ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
01.05.2017 12:53

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը։ Նիստի աշխտանքներին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների  ղեկավարներ։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր շրջանի Ակնաղբյուրի, Սղնախի, Մադաթաշենի և Մոշխմհատի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմերի գործունեությանը, որի մասին տեղեկանք  ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը։ Նշված համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքում ի հայտ բերված

թերությունները վերացնելու համար տեղերում տրվել են պարզաբանումներ, ցուցաբերվել մեթոդական օգնություն, ինչպես նաև կազմվել են համապատասխան ակտեր և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել կոնկրետ միջոցառումներ իրականացնել՝ ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների վերացնելու ուղղությամբ։ Ստուգումներն իրականացվել են քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության, ֆինանսների, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, հողօգտագործման, գործավարության և այլ բնագավառներում։

Օրակարգի հաջորդ հարցը շրջանի 2017թ. առաջին եռամսյակի համայնքային բյուջեի արդյունքների ամփոփման և հետագա խնդիրների մասին էր։ Ինչպես նշեց վարչակազմի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելլի Միրզոյանը  շրջանի 17 համայնք կատարել է համայնքային բյուջեն, իսկ ընդհանուր առմամբ հարկային եկամուտների մասով համայնքային բյուջեն կատարվել է 70.1 տոկոսով, տուրքի մասով՝ 113.9 տոկոսով, իսկ ոչ հարկային եկամուտների մասով՝ 56.7 տոկոսով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր գանձված եկամուտները նվազել են 9.2 տոկոսով։

Շրջանի անասնաբուժական ծառայության  2016 թվականին կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին տեղեկատվությամբ հանդես եկավ ծառայության տնօրեն Արթուր Ենգիբարյանը։ Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ և խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդությունները։ Եթե աֆրիկյան ժանտախտի  հետևանքով  անկվել է 441 գլուխ խոզ՝ 16795 կգ կենդանի քաշով, ապա դաբաղի վարակի դեպքում ժամանակին և նպատակային միջոցներ ձեռնարկելու արդյունքում հնարավոր եղավ զերծ մնալ կորուստներից։ Ինչպես նշեց Ա. Ենգիբարյանը, ծառայության աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կարևոր նշանակություն ունի անասնագլխաքանակի ճիշտ հաշվառումը, որից էլ կախած է բիոպրեպարատների բավարար քանակի ներմուծումը։

-Այդ նկատառումներից ելնելով համայնքների անասնաբույժները յուրաքանչյուր ամիս տեղեկություններ են ներկայացնում՝ շրջանում առկա գյուղատնտեսական կենդանիների մասին։ Ուժեղացված է նաև վերահսկողությունը, որպեսզի առանց անասնաբույժի տեղեկանքի միս և կաթնամթերք չվաճառվի։ Այս ուղղությամբ 2016 թվականին շրջանի անասնաբուժների կողմից տրվել է 1770 տեղեկանք։ Ծառայության աշխատողներն այսուհետ ևս կձեռնարկեն հնարավոր բոլոր միջոցները շրջանում անասնաբուժական սպասարկման դրվածքը բարձր հիմքերի վրա դնելու համար,- ասաց Ա. Ենգիբարյանը։

Օրակարգի հերթական հարցը վիճակագրության շրջբաժնի կողմից 2016թ. կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին էր։ Ինչպես նշեց բաժնի վարիչ Սուրեն Թովմասյանը, հաշվետու ժամանակաշրջանում ըստ նախօրոք հաստատված ցանկի և ժամանակացույցի բաժնի և ԱՎԾ համապատասխան մասնագետների հետ  համատեղ շրջանի 6 համայնքում իրականացվել են ստուգումներ՝ տնտեսական գրքերի վարման և վիճակագրական հաշվետվություններում ներկայացված տվյալների արժանահավատության վերաբերյալ։  Ստուգմամբ արձանագրված թերությունների, բացթողումների և անճշտությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան տեղեկանքներ, ցուցաբերվել է մեթոդական օգնություն։

Հերթական հարցը, որը քննարկվեց նիստում §Ասկերանի ՄՊՍԿ¦ ՊՈԱԿ տնօրեն Մերի Գաբրիելյանի ներկայացրած տեղեկանքներ էր՝ կենտրոնի կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին։  Կենտրոնում գործում է 36 խումբ, 12 անուն  խմբակ, որտեղ ընդգրկված է 380 երեխա։ Խմբակներ են գործում շրջանի  Ասկերանի, Իվանյանի Նորագյուղի, Հովսեփավանի, Պատարայի, Այգեստանի, Շոշի, Ավետարանոցի, Ակնաղբյուրի, Խնածախի, Բերքաձորի, Խնապատի համայնքներում։ Կենտրոնի սաները մասնակցում են ոչ միայն շրջանում և համայնքներում կազմակերպված, այլև հանրապետական նշանակության միջոցառումներին։   Մ. Գաբրիելյանը նշեց, որ կենտրոնը նպատակաուղղած աշխատանք է տանում պետական, ազգային և եկեղեցական տոները պատշաճ մակարդակով անցկացնելու, սաների առօրյան բովանդակալից, արդյունավետ ու հագեցած կազմակերպելու ուղղությամբ՝ նպաստելով աճող սերնդի բազմակողմանի զարգացմանը, արժեհամակարգի ձևավորմանն ու ամրապնդամանը։

Նիստում քննարկվեցին այլ հարրցեր։ Օրակարգում տեղ գտած հարցերի և տեղեկանքների շուրջ ընդունվեցին համապատասխան որոշումներ։

Վերջում Ս. Գրիգորյանը կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Վլադիմիր Ալլահվերդյանին հանձնեց Արցախի Հանրապետության Վարչապետի հուշամեդալ՝ երկարամյա անբասիր աշխատանքի և թոշակի անցնելու կապակցությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter