ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 21 ՏԱՐԵԿԱՆ |
27.04.2017 11:47 |
Արցախի շողակաթ առավոտներից մեկն էր: Ապրիլյան արբշիռ ծաղիկների բույրերը տարածվել էր շուրջբոլոր: Դաշտերում շաղն էր շողում, մանուշակներից դրախտի նեկտար էր կաթում: Աղունիկների մի փոքրիկ երամ ուրախ ծլվլոցով գարունն էր վայելում: Մեկ ցատկոտում են, մեկ՝ ուրախ ճռվողյունով կանչում միմյանց: Ճերմակաթույր փոքրիկ մի ճուտիկ, ծաղիկը բերանին հեռու էր փախչում, որ ձեռքից չխլեն: Երկու վարուժան, փքված կեցվածքով, կռիվ են տալիս: Դիրքապահ Քյարամը նստել էր քարափին և հրճվանքով դիտում էր աղունիկների խաղը: Մի գողտրիկ ծիծաղ խաղաց նրա գունատ շուրթերին ու երանությամբ լի աչքերը հառեց վեր. -Խաղաղություն եմ ուզում իմ հայրենիքին, թռչյունների զվարթ խաղ, մանուկների ծափ ու ծիծաղ: Կարգապահ, համեստ զինվոր էր Քարամը: Սիրում էր ամենքին, բայց ամենից շատ հրամանատարին՝ Արմենակ Ուրֆանյանին: Ուր շրջվեր Արմենակը, Քյարամը կողքին էր: Արցախի խաղաղ, հուսադրող օրերը հաջորդում էին միմիանց: 2016 թվականի ապրիլի երկուսն էր: Քուն էր մտել Արցախ աշխարհը՝ ցավին անտեղյակ, դավին՝ անտարբեր: Ոճրագործ գիշերը դարան էր մտել: Դիրքապահները տարօրինակ զգացողությունից զգոնացան: Վտանգավոր լռություն էր: Մեկ էլ… կարծես երկինքը փլվեց: Դողացին աստղերը երկնքում: Փշաքաղվեցին դիրքերը պատած թփերը, ծիծեռնակները աղիողորմ ծկլթացին ծառերի սաղարթներում: Քնաթաթախ հավք ու հովեր իրար բախվեցին: Նորեն պղծվեց Հայրենիքիս անդորրը: Հրթիռների տարափից շառագունել էր երկնակամարը: -Տղանե՛ր, կրա՛կ, չկորցնեք ձեզ, աջ՛ից, ձախի՛ց կրա՛կ,-գոռում էր կապիտան Արմենակ Ուրֆանյանը: Պայքար էր… Շրջապատը դարձել էր նզովյալ գեհեն: Հայոց արծիվներն առանց վարանելու հետ էին շպրտում թուրք ոսոխներին: Արմենակի հրանոթը հանկարծակի լռեց: Քյարամը շրջվեց ու նրա լալահառաչ ճիչը խլացրեց կարկտի պես տեղացող գնդակների տարափը: Արմենակը վիրավոր էր… - Պարո՛ն կապիտան ի՞նչ եղավ: Օ՜, ո՛չ, գրողը տանի… դիմացի՛ր, շուտով օգնություն կգա, դիմացի՛ր, դու ուժեղ ես, դու կարող ես,- ողբում էր Քյարամը՝ անզորությունից թուլացած ձեռքերը քսելով սիրելի հրամանատարի վերքերին: -Քյարա՛մ,-հևալով ասաց Արմենակը,- գնա՛ ու փրկվի՛ր , գնա՛… -Ո՛չ, ո՛չ մի դեպքում, ես քեզ չեմ թողնի, այս սուրբ հողը չեմ լքի՛: Այս ինձ է վստահված, ե՛ս պիտի պաշտպանեմ,- ասաց Քյարամը՝ երկու բուռ հողը վերցնելով քսեց երեսին: Հողը խառնվել էր նրա արցունքներին ու շիթ - շիթ ծորում էր դեմքից: -Գնա՛, Քյարա՛մ Սլոյան, ես քեզ հրամայում եմ… աղաչում եմ: Մի բան եմ խնդրում՝ սիրածս աղջկան՝ Գոհարին, կասես՝ ների ինձ, որ չկարողացա իրեն երջանկացնել: Կասես՝ սևեր չհագնի, իմ տված անմոռուկը դնի գերեզմանիս ու նոր կյանք սկսի… - Ո՛չ, հիմա ես եմ քեզ հրամայում հրամանատա՛ր, վե՛ր կաց, դու պիտի ապրես, ես կգժվեմ, եթե քեզ բան պատահի,- բղավում էր Քյարամը՝ բռունցքներով խփելով գլխին: Դողալով կռացավ ու սկսեց համբուրել Արմենակի ձեռքերը: Ապա չոքեց, ձեռքերը պարզեց վեր ու սկսեց աղաչել. -Աստվածնե՛ր, վեհափառ Հիսո՛ւս, Խոդեա՛, աղաչում եմ ձեզ, փրկեք հրամանատարիս, նրա փոխարեն իմ կյանքը վերցրեք… Արմենակ Ուրֆանյանը կամաց-կամաց մարում էր: Աչքին Գոհարի տեսիլքը երևաց: Ձեռքը շարժեց, որ շոյի՝ տեսիլքն անհետացավ… Ինքն էլ հանգավ արևի վերջին շողի նման.. Փամփուշտը պատռել էր ծոցագրպանում պահած Արմենակի ու Գոհարի համատեղ լուսանկարը: Նկարը բաժան-բաժան լողում էր հերոսի արյան լճակում: Քյարամին մի պահ թվաց, թե խելագարվում է: Ինչ-որ սատանայական քրքիջ լսեց գլխավերևում: Շրջապատված են: Քյարամը վեր թռավ, ամբողջ մարմնով ծածկեց կապիտանի անշնչացած մարմինն ու բղավեց: _Գիշատիչնե՛ր, ես նրան ձեզ չեմ տա, չկրակե՛ք հրամանատարիս վրա, ի՛նձ սպանեք, բայց ո՛չ նրան,- ասաց ու գրպանից հանելով ատրճանակը, կրակեց… Անողորմ թուրքը կատաղությունից մի ողջ փամփուշտի շարան թափեց Քյարամի վրա… Քյարամի անշնչացած մարմինը գրկել էր սիրելի հրամանատարին, մնացել անշարժ՝ հավերժ հավատարիմ… Դե՛, անիծյալ թուրք, բաժանի՛ր նրանց, եթե կարող ես: Դու նրանց սպանեցիր, բայց հաղթել չկարողացար ու չես էլ կարող: Իմացա՛ծ եղիր, ոսոխ դաժան,երբ էլ գաս հայոց հողի վրա, ուսիդ շալակած պարտության ամոթը հետ ես շպրտվելու, քանզի Քյարամները, Արմենակները, Օնիկները, Գարիկները, սարի պես կանգնած են Հայրենիքի թիկունքին: Շնորհակա՛լ ենք ձեզ, եզդի՛ ժողովուրդ, որ Հայրենիքին տվել եք նվիրյալ հերոս՝ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ: Մարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ Վիտալի Պետրոսյանի անվան Նորագյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի |