ՆՐԱՆՔ ԿՌՎՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ |
07.05.2017 15:52 |
Երբ մոտենում է մայիս ամիսը, ինքնին հիշում ես քո ժողովրդի տարած հաղթանակների մասին: Հիշում և հպարտանում ես…Չէ որ այդ հաղթանակների շնորհիվ կերտվում է նոր, ավելի բարգավաճ երկիր, որտեղ ստեղծվում են նորանոր ընտանիքներ, ծնվում են մանուկներ: Արցախ աշխարհը լցվում է մանկան ճիչերով, բազմերանգ և լուսավոր գույներով, իսկ ապագայի լույսն ավելի պայծառ է երևում և ստիպում արցախցիներիս ապրել միայն լավատեսությամբ տոգորված…Հիշելով փայլուն հաղթանակների մասին՝ հիշում ենք նաև պատերազմի բովով անցած մեր տղաների մասին: Այդ ճանապարհը նրանք անցել են հային վայել արժանապատիվ կեցվածքով, անցել են միայն հաղթանակի հասնելու բուռն ցանկությամբ: Ոչնչի առաջ կանգ չեն առել նրանք, նպատակը մեկն էր. Արցախը տեսնել ազատված թշնամուց, իսկ արցախցուն՝ պինդ կանգնած մայր հողի վրա: Սակայն ահավոր այդ պատերազմը, ավա՜ղ, շատ թանկ նստեց մեր ժողովրդի վրա: Մեզանից հեռացան բյուրավոր հայորդիներ, նրանք անմահացան և լուսավոր աստղեր դառնալով՝ տարիների խորքից շարունակում են հույսի լույսեր սփռել մեզ վրա: Ավա՜ղ շատ ու շատ հերոս տղաներ զոհվեցին, իսկ շատերն էլ կենդանի մնացին միայն ճակատագրի բերումով: Իսկ ինչու այդ տղաներից շատերը համեստորեն լռում և չեն շեփորահարում իրենց հայրենասիրությունը, արածն ու թողածը: Եվ ինչու են իրական հերոսներն այդքան համեստ. ահա մի հարց, որը միշտ էլ մտահոգում է բոլորիս: Գուցե նրանց հուշերն այնքան ցավոտ են և տխուր, որ չեն ցանկանում հիշեցնել տալ իրենց: Սակայն մենք պարտավոր ենք միշտ էլ հիշել ու արժևորել, և դա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է… Հոդվածիս հերոսը, ում մասին կցանկանայի գրել, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրից անդամագրվել և հետագայում մասնակցել է պատերազմական բազում գործողությունների: Սերժիկ Յուրայի Ապրեսյանին բոլորս ենք ճանաչում: Գիտենք նրան որպես բարի, ազնիվ և վստահելի աձնավորության: Ավագ սերնդի ներկայացուցիչները քաջատեղյակ են նրա անցած մարտական ուղուն, իսկ նոր սերունդներին պատմել և ներկայացնել մեր հերոս տղաների մասին, պարտավոր ենք բոլորս: Չէ որ այդ սերունդներն են մեզ փոխարինողը, մեր ապագան, ուստի նրանք պետք է լավ տեղյակ լինեն մեր պատմությանն ու հերոս տղաների մասին: Փոքրիկ զրույց ունեցա Արցախյան պատերազմի վետերան-ազատամարտիկի հետ: Սերժիկ Ապրեսյանը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 27-ին Ասկերան քաղաքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեխանիզացիայի բաժինը: 1981-83 թթ ծառայել է Խորհրդային բանակի շարքերում և այն անց է կացրել հեռավոր Կալինինգրադում: Զորացրվելուց հետո վերադարձել է հարազատ բնակավայր: 1985 թվականին ընտանիք է կազմել, որտեղ ծնվել և դաստիարակվել են 4 զավակներ: Երբ սկսվեց Արցախյան Շարժումը, Սերժիկ Ապրեսյանն անմիջապես անդամագրվեց համընդհանուր պայքարին: Իր նման հայրենասեր տղաների պես նա ևս պատվեց ազգային-ազատագրական գաղափարներով և մասնակցում էր ընդհատակյա հավաքներին ու ձեռնարկումներին: Այնուհետև զենք վերցրեց և մղվեց մարտի դաշտ: Մասնակցել է Խրամորթի, Փառուխի, Նախիջևանիկի ենթաշրջանի գյուղերի, Խոջալուի, Աղդամի պաշտպանական բոլոր ազատագրական մարտերին: Առաջին անգամ վիրավորվել է 1992 թվականի հունիսի 30-ին և ապաքինվելով՝ կրկին վերադարձել է մարտական ընկերների մոտ: Երկրորդ անգամ ծանր վիրավորվել է 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի ազատագրման ժամանակ: Այդ դժնդակ տարիներին Սերժիկը շատ ընկերներ կորցրեց: Ինչպիսի ցավով և տրտմությամբ է այսօր նա հիշում մարտական իր ընկերների անունները, որոնց հետ ծխախոտ և հաց էին կիսում, անքուն գիշերներ անցկացնում: Ինչպես ինքն է ասում, մի համերաշխ ընտանիք էին դարձել, սակայն անգութ պատերազմը հերթով խլում էր այդ ընտանիքի անդամներին: 1992 թվականի փետրվարի 26-ն իր խոր կնիքը դաջեց Սերժիկի սրտի վրա: Այդ օրը թշնամու գնդակից զոհվեց նրա միակ եղբայրը՝ Սամվելը: Խոջալուի ազատագրման համար մղվող մարտերն էին…Երեք օր առաջ զոհվել էին Սերժիկի մորաքրոջ ամուսինն ու տղան՝ պատանի Սուրենը, իսկ մի տարի հետո պիտի զոհվեր մյուս մորաքրոջ որդին՝ Ալեքսանդրը: Ավա՜ղ, այդպիսի ճակատագիր էր նախատեսվել այդ գերդաստանի համար…Ասում են, երբ հարազատ ես կորցնում, ասես՝ կիսատ ես ապրում հետագա ամբողջ կյանքդ, այդ տեղը միշտ մնում է դատարկ: Հիրավի, Սերժիկն այդպես էլ ապրեց՝ մշտապես զգալով իր կիսատ կյանքի կսկիծը… …Ավարտվեց պատերազմը… Մեծ դժվարությամբ, սակայն վերսկսվեց կյանքն արցախցու համար: Ապրել էր պետք: Արցախյան պատերազմում զինվորական հագուստը պատվով կրող ազատամարտիկը պատերազմի ավարտից հետո էլ չցանկացավ հրաժարվել այդ համազգեստից: Մինչև 2007 թվականը նա հավատարիմ մնաց զինվորականի իր կոչմանը և ծառայությունը շարունակեց ԼՂՀ ՊԲ հեռավոր զորամասերից մեկում: Սակայն պատերազմն իր հետքը թողել էր, հաշմանդամ ազատամարտիկն առողջապես ի վիճակի չէր ծառայելու: ԼՂՀ ՊԲ-ից զորացրվելուց հետո՝ նա կատարում էր տարբեր աշխատանքներ, բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգալու համար, անգամ մեկնեց հեռավոր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների: Բայց հայրենի հողի կանչը վեր էր ամեն ինչից, նա վերադարձել և սիրով ապրում է հարազատ բնօրրանում: 2016 թվականի ապրիլին, երբ չար ոսոխը հանկարծակի, իր ազգին բնորոշ նենգությամբ վերստին ցանկացավ տիրանալ արցախյան հողին, Սերժիկ Ապրեսյանն իր մարտական ընկերների հետ առաջիններից մեկը եղավ, որ անմիջապես մեկնեց մարտական դիրքեր: Նրանք իրենց ամուր ոգով և երբեմնի խիզախությամբ կանգնեցին հայ զինվորի կողքին և ավելի գոտեպնդեցին 18 տարեկան քաջ տղաներին: Այսօր մարտական ընկերները հարգանքով ու ջերմությամբ են արտահայտվում Սերժիկի մասին: <<Ընկերասեր, մաքուր հոգու և խղճի տեր մարդ է մեր Սերժոն/ մտերմիկ, այդպես են նրան կոչում ընկերները/: Մարտական անփոխարինելի ընկեր էր բոլորիս համար: Իսկ այսօր էլ շարունակում ենք մեր հաստատուն ընկերությունը, որը խախտել հնարավոր չէ>>,- ասում է ազատամարտի վետերան Աշոտ Սարգսյանը: Երբ անցած օրերի մասին զրուցում էի տղաների հետ, հարցեր տալիս, նրանց աչքերում նկատում էի չմոռացված հուզմունք, սրտամաշ կարոտ: Հիշողություններն անսպառ էին… <<Ահավոր ցուրտ և ամպամած օր էր: Քամին սուրում էր, ինչպես երբևէ…Մարտից հետո, տղաները հանգստանում էին խրամատներում: Հանկարծ նրանց աչքով ընկավ Սերժոյի ,ասես անկենդան մարմինը: Փշաքաղված ընկերները կանչում էին, իսկ նա չէր պատասխանում: Մոտեցավ խմբի հարմանատար Յուրա Աղաջանյանը և սկսեց հրել պառկած ընկերոջը: Արձագանք չկար: Արդեն մտածում էին, թե ինչպես և ով պետք է գույժը հասցնի ընտանիքին: Սերժոն հանկարծակի բացում է աչքերը և զարմացած նայում ընկերներին: Հոգնատանջ և ցրտահարված մարտիկն ընդամենը փորձել էր մի քիչ հանգստանալ: Այսօր ծիծաղելի, սակայն այն ժամանակ դաժան իրականություն էր դա>>,- պատմում է մարտական ընկեր Արամ Աղաջանյանը: Չնայած դժվարին օրերին՝ տղաներն անսասան էին և պատրաստ ատամներով պաշտպանելու մայր հողը: <<1992 թվականի հունիսի վերջն էր: Թշնամին գրավել էր 13-րդ պահակակետը: Ամեն գնով պետք էր այն ազատագրել: Մենք հակահարված տալով թշնամուն և ոչնչացնելով մոտ 15 ազերիի՝ հետ վերցրեցինք մեր դիրքը: Սերժոն վիրավորվեց ձեռքից և ընկավ: Մորաքրոջ տղան՝ Սամվելը, տեսնելով ընկած եղբորը՝ մի այնպիսի ուժով և ատելությամբ ավտոմատի փողն ուղղեց թշնամու վրա, որ նրանք լեղապատառ աշխատում էին փախչել, թաքնվել թփերի հետևում, սակայն մենք հասցրեցինք վերացնել նրանց, ինչպես և արժանի էին: Թուրքն իր աչքով տեսավ հայի ցասումը, կամքի ուժը: Ահա այդպիսի ուժեղ և համախմբված էինք մենք: Իսկ, երբ տեսանք, որ մեր ընկերը ողջ է մնացել, ուրախությունից սկսեցինք գոչել ի լուր աշխարհի>>,-հուզմունքով է ավարտում խոսքն Արամ Աղաջանյանը: Իսկ գիտեք, որքան հաճելի էր ինձ համար, երբ հոդվածիս հերոսի մասին լսում էի միայն գովասանքի և գնահատման խոսքեր: Ուրեմն նա, ով անցել է պատերազմի դաժան բովով, ով այնտեղ է թողել իր առողջության կեսը, սակայն վաստակել է պատիվ և հարգանք՝ այսօր կարող է արժանապատվորեն քայլել և համոզված լինել, որ նրա գործը կիսատ չի մնա, այն կշարունակի երիտասարդ սերունդը… Սերժիկ Ապրեսյանը պարգևատրվել է <<Արիության համար>>, <<Մայրական երախտագիտություն>> մեդալներով: Մեր զրույցի վերջում ազատամարտի վետերանն ասաց. <<Ինչքան էլ թեժ լինեին մարտերը, մենք խիզախորեն էինք նետվում մարտի դաշտ: Մեր տղաների կամքն այնքա՜ն ուժեղ էր, մենք հաղթանակից բացի ոչնչի մասին չէինք մտածում: Ինչ արել ենք, արել ենք նվիրումով, անմնացորդ: Մեր շարքերում այնպիսի լավագույն տղաներ կային, որոնիցից շատերի արյունը շաղախվեց մայր հողին: Մենք պարտավոր ենք ատամներով պահել այս սուրբ հողը և հարկ եղած դեպքում կանգնած կլինենք մեր որդիների կողքին՝ ինչպես ամուր մի պարիսպ>>: Հիրավի, ամեն անգամ ազատամարտի վետերաններից որևէ մեկի մասին գրելով՝ ակամա պատվում եմ այնպիսի զգացողությամբ, ասես ներկա էի և աչքովս էի տեսնում այն իրողությունները, որոնք ներկայացվում են մեզ և այսօր զարդարում մեր ազգի պատմության փառավոր էջերը: Հպարտության զգացմունքների հետ մեկտեղ՝ զգում եմ նաև մեծ պարտավորություն: Հարգել և մեծարել բոլոր մեր վետերաններին, և նրանց կատարածը փոխանցել սերնդից սերունդ: Չէ որ մեր կյանքով նրանց ենք պարտական… Փա՜ռք ու պատիվ Ձեզ, Արցախյան պատերազմի աննկուն մարտիկներ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|