ԱՍԿԵՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԷՐ |
31.05.2017 09:58 |
Հիրավի, ճիշտ է ասված, որ արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է, և որքան մարդ հարազատ և հավատարիմ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ և հուզիչ կլինի նրա արվեստը: Երաժշտությունը, թերևս, արվեստի տեսակետներից բարձրագույնն է, այն հնարավորություն է տալիս անմիջականորեն զգալ ներդաշնակությունը, վեհն ու գեղեցիկը: Երաժշտությունը մեր առջև բացում է զգացմունքների, մտքերի, ցանկությունների մի յուրահատուկ աշխարհ, որտեղ իշխում է բարին ու գեղեցիկը: Այստեղ ամեն ինչ մաքուր է, գունագեղ և իդեալական: Մայիսի 24-ին Ասկերանի մշակույթի տանը կայացավ Ասկերանի արվեստի դպրոցի 2016-2017 թթ. ուսումնական տարվա հաշվետու համերգը: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, վարչակազմի բաժինների վարիչներ, ծնողներ, հյուրեր: Մինչ միջոցառման սկսվելը, ներկաները զմայլվեցին սաների ձեռքի աշխատանքներով: Յուրաքանչյուր գործ ուներ իր ուրույն հմայքն ու ոճը: Պահպանելով ազգային ավանդույթները՝ սաները ուսուցիչների օգնությամբ կարողացել էին ցույց տալ իրենց ունակություններն ու շնորհքը: Այնուհետև, մենք ականատես եղանք մի հրաշալի հանդեսի՝ վերստին համոզվելով, որ այս կրթօջախում դասատուներն իրենց աշխատանքը կատարում են մեծ պատասխանատվությամբ և սիրով: Տոնական համերգը բացեց դպրոցի երգչախումբը, և անմիջապես ուրախ տրամադրություն առաջացավ դահլիճում: Սաները նվագեցին դաշնամուրի, քանոնի, շվիի վրա: Նրանց կատարումները նուրբ էին, հուզառատ, իսկ դհոլահարներն իրենց ուժեղ զարկերով ներկաներին ուժ, վստահություն և ամուր կամք էին հաղորդում: Վոկալի, պարարվեստի և ասմունքի բաժինների սաները ետ չէին մնում իրենց օրինակելի ու անկեղծ կատարումներով: Հանդեսին մասնակցում էին նաև Նորագյուղի, Խնապատի և Ավետարանոցի մասնաճյուղերի սաները: Թատերարվեստի սաները, ովքեր իսկական դերասաններ էին հիշեցնում, հանդես եկան <<Տժվժաշեն գյուղի արկածները>> բեմադրությամբ: /Ի դեպ, այս ելույթով նրանք <<Մշակութային խաչմերուկ>> հանրապետական մրցույթում գրավել են առաջին մրցանակային տեղը/: Փոքրիկ դերասանների ելույթն անթերի էր: Նրանց հանդերձները, պահվածքը, դեմքի միմիկայի արտահայտությունները անտարբեր չթողեցին ոչ ոքի: Դահլիճում տիրում էր աննկարագրելի աշխուժություն: Այս երեխաների կատարումները տեսնելով՝ բոլորիս մոտ առաջացավ մի միտք. իսկ ինչու նրանց չտեսնել աշխարհի տարբեր բեմերում ելույթներ ունենալիս… Հիրավի, այս հաշվետու համերգը վառ ապացույցն էր արվեստի դպրոցի տնօրինության և ուսուցչական կոլեկտիվի համախմբված և պատասխանատու աշխատանքի: Պատրաստակամ մասնագետների անմնացորդ նվիրումի և շնորհաշատ երեխաների փոխհամագործակցության դեպքում կարելի էր միայն այսպիսի գեղեցիկ հանդես ներկայացնել: Դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը շնորհավորելով շրջանավարտներին այս գեղեցիկ օրվա առթիվ՝ նշեց. -Այսօր մենք տեսանք, թե ինչպիսի շնորքաշատ և հիանալի երեխաներ ունենք: Նրանք մեզ ուրախություն և բարձր տրամադրություն պարգևեցին, ինչից մենք՝ դասատուներս ավելի շատ ոգևորվեցինք: Ուրեմն, մեր անխոնջ աշխատանքն իզուր չի անցել: Մեր սաները մասնակցելով տարբեր փառատոնների, մրցույթների և միջոցառումների՝ միշտ էլ կարողանում են բարձր պահել դպրոցի և ողջ շրջանի պատիվը: Այս տարի ևս ունեցանք բազում հաղթանակներ, որոնք մեծ պատիվ են բոլորիս համար: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին՝ մեզ մշտապես աջակցելու և խրախուսելու համար: Բարձր եմ դասում մեր համագործակցությունը մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի հետ: Զգալով նրանց աջակցությունը՝ մեր կոլեկտիվն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ է կատարում իր աշխատանքները: Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ մաղթում եմ պայծառ և անամպ երկինք: Թող հաջողությունները մշտապես ուղղորդեն ձեզ: Համոզված եմ, որ դուք կշարունակեք հավատարիմ մնալ մեր ազգային արվեստին և բարձր կպահեք այս կրթօջախի անունը: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը կիսելով ներկաների ուրախությունը՝ նշեց, որ այս փոքրիկ հանդեսը մեծ հիացմունք և հաճելի լիցքեր հաղորդեց բոլորին: Տարեցտարի նոր առաջընթաց է նկատվում այստեղ, ինչը ուսուցիչների տաղանդի և իմացության արդյունքն է: Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շրջվարչակազմի պատվոգրերով պարգևատրեց մի խումբ դասատուների: Նա հատուկ հուշանվեր հանձնեց կերպարվեստի բաժնի սան վեցամյա Տիգրան Ղազարյանին, ով <<Շնորհալիներ-2017>> մրցույթում գրավել էր առաջին տեղը: Դպրոցի տնօրինության կողմից պատվոգրեր ստացան նաև գերազանց սովորող և արտակարգ ունակություններ ունեցող մի շարք սաներ: Անահիտ Բադալյանն ավարտական վկայականներ և նվերներ հանձնեց 9 շրջանավարտներին: Կարմիր վկայական ստացավ վոկալ բաժնի սան Էլեն Թովմասյանը: Դպրոցի տնօրենը հպարտությամբ շեշտեց, որ <<Շնորհալիներ-2017>> մրցույթում սաներն ունեցել են բավականին հաջողություններ և գրավել են մրցանակային տարբեր տեղեր: <<Ասմունքի մրցույթում Սյուզաննա Մելքումյանը և Էլեն Հայրիյանը գրավել են երրորդ տեղը /դասատու՝ Մարինե Աբրահամյան/: Կերպարվեստի մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր են զբաղեցրել Տիգրան Ղազարյանը, Տաթև Սարգսյանը, Էմմա Առստամյանը /դասատու՝ Զարինե Բաբայան/: Երգեցողության մրցույթում երկրորդ տեղ է զբաղեցրել Արամ Դադայանը/ դասատու՝ Վահան Բեգլարյան/, շվիի մրցույթում Հրաչ Դադայանը գրավել է երրորդ տեղը/դասատու Արտուր Մկրտումյան/: Նորագյուղի մասնաճյուղի դհոլի խմբի սաները զբաղեցրել են երրորդ տեղը: Դհոլահարներն են՝ Դավիթ Գրիգորյանը, Վահան Ավագյանը, Տիգրան Ավանեսյանը, Տիգրան Ղահրամանյանը, Ժիրայր Դանիելյանը, Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայանը, Գոռ Գրիգորյանը, Սուրեն Գրիգորյանը, Արսեն Հակոբյանը, Կամո Հարությունյանը/դասատու՝ Հարութ Հովսեփյան/: Մրցույթներում ակտիվ մասնակիցներ են ճանաչվել կերպարվեստի և դուդուկի սաներ Անդրինե Արամյանը և Ալեքսանդր Վերդյանը: <<Մշակութային խաչմերուկ>> հանրապետական մրցույթում դպրոցի թատերարվեստի բաժնի սաները գրավել են առաջին տեղը: Նրանք են՝ Էլեն Հայրիյանը, Հրաչ Դադայանը, Սոնա Ղահրամանյանը, Ռուզաննա Մելքումյանը, Մերի Առստամյանը, Բելլա Մնացականյանը, Էլմիրա Սարգսյանը, Վադիմ Թավադյանը, Կարեն և Արեն Աղաջանյանները/խմբի ղեկավար՝ Մարինե Աբրահամյան/: Այս սաները մեր դպրոցի պարծանքն են, մենք հպարտանում ենք նրանցով: Եվ պետք է փաստեմ, որ նման հաջողությունների մենք հասել ենք մեր դասատուների նվիրական և թիմային աշխատանքի շնորհիվ>>,- ասաց դպրոցի տնօրենը: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի շնորհավորանքի խոսքը լեցուն էր մայրական գորովանքով. -Այսօր բոլորիս համար տոնական և յուրահատուկ օր է: Աննկարագրելի բավականություն ստացանք, երեխաները մեզ հաճելի և զավեշտական պահեր պարգևեցին: Այս ուսումնական տարվա ընթացքում դպրոցը մեծ հաջողություններ արձանագրեց: Մասնակցելով տարբեր մրցուրթների ու փառատոնների՝ սաները գրավեցին մրցանակային տեղեր և կարողացան բարձր մակարդակով ներկայացնել շրջանը: Արվեստի դպրոցում ունենք 18 բաժին, որտեղ ընդգրկված են 195 աշակերտ: Դա մեծ հաջողություն է բոլորիս համար; Մենք տեսանք, թե ինչպիսի անկեղծությամբ էին հանդես գալիս նրանք: Կատարումները գեղեցիկ էին, անկաշկանդ և ամենակարևորը՝ երեխաները վստահ էին իրենց ուժերին: Դպրոցի տնօրինությունը և ողջ աշխատախումբը ջանք ու եռանդ չի խնայել այսպիսի գեղեցիկ հանդես կազմակերպելու համար: Շնորհավորելով բոլորին այս օրվա առթիվ՝ հույս եմ հայտնում, որ հաջորդ ուսումնական տարին երեխաները կդիմավորեն նոր ու ավելի հարմարավետ շենքում և դպրոցը կշարունակի նորանոր բարձունքներ նվաճել: Միջոցառման վերջում սաները դպրոցի տնօրինության կողմից հյուրասիրվեցին պաղպաղակով: Ինչ խոսք, Ասկերանի արվեստի դպրոցը կրկին անգամ մեզ բավականություն պարգևեց՝ տանելով բոլորիս դեպի բարին, գեղեցիկն ու վսեմը: Համոզված ենք, որ կշարունակենք վայելել դպրոցի յուրահատուկ և հաճելի համերգները… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |