ՈՒՍՈՒՑՉԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԵՋ Է |
31.05.2017 09:49 |
Գաղտնիք չէ, որ ամենահարգված ու միաժամանակ ամենապատասխանատու մասնագիտություններից մեկն էլ աշխարհում ուսուցչի մասնագիտությունն է։ Չէ որ հենց ուսուցիչների վրա է դրված մատաղ սերնդի կատարելագործման և երկրի ապագայի ձևավորման պատասխանատվությունը։ Լավ ուսուցիչ լինելու համար բավարար չէ միայն որևէ առարկայի կատարյալ իմացությունը, առավել կարևորը մանուկների հոգեկան աշխարհը ներթափանցելու հմտությունն է։ Արմեն Ավագյանի անվան Խնածախի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, երկարամյա և փորձառու տնօրեն Գյուլչորա Արզումանյանը գտնում է, որ անկախ նրանից, թե մարդը որ բնագավառում է ծավալում իր գործունեությունը՝ իրեն վստահված գործը պետք է կատարի պատասխանատվության բարձր զգացումով ու անմնացորդ նվիրումով։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ Ասել է թե, յուրաքանչյուր ուսուցչի հպարտությունը նրա աշակերտների մեջ է, իրենց ցանած սերմերի աճի մեջ։ Գյուլչորա Անդրանիկի Արզումանյանը ծնվել է 1953 թվականի մարտի 10-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1968 թվականին ավարտել է Խնածախի ութամյա դպրոցը: Ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ այն ավարտելով 1970 թվականին: 1976 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: Աշխատանքային կենսագրությունն սկսել է Խնածախի ութամյա դպրոցում, որտեղ 1972թվականի սեպտեմբերի 1-ից սկսել է աշխատել սկզբում որպես ավագ ջոկատավար, հետո՝ ֆիզիկայի և գծագրության ուսուցչուհի, իսկ 1976 թվականից՝ որպես փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի: 1977թվականի նոյեմբերին ընտրվել է ԼԿԵՄ Ստեփքաղկոմի քարտուղար - ԼԿԵՄ Ստեփքաղկոմի սովորող երիտասարդության բաժնի վարիչ: 1979 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 1-ն աշխատել է Ասկերանի շրջանի Այգեստանի միջնակարգ դպրոցում որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1991թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում է Խնածախի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի: 1982 թվականին երիտասարդ ուսուցիչների շրջանում անցկացված համամիութենական մրցույթի արդյունքներով ճանաչվել է §Լավագույն կոմերիտական ուսուցիչ¦ և պարգևատրվել ՀամԼԿԵՄ Կենտկոմի §Լավագույն կոմերիտական ուսուցիչ¦ մեդալով: 2006թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է նախարարության բարձրագույն պարգևով՝ §Ոսկե հուշամեդալ¦-ով: 2010թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է §Գարեգին Նժդեհ¦ մեդալով: 2013թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է §Երախտագիտություն¦ մեդալով: -Ընկեր Արզումանյան պատմեք, խնդրեմ դպրոցի պատմության և նրա առանձնահատկությունների մասին. - Առաջին դպրոցական շենքը գյուղում կառուցվել է 1934 թվականին: Մինչև այդ երեխաների կրթության և դաստիարակության գործը կազմակերպվում էր մասնավոր տներում: 1936-1937 ուս. տարում դպրոցը դարձավ յոթնամյա, 1959-1960 ուս. տարվանից՝ ութամյա: 1990-1991ուս. տարվանից դպրոցը միջնակարգ է: 1994 թվականից դպրոցը կրում է գյուղի ինքնապաշտպանության ջոկատի առաջին հրամանատար, զոհված ազատամարտիկ Արմեն Եղիշեի Ավագյանի անունը: Խնածախի միջնակարգ դպրոցն ունի ծաղկուն անցյալ… Այստեղ են աշխատել հանրապետության շատ ճանաչված, փորձառու մանկավարժներ, նրա ղեկի մոտ շուրջ կես դար կանգնած է եղել վաստակաշատ մանկավարժ ընկեր Եղիշե Դարչինի Ավագյանը, 55 տարուց ավելի հայոց լեզու և գրականություն է դասավանդել 20-րդ դարի լավագույն ուսուցչուհի տիկին Էմմա Վերդիյանը: Դպրոցի շրջանավարտները գիտաշխատողներ են, գրողներ, ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, լրագրողներ, հասարակության հարգված անդամներ… Մեր մանկավարժական կոլեկտիվը համոզված է, որ հրաժարվելով խորհրդային դպրոցի դաստիարակությանը հատուկ շատ ձևերից ու մեթոդներից, չպիտի սպասել ինչ-որ տեղից մեզ մատուցվող պատրաստի դեղատոմսերի: Դպրոցը համարվելով յուրահատուկ մանկավարժական լաբորատորիա, կարող է ինքնուրույն որոնել, գտնել նոր պայմաններում աշխատելու այնպիսի ձևեր ու մեթոդներ, որոնք կընդլայնեն դպրոցի հնարավորությունները, կբարձրացնեն գյուղական դպրոցի հեղինակությունը հասարակության աչքում, հավատ կներշնչեն ծնողներին, որ, իրոք, մանկավարժական կոլկտիվն ամենաշահագրգիռ մարմինն է երեխաների առողջ, խելացի, երկրին պիտանի մարդիկ մեծացնելու գործընթացում: 1960-70 ական թվականներին մեր ծաղկուն ութամյա դպրոցն իր հոգեվարքի մեջ էր: Երբեմնի 150-160 աշակերտներից մնացել էին ընդամենը 30 հոգի: Գյուղական դպրոցի համար երկնային պարգև չէր քաղաքի հարևանությամբ լինելը: Քաղաքի խոշոր միջնակարգերը և առանձնապես ռուսական դպրոցներն էին ընտրում մեր գյուղի երեխաները։ Ժամանակն էր այդպես… 88-ի ազգային զարթոնքը զարթոնք էր նաև մեր գյուղական դպրոցի համար: 1990-91 ուսումնական տարում դպրոցը դարձավ միջնակարգ: Դպրոցի տնօրեն ընկեր Ավագյանի և գյուղապետ Մհեր Նիկողոսյանի մեծ ջանքերով դպրոցը նորից իր հարկի տակ ընդունեց Ստեփանակերտում սովորող բոլոր խնածախցի երեխաներին: Նոր միջնակարգ, նոր դժվարություններ… Քաղաքի լավագույն միջնակարգ դպրոցներում սովորած, նորից գյուղական դպրոց եկած կոնտինգենտը պիտի պահվեր. պատվի հարց էր: Մանկավարժական կոլեկտիվի պատիվն ու հեղինակությունն էր, որ քննության բռնվեցին ժամանակի մեջ… Կոլեկտիվը կանգնեց շատ մեծ դժվարությունների առաջ և, ուր որ է, փորձում էր լուծումներ գտնել… ...Եվ եղան 1991-92-93-94 թվականները։Դպրոցը տուժեց պատերազմական գործողություններից, օմօնը զենք որոնելու պատրվակով, մտավ դպրոց և թալանեց առանց այն էլ թույլ տեխնիկական հագեցվածություն ունեցող մեր միջնակարգը: Վառարաններում այրեց մեծ թվով դասագրքեր, ջարդեց, փշրեց ամեն ինչ… Մանկավարժական կոլեկտիվը ռազմի դաշտ ճամփեց իր տղամարդ ուսուցիչներին: Քիմիայի, կենսաբանության երիտասարդ, շնորհաշատ ուսուցիչ Աշոտ Բարսեղյանը զոհվեց, դպրոցի տնօրեն ընկեր Եղիշե Ավագյանը չդիմանալով միակ որդուն կորցնելու ցավին՝ մահացավ։ Կոլեկտիվի գրեթե բոլոր անդամներն անդառնալի կորուստներ ունեցան, բայց դպրոցի համար պահի գերկարևոր խնդիրը լուծում էր պահանջում, հրատապ լուծում՝ պահել գյուղական նորաստեղծ միջնակարգը: Եվ կոլեկտիվն արագ կողմնորոշվեց՝ մոտ կանգնել գյուղական վաշտին, նրա աջակցությունը ստանալ ու նպաստել մարտիկների մարտական ոգու բարձրացմանը, թեկուզ փոքրիկ գործերով ոգեշնչել մարտիկներին, օգնել տան տղամարդը պատերազմ ճամփած ընտանիքներին… Նոր պայմաններ, նոր խնդիրներ… Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը թիմ է: Յուրաքանչյուր ուսուցիչ գիտակցում է, որ իր ոչ համագործակցված կամ վատ աշխատանքը բացասաբար կանդրադառնա ընդհանուր աշխատանքին: Դպրոցի տնօրինությունը մեծ հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքին, ժամանակին աջակցում հարցերի, հիմնախնդիրների լուծմանը: Կատարած լավ աշխատանքի համար ամեն ոք խրախուսվում է: - Փաստորեն մայրաքաղաք Ստեփանակերտից բավականին մոտիկ գտնվելը դպրոցի համար միշտ էլ, որոշ չափով, իր բացասական ազդեցությունն ունեցել է։ - Այո։ Քաղաքի դպրոցները մեր մրցակիցներն են: Մենք պետք է կարողանանք դիմանալ այդ մրցակցությանը և հաղթել, այլապես սովորողները դպրոցի ընտրության լայն հնարավորություն ունեն: - Այս ուսումնականում դուք, ինչպես նաև շրջանի մի շարք դպրոցներ, նույնպես չունեք շրջանավարտներ… -Ցավալի է, այդ տարիքի երեխաների ծնունդ չի գրանցվել գյուղում: -Ուսումնական տարին արդեն ավարտին է մոտենում, ինչպե՞ս եք այն գնահատում: -Շատ հագեցած ուսումնական տարի էր: Այն առանձնացավ թե ՛ ուսումնական, թե՛ արտադասարանական աշխատանքների անցկացման նոր ձևերի ու մեթոդների կիրառման պայմաններում: Հնարավորություն ունեցանք մոբիլիզացնելով բոլոր ուժերը, արձանագրել նոր հաջողություններ: Կոլեկտիվն աշխատեց լարված, արդյունավետ: Բայց առջևում դեռ քննություններն են … - Խոսենք մի փոքր դպրոցի նյութատեխնիկական բազայից ու անհրաժեշտ նյութերով ապահովվածությունից: - Ամեն ինչ միանգամից չունեցանք, բայց և ամեն ինչ չէ, որ ունենք… Մեր սեփական ուժերով կառուցեցինք բաց մարզահրապարակներ՝ վոլեյբոլի, մինի ֆուտբոլի, բասկետբոլի, ինչպես նաև արգելքների հաղթահարման ռազմական արահետ: Բարերարների կողմից նվեր ենք ստացել մարզական գույք, իսկ դպրոցի շրջանավարտ Դավիթ Մարտիրոսյանից՝ համակարգչային կաբինետ: Բարերար Արման Գլեջյանը հանդիսանում է մեր հերոս հրամանատարի՝ Արմեն Ավագյանի քրոջ որդին, ով օգնում է դպրոցական ծրագրային գրականության և դասագրքերի պակասի լրացման հարցում: Մեզ օգնում և ամեն հարցում աջակցում են Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարությունն ու նրա ենթակայության տակ գտնվող բաժինները: Ունենք պատշաճ մակարդակով կահավորված ՆԶՊ կաբինետ, յուրօրինակ ձևավորված գրականության կաբինետ, գեղեցիկ և բովանդակալից կահավորված միջանցքներ: Ինչպես ասում են՝ երթը շարունակվում է… Մենք լավատես ենք, ամեն ինչ կունենանք… -Ի՞նչ հիմնախնդիրներ ունի դպրոցը և, ըստ Ձեզ, որոնք են դրանց լուծման ուղիները: -Բոլոր դպրոցներն էլ հիմնախնդիրներ ունեն, նայած ինչ բարդության: Կարևորն այն է, որ կոլեկտիվը պատրաստ լինի լուծման ուղիներ որոնելուն և գտնելուն: Ես հավատում եմ մեր կոլեկտիվին, նա անլուծելի խնդիր չի թողնի: -Ուսումնական տարում ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվել դպրոցում և ինչպիսի՞ հաջողություններ են գրանցվել: -Դպրոցի լավագույն ավանդույթների պահպանման գործում մեծ է դպրոցի փոխտնօրեն Ալինա Բաղդասարյանի դերը: Ուսումնական տարվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել: Հաճախ սովորողներն իրենք են դառնում միջոցառման նախաձեռնող, որը նպաստում է նրանց ինքնուրույնության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը: Ամենից ուշագրավը §Երկիր՝ քարե տուն¦ ռազմահայրենասիրական ակումբի գործունեությունն է, նրա տարբեր բաժինների աշխատանքը՝ որոնողական, մշակութային, համագործակցության բաժիններով, որը ղեկավարում է դպրոցի ՄԿԱԳՏՏ Արեգնազ Նիկողոսյանը: Հետաքրքիր միջոցառումներից մեկը ես համարում եմ գյուղի օրվան նվիրված տոնական միջոցառումների շարքը, որտեղ փայլուն կերպով ընգծվել է բոլոր դասղեկների, ուսուցիչների համագործակցված խելացի աշխատանքը: Հաջորդը՝ սովորողների այցն էր գյուղապետարան, հանդիպումը համայնքի ավագանու անդամների հետ, և դպրոցականների կողմից տրված թատերական ներկայացումը՝ §Կաթիդ փարան չմոռանաս մամա՛¦ վերտառությամբ: Կազմակերպվել են նաև ճանաչողական էքսկուրսիաներ Արցախի տեսարժան և պատմական վայրեր: Կան գեղեցիկ համագործակցված աշխատանքի նաև այլ ձևեր, որոնցից կշեշտեի §Իմ անու՛շ մայրիկ¦ ցերեկույթի անցկացումը 6-11-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Դպրոցականների համար հեքիաթային տոն էր Նոր տարվա տոնածառի հանդեսը: Առանձնակի հետաքրքրություն ներկայացրին նկարչական ցուցահանդեսի բացումը, դպրոցական սպարտակիադան, պատի թերթերի մրցույթի անցկացումը, առարկայական ցերեկույթների անցկացումը §0-ի դատը¦,§Սովորում ենք ռուսերեն¦: Դպրոցականների առարկայական օլիմպիադայում նույնպես ունեցանք հաջողություններ: 11-րդ դասարանի աշակերտուհիներ Անգելինա Առաքելյանն ու Անի Ավագիմյանը աշխարհագրություն առարկայից մասնակցեցին օլիմպիադայի հանրապետական փուլին (ուսուցչուհի՝ Սիրանուշ Հարությունյան), իսկ 9-րդ դասարանի աշակերտուհի Օքսաննա Մկրտչյանը ՆԶՊ առարկայից (զինղեկ Վ.Բարսեղյան): Մայիսյան Եռատոնին նվիրված շարադրությունների հանրապետական մրցույթում 11-րդ դասարանի աշակերտուհի Լիզա Միրզոյանը գրավեց առաջին, իսկ Անգելինա Առաքելյան՝ երկրորդ մրցանակային տեղը, ինչպես նաև II կարգի մրցանակի արժանացավ 9-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Սառիկյանը£ Վերոհիշյալ սովորողների հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նելլի Սահակյանը պարգևատրվեց պատվոգրով և ստացավ սահմանված դրամական մրցանակը, որը նա նվիրաբերեց դահլիճում մրցույթին մասնակցող զինվորներին: Այդ գեղեցիկ արարքն ուսանելի շատ կողմեր ունի: -Ընկեր Արզումանյան, երկար տարիներ է՝ ինչ ղեկավարում եք դպրոցը: Ըստ արժանավույնս գնահատվո՞ւմ է, արդյոք, ուսուցչի անխոնջ աշխատանքը: - Գտնում եմ, որ գնահատվում է: Լինենք քիչ համբերատար և լավատես, ամեն ինչ լավ կլինի… -Ինչպիսի՞ն է կապը գյուղապետարանի հետ: - Գյուղական դպրոցը համարվում է համայնքում դաստիարակություն իրականացնող և համակարգող հիմնական օղակ: Անհնար է նրա գոյատևումն առանց գյուղական ակտիվի: Գյուղապետ Մհեր Նիկողոսյանը բոլոր հարցերում աջակցում է դպրոցին, օգնում լուծելու բազմաթիվ խնդիրներ: Ընդհանրապես չեմ պատկերացնում առանց դպրոց-համայնք-գյուղապետարան լավագույն համագործակցության որևէ առաջընթաց: - Շնորհակալություն հարցազրույցի համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |