միայն քչերն ունեն¦: Դպրոցն այն օջախն է, որտեղ սերունդներն ստանում են կրթություն, դաստիարակություն: Այն իր բեղմնավոր սերմերը կտա միայն այն ժամանակ, երբ այդ գործի պատասխանատուները ճիշտ կատարեն իրենց առջև դրված խնդիրները: Դպրոցի առօրյան փորձում ենք կազմակերպել այնպես, որ յուրաքանչյուրը` թե՛ աշակերտ, թե՛ ուսուցիչ կամ էլ ծնող՝ դպրոց մտնեն սիրով, հետաքրքրությամբ, ամեն օր ակնկալելով գտնել մի նոր բան, իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններ: Եվ կարծես դա ստացվում է մեզ մոտ: -Ապահովված է, դպրոցն, արդյոք, անհրաժեշտ մասնագետներով։ -Այո՛, դպրոցն ապահովված է բարձրագույն կրթությամբ անհրաժեշտ մասնագետներով: Մեծամասնությունը երիտասարդ կադրեր են և բոլորն իրենց գործը մեծ նվիրվածությամբ են կատարում: -Բազմաթիվ անգամներ ներկա ենք գտնվել Ձեր դպրոցում կազմակերպված միջոցառումներին ու ամեն անգամ նորովի բացահայտել ուսումնական հաստատության յուրաքանչյուր անդամի նվիրվածությունը։ Ձեր կարծիքով ո՞րն է այդ համախմբվածության գաղտնիքը։ -Դպրոցում բոլորս առաջնորդվում ենք մի նշանաբանով. §Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի¦: Մեզանից յուրաքանչյուրը դպրոցը համարում է իր երկրորդ ընտանիքը և եթե ընտանիքի որևէ անդամ տկար է կամ ինչ-որ խնդիր ունի, դա մնացած բոլորիս մտահոգությունն է նաև։ Նման խնդիրները լուծում են ստանում կոլեկտիվ մոտեցմամբ: Իսկ համախմբվածությունը մեծ գաղտնիք չունի, ուղղակի պետք է կարողանալ սիրել և իմանալ հարգել: -Տիկին Գրիգորյան, ի՞նչ ծրագրեր են իրականացվում դպրոցի կրթական մակարդակն ավելի բարձրացնելու համար։ -Հանրակրթության արդի ծրագրերը դպրոցը մեծ պատասխանատվությամբ է կատարում: Դրան զուգահեռ, նկատելով ժամանակակից երեխայի խնդիրներն ու աճող կարիքները, հատկապես, եթե ուզում ենք ձևավորել հաջողակ անհատականություն, ով կգիտակցի բոլոր բարոյական արժեքները` հայրենասիրությունը, ընկերասիրությունը և այլն, և որը կունենա ստեղծարար ու նորարար միտք, պետք է կարողանանք ճիշտ օգտագործելով ժամանակը, ընտրել հոգեբանական, տեղեկատվական, տեխնոլոգիական նոր մոտիվացիաներ: Դրան հասնելու համար դպրոցում օգտագործում ենք համացանցից ճիշտ օգտվելու կանոնները, կրիչ սարքերի օգնությամբ արդյունավետ դասեր վարելու մեթոդները, մանկավարժահոգեբանական զեկույցների, ընթերցումների հաճախակի կազմակերպումները: -Ի՞նչ խնդիրներ ունի դպրոցը։ -Դպրոցը նորակառույց է, գեղեցիկ, լուսավոր ու հարմարավետ դասասենյակներով: Ուսուցման գործընթացը հաճույքով կազմակերպվում է, մանավանդ, որ առկա են համակարգիչներ, համացանցը միացված է: Սակայն, մարզադահլիճ չլինելու պատճառով, անբարենպաստ եղանակների պայմաններում մարզական և ռազմահայրենասիրական պարապմունքները տուժում են: -Ինչպիսի՞ն է դպրոցի նյութատեխնիկական բազան։ - Դպրոցի նյութատեխնիկական բազան հարուստ չէ, սակայն այս պահի դրությամբ բավարարում է: Այն, ինչ շատ անհրաժեշտ է լինում` ընթացքում ձեռք ենք բերում, կամ մեր ուժերով, կամ էլ օգնություն խնդրելով ոլորտի պատասխանատուներից: -Ի՞նչ եք կարծում, դժվա՞ր է ներկայիս սերնդին հասցնել, հաղորդել այն գիտելիքը, ինչն անհրաժեշտ է։ - Ներկայիս սերունդը շատ ազատամիտ է: Ուստի նրանց անհատականության ձևավորման, ուսուցման արդյունքների, այն է` գիտելիքների, կարողությունների և հմտությունների մասին ունեցած ավանդական պատկերացումներից պետք է մի քիչ հեռանանք: Որպեսզի կարողանանք մեր աշխատանքը նպատակային կատարել, անընդհատ փնտրում ու գործածում ենք ուսումնական գործունեության ակտիվ ձևեր, նոր մեթոդներ, հնարներ, զարգացնող տարբեր վարժանքներ: Եվ փորձում ենք սովորողների մեջ փնտրել ու գտնել նրանց ուժեղ կողմերը, հենվել դրանց վրա, դրանով էլ հեշտացնել մեր գործը: -Տիկին Գրիգորյան, լինելով կին-ղեկավար, դժվա՞ր չէ համատեղել տանտիկնոջ պարտականությունները պետական աշխատողի պարտականությունների հետ։ - Հայ կնոջ կերպարն իմ իդեալն է: Կին - ազատամարտիկ, կին - քաղաքական գործիչ, կին - սպորտի վարպետ, կին - դերասան և այլն: Բոլորն էլ մայրեր են, ընտանիքի պատասխանատուներ և աշխատանքը համատեղում են անտրտունջ, հայուհուն բնորոշ նվիրվածությամբ: Ես պարտավոր եմ նրանց նման լինել: Ինքս իմ նկատմամբ շատ պահանջկոտ եմ: Եթե տանտիկին եմ, պետք է լավը լինեմ, եթե պետական աշխատող` պատասխանատու: Իսկ դրանք համատեղելու համար բավական է միայն սիրել ու նվիրվել գործին: -Լիովին համամիտ եմ։ Շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար։
Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
, |