ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ՄԵԾԱՐՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ
07.05.2017 16:25

Մայիսյան Եռատոնին ընդառաջ մայիսի 6-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-փառատոն միջին և ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ։ Փառատոնին ընդհանուր առմամբ մասնակցում էր 9 թիմ, որոնցից մեկը ներկայացնում էր շրջանի տարածքում տեղակայված Ն զորամասը։

Հնչեց Արցախի պետական օրհներգը։ Ողջունելով ներկաներին դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանն անդրադարձավ հայ ժողովրդի հերոսական պատմությանը՝ մեկ անգամ ևս արժևորելով  նրա անձնուրաց զավակների Հայրենիքին անմնացորդ նվիրվածությանը։

Ապա ելույթի համար խոսքը տրվեց դպրոցի աշակերտուհի Նանար Հայրապետյանին, ով լինելով կրտսեր սերնդի ներկայացուցիչ մշտապես տոգորված է հայրենասիրական վեհ գաղափարներով, քանզի մեծացել է արցախյան ազատամարտի վետերան տատի մշտական հայրենասիրական նկրտումներով ու հուշապատումներով։

-Ես վրիժառությամբ ու հաղթանակի տենչով արբած սերունդն եմ, ով չգիտի ինչ է պարտությունը։ Իմ և իմ հասակակիցների նպատակն է օգտակար լինել քեզ, Հայրենի՛ք, որպեսզի դու ավելի հզորանաս։ Եղիր այսպես միշտ ուժեղ ու միասնական, հզոր ու ազատ, հաղթանակներովդ ցնծուն ու հպարտ, - ասաց Ն. Հայրապետյանը։

Կրտսեր դպրոցականները ցուցադրեցին ազգային §Թամզար¦ պարի իրենց վարպետությունը՝ ազդարարելով մրցույթ-փառատոնի սկիզբը։ Մինչ մրցույթին անցնելը Ա. Գյանջումյանը հանդիսատեսին ներկայացրեց մրցութային հանձնաժողովին՝ նախագահ Մարելլա Ավանեսյանի գլխավորությամբ։

Ելույթների համար բեմահարթակը տրամադրվեց դպրոցականներին, ովքեր ներկայացրեցին երգ, պար և ասմունք։ Ազգային պարն ու երգը թևածում էր դպրոցի բակում, իսկ զինվորական համազգեստով և ազգային տարազով դպրոցականները նոր շունչ ու ոգին էին հաղորդում միջոցառմանը։ Հուզիչ ու ոգևորիչ արտասանությունները հետևում էին մեկը մյուսին՝ վշտի ու մորոքի միջից նաև նորովի ապրելու ու արարարելու հույս սփռում։ Աշակերտները փայլում էին արտասանությունների ազդեցիկ կատարումներով։ Շուրջ երկու ժամ տևած միջոցառումն ավարտվեց Ն զորամասի զինվորի հիասքանչ երգով։ Կիթառի նվագի զուգակցմամբ զինվորը մեկ անգամ ևս փաստեց, որ պետք չեն նրանց ոչ անուն, ոչ ոսկի ու ոչ էլ գանձ, չեն բարձրաձայնում նրանք իրենց սխրանքների մասին, այլ պահում են իրենց մեջ, ու Հայրենիքն է նրանց հոգիներում որպես սուրբ գանձ։

Դպրոցի տնօրեն և մրցութային հանձնաժողովի նախագահ Մ. Ավանեսյանը շնորհավորեց բոլորին մայիսյան համամարդկային տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն ամենուր և ամենքին։ Ապա ամփոփելով մրցույթի արդյունքները պատվոգիր հանձնեց Ն զորամասին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ, Շուշիի ազատագրման և ԱՀ Պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակների առթիվ կազմակերպված մրցույթ-փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ Տնօրենը, մայրական նուրբ զգացմունքներով համակված, զինվորներին հանձնեց դպրոցականների կողմից նախօրոք պատրաստված ծանրոցը՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ։

Մրցութային հանձնաժողովի անաչառ ու անկողմնակալ գնահատմամբ մրցանակային առաջինը տեղը զբաղեցրեցին ավագ դպրոցից 9-րդ, իսկ միջին դպրոցից 6-րդ դասարանները, ովքեր տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով։ Իսկ 7-րդ Ա դասարանն արժանացավ հուշանվերի՝ §Քերծի¦ ազգային պարը գեղեցիկ ու անթերի կատարելու համար։ Մ. Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր դասղեկներին՝ անմնացորդ նվիրումով միջոցառմանը նախապատրաստվելու և արժանվույնս հանդես գալու համար։

Կազմակերպված միջոցառումն, իրոք, բացառիկ էր և աշակերտների ընդգրկվածությամբ, և՛ թեմաների ընտրությամբ։ Այն ազգայինն ու ավանդականը ուսումնասիրելու, գնահատելու և արժևորելու յուրօրինակ գաղափարախոսություն էր նաև։

Միջոցառման վերջում դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Բեգլարյանը ՝ շարադրությունների շրջանային մրցույթում հաղթող ճանաչվելու համար պարգևատրվեց կրթության և սպորտի բաժնի պատվոգրով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter