ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴ ԷՐ ԿՐՈՒՄ |
11.05.2017 16:15 |
կատարածն ու մեր պատմությունը փոխանցելն էր: Խրամորթի, Նախիջևանիկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի և Վարազաբունի համայնքներում տոնական տրամադրություն էր տիրում: Առանձնապես ոգևորված էին դպրոցականները, ովքեր զինվորական հագուստներով և ծաղիկներով դիմավորեցին շրջանից ժամանած հյուրերին: Ծաղկեպսակներ դնելով զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Բոլոր համայնքներում էլ դպրոցականները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, խրոխտ երգերով ու պարերով: Նրանք երդվեցին շարունակել ազգի նվիրյալների կիսատ թողած գործը: Դպրոցականները քաջ գիտակցում էին, որ այս սուրբ հողը ներծծված է հերոսների արյամբ և այն պահելն ու պահպանելը նրանց գերխնդիրը պետք է լինի: Խրամորթի մշակույթի տան տնօրեն Նարիա Աբրահամյանի խոսքը լեցուն էր հուզմունքով. -Պատմության մեջ յուրաքանչյուր սերնդի բաժին է ընկել իր ճակատագիրը, և ամեն մի սերունդ կամա, թե ակամա ստիպված է լինում ընդունել թշնամու մարտահրավերները: Այսօրվա մեր անկախությունը ձեռք բերեցինք մի բռունցք դարձած մեր ժողովրդի և մեր հերոս տղաների շնորհիվ: Մեր ժողովուրդը կարողացավ հակադարձել թշնամու քանակին ու հարուստ սպառազինությանը, և կարողացանք հաղթել՝ ազատագրելով մեր պատմական հայրենիքի մի մասը: Այժմ էլ դաժան իրականություն ենք ապրում: Լսում ենք հակառակորդի ռազմատենչ հայտարարությունները և սահմանում կարողանում զսպել թշնամու ոտնձգությունները: Եվ այս ամենի կիզակետում է դարձյալ մեր մարտունակ բանակը, հզոր մի բանակ, որ մինչև վերջ կպայքարի Հայրենիքի և ազգի համար: Իսկ, եթե անգութ ոսոխը նորից փորձի իր չարանենգ արարքները, ապա նա կստանա արժանի հակահարված, ինչպես եղավ ապրիլյան պատերազմում: Հիրավի, ճիշտ են ասում, որ հերոսները չեն մեռնում: Նրանք հեռանում են, սոսկ, ֆիզիկապես և նրանք կենդանի կլինեն, քանի դեռ մենք հիշում և գնահատում ենք նրանց: Նրանց շնորհիվ, մենք ըստ արժանվույն նշում ենք Մայիսյան Եռատոնը: Շնորհավոր բոլորիս տոնը, թող մեր Հայրենիքի սահմանները միշտ խաղաղ լինեն, զինվորի ուժն՝ անպակաս, իսկ ոգին՝ մարտական: Բոլոր համայնքներում հուշ-ցերեկույթները կազմակերպվեցին հուշակոթողների մոտ, որը մի յուրօրինակ սրբավայր էր ժողովրդի համար: Նախիջևանիկի համայնքի մշակույթի տան տնօրեն Գալյա Սարուխանյանն իր խոսքում նշեց. -Կանգնելով այս սրբավայրում՝ մեր վիշտը փոխվում է մի զորեղ զգացումի: Մի առանձնակի հպարտություն, վեհություն, երախտիք է պատում բոլորիս: Նայելով մեր քաջ նահատակներին, ովքեր բռնել են հավերժի ուղին՝ մենք ավելի մեծ ուժով ենք լցվում: Նրանք՝ այս 14 նվիրյալները բերել են մեզ խաղաղություն և ազատություն: Մեր տղաների անունները մենք հիշում և կհիշենք հավիտյան. Հատված ծառերից կելնեն բյուր ճյուղեր, Ու կդալարի ծառն իմ հայրենի, Դուք անհոգ ննջեք մայր հողի գրկում, Անպարտ իմ քաջեր Նախիջևանիկի… Այսօր այս քաջորդիներին փոխարինել է մի սերունդ, որը ոչնչով չի զիջում իր նախորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ցույց տվեց, որ հերոսներից միայն հերոսներ կարող են ծնվել: Նորօրյա սերունդը կարողացավ արժանի դաս տալ և հետ շպրտել ոսոխին: Հայ զինվորի բազուկը թող միշտ հուժկու լինի, քայլը՝ խրոխտ: Վարդաձորի, Սառնաղբյուրի և Վարազաբունի համայնքներում ևս հիշեցին և հարգեցին զոհերի հիշատակը: Վարդաձորի համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը հպարտությամբ պատմեց գյուղի հերոսների մասին: Անուն առ անուն հիշելով բոլորին՝ համայնքի ղեկավարը մատաղ սերունդներին կոչ արեց իրենց վարքագծով և ուսման առաջադիմությամբ բարձր պահել զոհված ազատամարտիկների հիշատակը: Այսօրվա սերունդը պարտավոր է լինել զգոն, ուժեղ և կարողանա դիմանալ ցանկացած փորձության, քանզի մեր դարավոր թշնամին երբեք քնած չէ, այլ պատրաստ է նենգորեն իրականացնելու իր ազգին բնորոշ գազանությունները: Համոզված եմ, այս սերունդը կկարողանա իր նախորդների հավատարիմ հետնորդը լինել: Հիրավի, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը կազմակերպեց միջոցառումների մի շարք, որի մասին կարելի էր միայն դրվատանքի խոսքեր ասել: Սահմանամերձ համայնքերում ապրող ժողովուրդն զգաց, որ իրենց համայնքները գտնվում են առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Եվ անչափ ուրախալի է, որ Արցախյան պատերազմից տուժած, բազմաթիվ զրկանքներով ու դժվարություններով անցած, սակայն այսօր լավատեսությամբ լցված այս գյուղերը վերստին ապրում և ավելի են բարգավաճում... Շնորհավո՛ր Եռատոնդ, հայ ժողովուրդ…Թող հաջողություններն ուղղորդեն բոլորին, և թող մանկան ուրախ ճիչերը տարածվեն ամենուր… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |