ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՎԱԽՆԴՐՈՐԵՆ ՄՈՏԵՆԱԼ
15.05.2017 10:36

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչության պետ Արայիկ Դոլուխանյանի ղեկարությամբ Ասկերանի շրջանի մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ  անցկացվեց սեմինար-խորհրդակցություն։ Սեմինարի նպատակն էր համատեղ քննարկել հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված խնդիրները, ինչը կբացառի հարկերի վճարումից 

խուսափելու դեպքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ֆիննախի օպերատիվ հետախուզության վարչության պետ Դավիթ Պողոսյանը։

Ա. Դոլուխանյանը ողջունելով ներկաներին մանրամասն ներկայացրեց հարկերի վճարումից խուսափելու եւ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017թ. միջոցառումները՝ մանրամասնելով, թե այս տարի հատկապես որ ուղղություններին է սևեռված լինելու նրանց ուշադրությունը։

-Նախ մեր ուշադրության կենտրոնում փաստաթղթաշրջանառությունն լինելու է։ Չնայած առկա ձեռքբերումներին, այս ուղղությամբ դեռևս անելիքներ ունենք թե՛ մենք, թե դուք՝ հարկ վճարողներդ։ Պետք է պատվախնդրորեն մոտենալ հարկային պարտավորությունների կատարմանը, ինչը ես նաև որպես հայրենասիրություն եմ գնահատում։ Մինչդեռ  հաճախ փաստաթղթերի ուսումնասիրությամբ  երբեմն անհավանական խախտումներ են բացահայտվում։ Հարկ վճարողների մեջ պետք է ամրապնդվի այն կարծրատիպը, որ հարկ վճարելով ոչ միայն կառուցում այլև ավելի են զարգացնում մեր երկիրը, - ասաց Ա. Դոլուխանյանը, հավելելով, որ չնայած նախորդ տարվա ապրիլյան հայտնի դեպքերի պատճառով թուլացրել են վերահսկողությունը, սակայն հիշեցման կարգով նշեց, որ շարունակելու են հետևել հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոններին։

-Նախքան հաճախորդը կլքի խանութի տարածքը ՀԴՄ կտրոնը պետք է խփված լինի, հակառակ պարագայում այն կդիտարկվի որպես հարկային պարտավորությունը կատարելուց խուսափում,- ասաց Ա. Դոլուխանյանը։

Անդրադառնալով փաստաթղթաշրջանառությանը Ա. Դոլուխանյանն ասաց, որ որոշ խանութներում զուտ ներկայացված փաստաթղթերի հիման վրա պարզվում է, որ կան մթերային խանութներ, որոնք կաթնամթերք, մսամթերք կամ ծխախոտ և այլ պատրադիր ամենօրյա սպառման ենթակա մթերք կամ ապրանք չեն վաճառում, ինչը ըստ համապատասխան ստուգումների անհավանական է։ Սա ուղղակի բերում է այն եզրահանգման, որ այդ ապրանքները խանութներում իրացվում են առանց փաստաթղթավորման։

-Շարունակելու ենք հետել նաև աշխատաշուկայում առկա իրավիճակին։ Ակնհայտ է, որ դեռևս կան գործատուներ, ովքեր շարունկում են կեղծել իրական աշխատողները թվաքանակը կամ արտացոլել վճարվող աշխատավարձի ոչ իրական չափերը՝ ձևակերպելով նվազգույն աշխատավարձ։ Յուրաքանչյուր ոլորտի համար աշխատավարձի մոտավոր շեմ կա, որից խոշոր շեղումներ իրականում չեն լինում: Խնդիրն իրական աշխատավարձերը ներկայացնելն է: Հարկայինը ոչ մի հարկատուի տուգանելու կամ սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու նպատակ չի հետապնդում,- նշեց Ա. Դոլուխանյանը ։

ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության պետ Դավիթ Պողոսյանը մեկ անգամ ևս անդրադառնալով ապրանքների փաստաթղթաշրջանառությանը նշեց.

-Մեր խնդրանքն ու միաժամանակ պահանջն է, որպեսզի բոլորդ գիտակցորեն մոտենաք այստեղ հնչեցված, իրոք, մտահոգիչ խնդիրներին՝ այն համարելով որպես նախազգուշացում, որպեսզի ինքներդ վերացնեք ձեր թերություններն ու սխալները։

Ասկերանի հարկային տեսչության պետ Մարատ Հայրապետյանը հորդորեց շրջանի հարկատուներին բարձրացնել իրենց հուզող հարցերը, քանզի նման քննարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները ներկայացվում են ֆիննախին՝ հետագա քննարկումների կամ խորհրդակցությունների ժամանակ դրանց համար օպտիմալ լուծումներ տալու համար։

-Նման հանդիպումների առաջնահերթ նպատակը տնտեսվարող սուբյեկտների  ունեցած խնդիրները լուծելն է, նախքան հարկային մարմինների ստուգումները: Իսկ ստուգումները լինելու են հասցեական` ռիսկերի հաշվարկով,- ասաց Մ. Հայրապետյանը։

Վերջում հարկային ոլորտի պատասխանատուները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 




 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter