ԳՅՈՒՂԸ ԿԱՊՐԻ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՇԵՆԱՆԱ
01.05.2017 15:53

Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղն իր անունն ստացել է հավանաբար շատ ջրաղացներ ունենալու պատճառով: Մինչև հիմա պահպանվում են Աղաբեկանց եռաստիճան ջրաղացի, Խուջունց և Ջալալանց ջրաղացների փլատակները:

18-րդ դարի առաջին կեսին ցարական գեներալ Մադաթովը վերադառնում է հայրենի Ավետարանոց գյուղը՝ իր հետ բերելով երեք հայ եղբայրների: Նրանք բնակություն են հաստատում Ավետարանոց գյուղից մոտ երկու  կիլոմետր հեռավորության վրա: Եղբայրներից մեկը զինագործ էր, մյուսը՝ դարբին, իսկ երրորդը՝ ջրաղաց պատրաստող: Նախկինում այս գյուղն ունեցել է երեք անուն՝ Դամիրչիլար, Լուլասազ և Ջրաղացներ:

Դարերի պատմություն ունեցող գերեզմանոցի հուշաքարերի վրա գտնվող գրանցումներից կարելի է փաստել, որ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի կեսին: Գյուղի աղբյուրը կառուցվել է 1911 թվականին, իսկ 1984 թվականին այդ գյուղում ծնված և Մոսկվայում բնակվող ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Շաբո Ասլանի Մուսայելյանն իր միջոցներով գյուղի մոտ գտնվող Մելքումանց աղբյուրի ջուրը խողովակաշարով հասցրել է գյուղամեջ և նոր աղբյուր հիմնել գյունե թաղում:

Գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1882 թվականին: Հայրենական մեծ պատերազմին Ջրաղացներից մասնակցել է 36 հոգի, րավոք նրանցից 26-ը զոհվել է: Նրանց հիշատակը հավեժացնելու համար կանգնեցված է հուշարձան: Արցախյան պատերազմին մասնակցել են 20-ից ավելի ջրաղացներցիներ, 5 ազատամարտիկ իրենց կյանքն են զոհաբերել հանուն Արցախի անկախության և ազատության: Ջրաղացների բնակիչները բարձր են գնահատում տարբեր ժամանակներում հերոսացած համագյուղացիների հիշատակը: Այդ են վկայում հուշարձանների տարածքները  մշտապես մաքուր և բարեկարգ լինելու փաստը:

Այսօր համայնքի ղեկավարը երիտասարդ, աշխատելու ավյունով լեցուն Արսեն Հրանտի Հայրապետովն է, ում որոշեցի ուղղել մի քանի հարց:

-Պարոն Հայրապետով, նշեմ, որ ձեր համագյուղացիները սիրով և հարգանքով են խոսում ձեր մասին, ինչպես նաև գնահատում համայնքի համար աշխատելու ձեր պատրաստակամությունն ու մեծ եռանդը: Ինչո՞վ է ապրում և շնչում ջրաղացներցին:

-Նախ ասեմ, որ շոյված եմ իմ համագյուղացիների վերաբերմունքից և պատրաստ եմ պատվախնդրությամբ իրականացնել ինձ վստահված բոլոր պարտականությունները: Համայնքում կա 41 տնտեսություն, բնակչությունը կազմում է 133 մարդ: 2016 թվականին գյուղում ծնվել է 2 երեխա՝ ասել է, թե աճի շարժ կա, ինչն էլ ուրախացնում է մեզ:

Գյուղում գործում է մասնաճյուղ-դպրոց, բուժմանկաբարձական կետ, մշակույթի տուն և համայնքապետարան: Բոլորն էլ ապահովված են համապատասխան մասնագետներով և անհրաժեշտ պարագաներով: Գյուղը ջրամատակարարված է և գազաֆիկացված, ունենք հեռախոսակապ և ինտեռնետ:

Գյուղացիները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Մեր ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ է, համայնքում բոլորն էլ սիրում են աշխատել հողի հետ, բարիքներ ստեղծել:

-Գյուղատնատեսության ո՞ր ճյուղն են նախընտրում գյուղացիները։

-Անշուշտ, անասնապահությունը, որը հիմնական զբաղվածության ճյուղերից է հանդիսանում: 2017 թվականի  հունվարի 1-ի դրությամբ գյուղում առկա է 88 գլուխ խոշոր, 16 գլուխ մանր եղջերավոր անասուն և 720 թև թռչուն: 2016 թվականին իրացվել է 155,9 ցենտներ միս: Անասունների պրոֆիլակտիկ միջոցառումներն անասնաբույժի կողմից կատարվում են ժամանակին: Ներկա պայմաններում արգելակիչ միջոցառումներ ենք կատարում հիվանդություններ չտարածելու համար: Ասեմ, որ կառավարության կողմից նախաձեռնված գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստման դասընթացներին համայնքից գրանցվել  է 8 երիտասարդ: 2 հոգի մասնակցել են, իսկ 6-ը կմասնակցեն 2017 թվականին: Մասնակիցները կստանան հավաստագրեր և հետագայում կօգտվեն պետության կողմից տրվող աջակցությունից: Ավելացնեմ նաև, որ անասնապահության հետ մեկտեղ գյուղացիները զբաղվում են նաև հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների մշակմամբ: Սակայն այն ոչ այնքան պատշաճ մակարդակի վրա է գտնվում: Բույսերը մշակվում են ոչ ժամանակակից միջոցներով: Ներկա պայմաններում հարկավոր են նոր մոտեցումներ: Հույս ունեմ, որ համացանցում առկա նյութերի օգնությամբ գյուղացիները կծանոթանան նոր տեխնոլոգիաներին, դրանց օգտագործման կանոններին, ինչը թույլ կտա ապահովել բարձր բերքատվություն: Մեր համայնքի կլիման բարենպաստ է նաև այգեգործության համար և մտածում ենք այգիները թարմացնել և դրանք դարձնել ոռոգովի:

-Վերջին երկու տարիներին համայնքում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականցվել:

-Նախ նշեմ, որ դիմել էինք Հանրապետության վարչապետին դպրոցի շենքի արտաքին տեսքը կարգի բերելու համար և դեկտեմբեր ամսին նախատեսված գումարը փոխանցվել է: Այժմ վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: 2016 թվականին որոշակի աշխատանքներ են տարվել գյուղի գիշերային լուսավորվածությունը բարելավելու ուղղությամբ: Այդ աշխատանքները շարունակական են լինելու:Ասեմ, որ մեր առաջնահերթ հարցերից է նաև գյուղամիջյան ճանապարհի բարեկարգումը: Այս խնդիրը վերջնական լուծելու համար դիմել ենք համապատասխան մարմիններին, որպեսզի համայնքն ընդգրկվի §Համայնքների սալապատման¦  ծրագրի մեջ: Եվ 2016 թվականի նոյեմբեր ամսում մեր համայնքն ընդգրկվեց 2016-2019թթ. համայնքների գյուղամիջյան սալապատման ծրագրի մեջ:

Բարեխիղճ մարդկանց միջամտությամբ ձեռք ենք բերել հուշաղբյուր, որը կտեղադրվի մոտակա օրերին: Այն նվիրված է լինելու Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:

Ապրիլ ամսում շրջվարչակազմի ղեկավարի որոշման համաձայն համայնքում կազմակերպեցինք ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Հավելեմ, որ պարբերաբար կազմակերպում ենք շաբաթօրյակներ, որոնց պատասխանատվությամբ են մասնակցում մեր համագյուղացիները: Ի գիտություն բոլորին պետք է ասեմ, որ համայնքապետարանի նախաձեռնությամբ  ՙ§Արցախբանկ¦՚  ՓԲԸ-ում բացվել է §Ջրաղացներ¦ հիմանդրամը, որը կնպաստի համայնքի զարգացմանը և բարգավաճմանը: Մեր համագյուղացիներին և ուրիշ բնակավայրերում ապրող հայրենակիցներին կոչ եմ անում լինել ակտիվ և նախաձեռնող:

Հպարտությամբ եմ նաև նշում, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում մեր վետերաններն ու երիտասարդները համախմբված մեկնեցին առաջնագիծ և կանգնեցին մեր զինվորի կողքին:Եվ մինչև զորահավաքի վերջին օրն իրականացրեցինք մարտական հերթապահություններ: Ասեմ նաև, որ համայնքապետարանը համագործակցում է նաև դպրոցի հետ: Ապրիլ ամսում համայնքի հասարակության, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների կողմից պատրաստված ծանրոցներն ուղարկվել են մարտական դիրքեր: Համայնքում, իրոք, կատարվել են բավականին աշխատանքներ և դրանց իրականացումը տեսնում եմ մեր համագյուղացիների միասնականության և ջանասիրության շնորհիվ:

-Իսկ ինչպիսի՞ խնդիրներ ունի համայնքը:

-Արդարև, դեռ ունենք չլուծված հարցեր: Ինչպես տեղեկացրի, դրանցից որոշներն ընթացքի մեջ են: Այսօրվա դրությամբ չունենք հանդիսությունների սրահ: Միջոցառումներն անց են կացվում 1882 թվականին կառուցված եկեղեցու շենքում, որը չի համապատասխանում ներկայիս պահանջներին: Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք այդ խնդրի լուծմանը: Ունենք նաև խնդիրներ, որոնց լուծումները կարող ենք տալ բոլորս միասին: Խոսքս վերաբերում է համայնքում իրականացվող անկանոն անասնապահությանը: Առանց հսկողության մնացած, հարևան գյուղերի, ինչու չէ նաև մեր գյուղի անասունները մեծ վնաս են հասցնում հողօգտագործողներին: Անպատասխանատու անասնապահների հանդեպ պետք է խստապահանջ լինել, դրանից հետո միայն նրանք կարող են պատասխանատվություն դրսևորել: Անմխիթար վիճակում է նաև գյուղի գերեզմանոցի տարածքը, նախատեսում եմ կազմակերպել համընդհանուր մի քանի շաբաթօրյակներ:

-Վերջում մեր ավանդական հարցը՝ ի՞նչ կմաղթեք ձեր գյուղացիներին։

- Տարիների ընթացքում ձեռքբերված համախմբվածությունն ու նվիրվածությունը հարազատ գյուղին անդավաճան մնա, իսկ ծագած բոլոր հարցերում լինենք միակամ ու միասնական : Թող տարին բերքառատ լինի, երկինքը խաղաղ ու ջինջ, իսկ հարազատ Ջրաղացներում լսելի լինեն մանուկների ուրախ և անհոգ ճիչերը: Այնպես անենք, որ հարազատ հողը լքող չլինի և այն անսասան մնա մեր հաստատուն ոտքերի տակ:

Ինչ խոսք, լավատեսությամբ պարուրված և գյուղի աշխատանքներին լիովին նվիրված համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի հետ զրույցից հետո հասկացա մի պարզ ճշմարտություն. այս փոքրիկ գյուղը կապրի ու էլ ավելի կշենանա: Երիտասարդ համայնքապետը ջանք ու եռանդ չի խնայի քարը քարին դնելու, եղածը պահելու և ավելացնելու համար: Իսկ նրա հետ է մի ողջ բանակ՝ գյուղում և գյուղից դուրս ապրող յուրաքանչյուր ջրաղացներցի…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter