130 ԾԱՌ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՔԱՋ ՏՂԱՆԵՐԻ |
25.04.2017 15:00 |
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ ապրիլ ամիսը շրջանում հայտարարված է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ։ Միամսյակի շրջանակներում ապրիլի 22-ին Խրամորթում կատարվեցին հուշարձանների շրջակա տարածքների բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքներին մեծ եռանդով էին կցվել գյուղացիները՝ համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Խրամորթում պարբերաբար են բարեկարգման աշխատանքներ իրականացվում, ինչը նաև համայնքի բնակիչների յուրօրինակ համախմբման ու միասնության արդյունք են։ Նույն օրը Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցավ ծառատունկ։ Համայնքի բնակիչ Արկադյա Խաչատրյանը բարեգործական հիմունքներով դպրոցին տրամադրել է 130 նռան տնկի՝ ի հիշատակ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արծիվ տղաների։ Ծառ տրամադրելու հետ մեկտեղ Ա. Խաչատրյանը ձեռնամուխ է եղել նաև ծառատունկի տարածքի բարեկարգման և հարմարեցման աշխատանքների համակարգմանը։ Ոգևորված ու հայրենասիրական բարձր ոգով համակված բարձր դասարանցիները ծառատնկման աշխատանքներին պարտքի մեծ գիտակցում էին լծվել։ Չէ՞ որ վաղն էլ նրանց է վստահվելու Հայրենիքի սահմանների պաշտպանությունը։ Իսկ իսկական տղամարդը, ինչպես արդեն համոզվել են պետք է ծառ տնկի հայրենի երկրում ու խոր արմատներ ձգի հարազատ հողում։ Քանզի սին ու դատարկ են դառնում բոլոր հայրենասիրական խոսքերը, որոնք հնչում են Հայրենիքից դուրս։ - Մեր աշակերտները նման աշխատանքներին միշտ մեծ ակտիվությամբ են մասնակցում, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենիքի պաշտպանների հիշատակը հավերժացնելուն, այստեղ խոսքերն արդեն ավելորդ են դառնում։ Դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արկադյա Խաչատրյանին նման նախաձեռնության համար,- ասաց դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը։ Ասում են՝ ոսկերիչը գիտի ոսկու գինը, իսկ ծառի գինը՝ ժողովուրդը։ Մեր քաջարի տղաների շնորհիվ հաղթել ենք պատերազմում, պետք է հաղթենք նաեւ խաղաղ ժամանակներում՝ շենացնելով, իրար սատար կանգնելով, հիշողության ծառ տնկելով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |