ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
25.04.2017 21:40



Ապրիլի 23-ին Ասկերանի Փետրվարի 22-ի հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական միտինգ։ Միտինգի մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանի պատվանդանին՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված 1.5 մլն. անմեղ զոհերի հիշատակին։

Միտինգին մասնակցում էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, շրջանի Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի, Խնապատի, Այգեստանի, Խրամորթի, Նախիջևանիկի միջնակարգ դպրոցների աշակերտները՝ դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ։ Ներկաներին ողջունեց ու պահանջատիրական աննկուն ոգով բոլորին համակեց  Ալյոշա Գաբրիելյանը։ Ելույթներ ունեցան նաև Ասկերանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանն ու աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանը, ովքեր Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանությունը դատապարտելու հետ մեկտեղ խոստացան երբեք կանգ չառնել դատապարտման ու փոխհատուցման պահանջի ճանապարհին՝ մինչև արդարության հասնելը։ §Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ¦ նշանաբանով էլ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայրենիքին։

Ապա տեղի ունեցավ պահանջատիրական ջահերթ դեպի Ասկերանի բերդի մատույցները, որտեղից ջահերթի մասնակիցներն ավտոմեքենաներով տեղափոխվեցին մայրաքաղաք Ստեփանակերտ՝ միանալու Սուրբ Հակոբ եկեղեցու բակում հավաքված ջահակիրներին։

Այսօր քան երբեևէ ամբողջ աշխարհը պետք է ճանաչում և հատուցում պահանջի եղեռնագործ Թուրքիայից՝ պարտադրելով ուղղել իրենց պապերի կատարած ոճրագործությունները… Քանզի թուրքի յաթաղանից ոչ քիչ թվով ժողովուրդներ են տուժել։ Ու ցավալին էլ այն է, որ Թուրքիայի իշխանությունները շարունակելով իրենց ժխտողական քաղաքականությունը շարունակում են իրենց սպառնալիքները՝ պատմական արդարությունը վերականգնել փորձողների հանդեպ։

Ապրիլի 24-ը համազգային ու համաժողովրդական միասնության օր պիտի դառնա նաև։

Ինչպիսին էլ եղել են ժամանակներն ու բարքերը, գտնվել են հայ ազգի այնպիսի նվիրվյալներ, որոնց նվիրումի ու ազգապահպան գաղափարների շնորհիվ 20-րդ դարի հայերիս հանդեպ իրականացրված ոճրագործությունը մոռացության չի տրվել։ Ավելին, սովետական բարքերի տարիներին դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ջանքեր են պահանջվել մեր նվիրյալներից Հայոց մեծ եղեռնի հուշարձան կոթող- կանգնեցնելու համար, որն արդեն կեսդարյա պատմություն ունի։

Համոզված ենք, որ չի ուշանա նաև բաղձալի այն օրը, երբ գալիք սերունդների պահանջատիրական ոգու շնորհիվ կկարողանանք ետ բերել կորսված Հայրենիքը, ուստի այսօր այդ ոգին ամուր ու անսասան պահելու հետ մեկտեղ պետք է ավելի հզոր բանակ և հզոր Հայրենիք ունենանք։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter