Վերջին օրերին հայության համար /եւ ոչ միայն/ քննարկումների գլխավոր թեման Ֆրանսիայի Սենատի` հայոց ցեղասպանությունը քրեականացնող որոշումն էր: Այն իրավամբ համարվում է Ֆրանսիայի արդարամտության հաղթանակը, որովհետեւ ընդդիմանալով Թուրքիայի ճնշումներին` ժողովրդավարության արժեքներ դավանող այս երկիրը կամքի ուժ ունեցավ ընդունելու օրինագիծը: Սենատի հիշյալ որոշումը կարելի է համարել նաեւ հայ դիվանագիտության հաղթանակը, ավելի կոնկրետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած ճկուն քաղաքականության ռեալ արդյունքը:
Փորձագետները հնարավոր են համարում հայոց ցեղասպանության այսօրինակ ճանաչման շարունակականությունը Եվրոտարածքում: Նկատենք, Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, անշուշտ նաեւ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. կողմ է քվեարկել 127 սենատոր, դեմ` 86-ը: Համաձայն ընդունված օրենքի, այսուհետեւ Ֆրանսիայում ցեղասպանությունը ժխտող յուրաքանչյուր ոք կպատժվի 1 տարվա ազատազրկմամբ եւ 45 հազար եվրո տուգանքով: Քաղաքագետներից ոմանք նման հապշտապությամբ օրինագիծն ընդունելը բացատրում են առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններով. իբր գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին դրանով իսկ ֆրանսահայերին իր կողմն է քաշել: Այս համապատկերում հատկանշական է, որ Թուրքիայում ու Ադրբեջանում մատնանշում են գործընթացի վրա հայկական լոբբիի լուրջ ազդեցությունը: Այսինքն, նրանք վախենում են հենց հայ համայքների առկայությունց, որոնք նույն հաջողությամբ կարող են ազդել եվրո-ամերիկյան երկրների իշխանությունների վրա: Իրադարձություններից, սակայն, առաջ չընկնենք, հատկապես որ աշխարհում նկատվում է պատմության վերագնահատման միտումը: Ի՞նչ կարող է անել Թուրքիան, արդյո՞ք Ֆրանսիայի հասցեին հնչող սպառնալիքներն իրականություն կդառնան: Թվում է` այս ամենն ընդամենը Թուրքիայի անզորության արտահայտություն է, որին, ի դեպ, սկսել է կապկել Ադրբեջանը: Ինչքան էլ զավեշտական, այդուհանդերձ, ակնհայտ է դառնում մի բան. հենց որ սկսվի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը, նույն Ադրբեջանը /թերեւս նաեւ` Թուրքիան/ դարձյալ վայնասուն է բարձրացնելու, օգտագործելով սպառնալիքների մեզ արդեն ծանոթ լեզուն: Ով-ով` մենք լավ ենք ճանաչում մեր պոռոտախոս հարեւանին: Կար ժամանակ, երբ աղդամցիները պարբերաբար սպառնա-լիքներ էին տեղում` հուր թափելով Ասկերանի վրա: Ո՞ւր են հիմա աղդամցիները… Մեր երախտագիտությունը հայտնելով բարեկամ Ֆրանսիային` արժանապատվորեն նախապատրաստվենք Արցախի պետականության միջազգային ճանաչմանը, որը, համոզված ենք, նույնպես չի ուշանա:
ՙԲԵՐԴ՚ |