Նետվեցին` նորեն վերադառնալու սպասումով…
08.02.2012 01:01


Լրացավ Քարին տակի հերոսամարտի 20-ամյակը
Հունվարի 26-ին Շոշի Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Կազմակերպված միջոցառմանը ներկա էին ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, ուսուցիչներ, աշակերտներ եւ հյուրեր: Արցախի հիմնով եւ դպրոցի տնօրեն` Հ.Հարությունյանի բացման խոսքով մեկնարկեց միջոցառումը: Նվիրական գաղափարը իրագործեց դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ա.Աղալյանը: Վառվող մոմերի լույսերը տանում էին երկինք ամեն մի բառ` այնտեղ լուսավորելու նրանց կենդանի հոգիները:
1991-ին սկսեց կազմավորվել Շոշի ջոկատը: Տղաների թիվը գնալով ստվարանում էր:1992-ի հունվարի 26-ին վաշտի առաջամարտիկները շտապեցին օգնության ծանր իրավիճակում հայտնված հարեւան Քարին տակին: Արմեն Իշխանյանը, Ռոմա Սիմոնյանը եւ Սյոմա Հայրիյանը, որի հրամանատարությամբ էլ տղաները նետվեցին` փրկելու գյուղը թշնամու ճիրաններից:   Շուշիի բարձունքից թափվող քարաբեկորների եւ վառվող անվադողերի հեղեղումների, գնդակոծումների եռամյա հոգեբանական պատերազմից հետո թուրք բարբարոսները հունվարի 26-ի գիշերը շրջապատման երկաթյա օղակի մեջ առան գյուղը եւ առավոտյան ժամը  վեցն անց կեսին սկսեցին գրոհը: Ազերիների ռազմական գործողությունները ղեկավարում էր անձամբ պաշտպանության նախարար Մեհտիեւը: Քարին տակի հերոսական մարտը շարունակվեց 12 ժամ: Կենաց եւ մահու մարտեր էին թշնամու կենդանի ուժի եւ գերակշիռ տեխնիկայի դեմ: Հակառակորդը կենտրանացրել էր 500 զինվոր` 60 մարտիկների դեմ: Մարտը շարունակվեց մինչեւ երեկոյան ժամը յոթը: Վիճակը օրհասական էր: Շոշի ինքնապաշտպանական ջոկատի օգնությունից հետո հակառակորդը սկսեց նահանջել` մարտադաշտում թողնելով ավելի քան 70 սպանված եւ նույնքան էլ վիրավոր: 20 զոհ կրելով Քարին տակը կրկին անպարտ էր ու անառիկ:
Զոհվեցին Շոշի վաշտի երեք առաջամարտիկները` Արմենը, Ռոման, Սյոման: Նրանք եղան վաշտի առաջին զոհերը: Մեր վաղվա հայրենյաց պաշտպանները ներկայացրին ինքնակենսագրական տվյալներ, մարտիկների մարտական ուղին,  բանաստեղծություններ եւ հայրենասիրական կատարումներ:
Աշակերտների շուրթերից խոսքը հնչում էր ազդու, նրանց հայացքը  խորհրդավոր էր, աչքերում արցունքի եւ հպարտության լույսեր էին առկայծում: Միջոցառումը ամբողջացավ գյուղի 15 զոհերի անունների, մարտական ուղու հիշատակմամբ: Նրանց լուսանկարները կարծես մի բան էին համոզում.ՙԳնացել ենք հայրենի հողը փրկելու մեծ ցասումով, գնացել ենք ժամանակի հրամանով՚: Նրանց անսանձ ոգին կառավարել այլեւս անհնար էր…
Նրանցից շատերը հետմահու պարգեւատրվել են ՀՀ եւ ԼՂՀ ՙԱրիության համար՚ մեդալներով եւ ՙՄարտական խաչ առաջին եւ երկրորդ աստիճանի՚ շքանշաններով: Երախտիքի եւ պատկառանքի խոսքեր հնչեցին զոհված ազատամարտիկների ծնողներին: Չկար մեկը, որի աչքերում արցունք չնշմարվեր:    
Նրանց անուններն ու գործերն արժանի են մեծարման, քանզի քաջությունը, հերոսությունը ո'չ սովորում են, ո'չ մոռանում: Հայրենասիրությունն այն անբուժելի հիվանդություններից է, որ ժառանգում են մարդիկ միայն արյան միջոցով: Եվ այդ արյան կանչով էլ մի ժամանակ նրանք գնացին ճակատ սեփական արյամբ հայրենի հողը ներկելու վճռականությամբ: Այդ արյունը ծնունդ տվեց ազատության, որը ինչպես հացը շատ-շատերը վաստակում են ճակատի քրտինքով:   
Փա¯ռք բոլոր ընկածներին, փառք հերոսներին…
Այս վերջաբանով էլ ավարտվեց միջոցառումը: Վերջում ծաղկեպսակ եւ հերոսների արյամբ ներկված կարմիր մեխակներ իրենց իսկ շիրմաքարերին: Մեծերը երբեք չեն սխալվում` ասելով.

ՙՈ'չ զենքի որակը, ո'չ զորքի քանակը, միայն ոգու չգերազանցված ուժն է ապահովում հաղթանակը՚:

Մարիամ Սաֆարյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter