ՀՆՉԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ |
31.05.2017 10:15 |
Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, հյուրեր: Դպրոցի 11 շրջանավարտներ հրաժեշտ էին տալիս հարազատ կրթօջախին և պատրաստվում մտնել նոր կյանք, որը նրանց համար պայքար և ինքնահաստատում է լինելու: Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի ազատության համար մղված պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը. -Այսօր մեր կրթօջախը թողարկում է իր 64-րդ թողարկման շրջանավարտներին: Շրջանավարտներ, ովքեր, իրավմամբ, տարբերվում են իրենց դաստիարակությամբ և մարդկային կեցվածքով: Շրջանավարտներ, որոնց համար գիտելիքը միշտ էլ եղել է առաջնային ու գերակա: Շրջանավարտներից 5-ն ուսումն ավարտում են գերազանց գնահատականներով: Եթե մինչև հիմա մեր մեջ, գեթ մի վայրկյան երկմտանք է եղել, թե ինչպիսին կլինի մեր ապագան, ապա այսօր կարող ենք անավարան ասել. մենք կունենանք փայլուն և լուսավոր ապագա, քանի որ ունենք հիանալի սերունդ՝ լցված հայրենասիրությամբ և վեհ գաղափարներով: Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք հղեց հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը՝ փոխանցելով Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի օրհնությունը: Նա շրջանավարտներին հաջողություններ մաղթելով նոր կյանքում՝ հորդորեց երբեք չմոռանալ դպրոցի հետ կապված հուշերը, սիրելի ուսուցիչներին և նրանց կողմից ստացած դասերը: Դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանի ելույթը լի էր վստահությամբ. -Անշուշտ, շրջանավարտների համար այս օրը հիշարժան է և յուրահատուկ: Նրանք հրաժեշտ են տալիս մի օջախի, որի հետ են կապված նրանց մանկության լավագույն տարիները: Այսօր մի նոր էջ է բացվում նրանց կյանքում և դպրոցական վերջին զանգի ղողանջներն ուղեկցելու են կյանքի ամեն մի փուլում՝ ազդարարելով հերթական շրջադարձի մասին: Ես ցանկանում եմ ձեզ խաղաղ կյանք, ստեղծագործ առօրյա: Դառնաք լավ մարդիկ, հմուտ մասնագետներ և մասնակցեք մեր երկրի բարգավաճմանը, չէ որ մեզ լավ մասնագետներ են պետք:Թող կյանքի դռները լայնորեն բացվեն ձեր առաջ՝ վառելով միայն կանաչ լույսեր երազանքներիդ ընդառաջ: Մաղթում եմ ուժ, եռանդ, ջանասիրություն, բաղձալիին հասնելու կատարյալ և հպարտ ձգտում, անհասանելին հասանելի դարձնելու անհագ ցանկություն , կյանքին և Արցախ աշխարհին պիտանի մարդ, հպարտ քաղաքացի դառնալու վճռականություն: Դպրոցական վերջին զանգը հնչեցնելու իրավունքը տրվեց շրջանավարտ Հասմիկ Հակոբյանին և նախապատրաստական խմբի սան Միլենա Միրզոյանին: Շրջանավարտների սրտի խոսքը լեցուն էր երախտագիտությամբ և սիրով: Նրանց ասմունքը, երգն ու պարը անզուգական էին, իսկ նախապատրաստական խմբի սաների հանդեսն ավելի կատարյալ էր դարձնում միջոցառումը: Շրջանավարտները մեծարում և հարգանքի խոսքեր էին հղում սիրելի ուսուցիչներին, ովքեր նվիրվել էին իրենց անմնացորդ սիրով: Հենց ուսուցիչներն էին իրենց մեջ սերմանել սեր դեպի լավն ու բարին, դեպի գիտելիքի անեզր աշխարհը: Ուսուցիչները նրանց տվել են այնպիսի հզոր թևեր, որոնց շնորհիվ կարող են սավառնել ցանկացած բարձունքում: Ասում են, այս դասարանը դպրոցի ամենահաջողակ, ամենահեզ և լավագույն ճանաչված դասարանն է: Պարզապես, այլ կերպ հնարավոր չէր լինել: Չէ որ դասարանը ղեկավարում է դպրոցի փորձառու, բոլոր սերունդների կողմից սիրված ու հարգված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մագուրա Հարությունյանը: Մայրական ջերմությամբ լցված՝ նա իր սաներին թևի տակ առել, պահել ու փայփայել է 8 տարի: Եղել է նրանց ճիշտ խորհրդատուն և հավատարիմ ընկերը: Շրջանավարտների դասղեկի խոսքը հուզմունքով էր պատված. -Ես այն երջանիկ ուսուցիչներից եմ, ում բախտ է վիճակվել դասավանդել այս շրջանավարտներին և լինել նրանց դասղեկը: Միշտ էլ հաճույքով եմ մտել դասարան, սիրով ու հիացմունքով եմ խոսել նրանց մասին, ուրախացել և հպարտացել եմ նրանց հաջողություններով: Այսօր դուք ունեք այնքան հնարավորություն և կարողություն, որ ձեր ուսումը կշարունակեք բարձրագույն ուսումնական հաստատություններում: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր աշխատասիրությամբ կհասնի իր նպատակին և դուք կդառնաք լավ մասնագետներ: Վստահ եմ նաև, որ դուք լավ մարդ կլինեք և միահամուռ ուժերով կկերտենք մեր նորանկախ երկրի լուսավոր ապագան, կզորացնենք ու կշենացնենք մեր երազած Արցախ աշխարհը: Հարթ ու վարդերով զարդարված ճանապարհ եմ մաղթում, թող միշտ անուշաբույր ծաղիկներ բուսնեն ձեր ճանապարհին: Ապագայի նկատմամբ լցվեք հավատով ու լավատեսությամբ և միշտ բարի հայացքով նայեք աշխարհին ու մարդկանց: Երբեք չմոռանաք հարազատ դպրոցը և ուսուցիչներին, ամուր կպահեք դպրոցական հիշողություններն ու կապը ձեր ընկերների հետ: Գիտության բանալին իրենց հանձնելու և ողջ էությամբ նվիրվելու համար շրջանավարտները երախտագիտություն հայտնեցին դասվար Զարինե Հարությունյանին: Նրանք լավ են հիշում դասվարի տված խորհուրդներն ու խրատները: Չէին մոռանում, թե ինչպես էր նա հպարտանում իրենցով: Չէ որ յուրաքանչյուր մանկավարժական խորհրդի նիստում նա նստում էր գոհ և գլուխը բարձր՝ համոզված լինելով, որ իր աշակերտների ցուցանիշները լինելու են լավագույնից լավագույնը: << Այսօր ավարտվեց ձեր դպրոցական կյանքի հեքիաթը, ուր միայն բարին էր թևածում, ուր պայծառ ու վառ գույներով գրված էր ձեր մանկությունը: Որքան խինդով լի օրեր և անմոռանալի հուշեր եք թողնում այստեղ: Համոզված եմ, այդ հիշողությունները ձեր մեջ կմնան որպես կյանքի ամենալավ և հուզումնալից պահեր: Ուր էլ գնաք, չմոռանաք ձեզ անմանցորդ նվիրված ուսուցիչներին, ովքեր ձեզ տվել են անսահման սեր, հոգու ջերմություն, գիտելիք: Գիտեմ, դպրոցում ամբարած գիտելիքներն ու հայեցի դաստիարակությունը կծառայեցնեք մեր երկրի հզորացմանը: Թող ձեր կյանքի նավը լողա հանդարտ ծովում, իսկ եթե ալեկոծվի, ապա միայն գլխապտույտ հաջողությունների ժամանակ: Միշտ լինեք այդպես կազմակերպված, համախմբված և գեղեցիկ: Ունկնդիր լինեք ձեր ծնողների և ուսուցիչների խրատներին: Քայլեք հպարտ ու վստահ, քանզի ունեք դրա իրավունքը>>,-ասաց շրջանավարտների դասվարը: Ազդեցիկ էր Ն զորամասի զինվորի երգն ու նվագը, որ նա նվիրեց շրջանավարտներին: Երջանիկ պահերն ու հպարտության զգացմունքները միահյուսվել էին իրար: Շրջանավարտները հպարտանում և գնահատում էին հայ զինվորին, որ նրա շնորհիվ ունեն ուսման և մասնագիտացման համար խաղաղ պայմաններ: Շրջանավարտները բուրումնավետ և հիասքանչ ծաղիկներով պատվեցին դպրոցի թոշակառու և դասավանդող ուսուցիչներին ու ծնողներին՝ խոստանալով միշտ բարձր պահել նրանց անունն ու պատիվը: Օրվա հերոսներին շնորհավորելու էին եկել նաև 10 տարի առաջ դպրոցն ավարտած և արդեն կյանքում իրենց տեղը գտած շրջանավարտները: Շրջանավարտներին շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը և հարազատ դպրոցը պատկերող նկար հանձնեց նրանց, իսկ օրեր առաջ նա Երուսաղեմից բերված և օրհնված վզնոցներ էր նվիրել աշակերտներին: Շրջվարչակազմի ղեկավարը պատվոգրերով պարգևատրեց դպրոցի ուսուցիչներ Էրիկ Ապրեսյանին, Շուշան Ավանեսյանին և Սիլվա Ջհանգիրյանին: Օրը լի էր հաճելի անակնկալներով: Շրջանավարտներն անչափ ուրախացան, երբ բարերարներ Սասուն Բարսեղյանի և Արարատ Խաչատրյանի կողմից ստացան դրամական պարգևներ: Խանդավառված պատանիները խաղաղության աղավնիներ բաց թողեցին դեպի կապույտ երկինք, որոնց ճախրանքն ազատության ու անկախության հպարտ թռիչք և օրվա հերոսների իղձերի իրականացում էր ավետում: Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը պատվոգրերով պարգևատրեց շրջանային և հանրապետական մրցույթներում կրթության, մշակութային և սպորտի բնագավառներում մրցանակային տեղեր զբաղեցրած մի խումբ աշակերտների, ինչպես նաև մի շարք ուսուցիչների: Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ շրջանավարտներ: Թող ձեր առջև բացվեն միայն լուսավոր ուղիներ և դուք դառնաք մեր երկրի համար արժանավոր զավակներ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |