ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄՊՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
01.06.2017 17:31

Եթե այսօր բնությունը մեզ արևոտ օր է պարգևել, ապա այն կրկնակի  արևաշատ է դառնում, քանզի ամառն սկսվում է երեխաների պաշտպանության միջազգային օրով։ Հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր հաստատվել է 1949 թվականին Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ արեցին բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության։ Չէ ո՞ր միայն դա կարող է ապահովել երջանիկ կյանք մեր երեխաների համար: Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Երեխաների պաշտպանության միազգային օրվան նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել հանրապետությունում՝ համերգներ, մարզական միջոցառումներ, նկարչական մրցույթներ։ Նման միջոցառում կազմակերպվեց Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ համայնքներում գործող կենտրոնի մասնաճյուղերի սաների մասնակցությամբ։ Տոնը համընկավ կենտրոնի 2016-17 ուսումնական տարվա հաշվետու համերգի հետ։

Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ՝ վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, ծնողներ, հյուրեր։

Ողջունելով ներկաներին կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանն ասաց.

-Կենտրոնի հաշվետու համերգը զուգակցելով երեխաների պաշտպանության միջազգային օրվան ցանկացել ենք կրկնակի տոն պարգևել մեր մանուկներին։ Հիրավի, ամենաանբիծ և մաքուր աշխարհը մանուկների աշխարհն է, որտեղ ամեն ինչ բուրում է քաղցրաբույով։ Սիրելի՛ երեխաներ, շնորհավոր ձեր տոնը։ Անհոգ մանկություն ենք մաղթում ձեզ և խաղաղ երկինք։

Ապա բեմահարթակը տրամադրվեց երեխաներին։ Ազգագրական պարերի հիանալի կատարումներով հանդես եկան Նորագյուղի (պարուսույց՝ Թամար Սարգսյան), Իվանյանի (պարուսույց՝ Ռիտա Բեգլարյան) և Այգեստանի (պարուսույց՝ Նանար Սավադյան) մասնյաճյուղերի սաները։ Դահլիճում թնդում էր ազգային պարը՝ ոգևորության և հիացմունքի  հետ միասին հաստատում այն փաստը, որ հայկական ազգային մշակույթը հուսալի ձեռքերում է։ Ելույթներն ընդհատվում էին խաղերով և ուրախ մեկնարկներով, որոնց երեխաները մասնակցում էին ողջ էությամբ ու նվիրվածությամբ։

Կենտրոնի փոքրիկների §Արևներ¦ պարի խումբը (պարուսույց՝ Մերի Գաբրիելյան) արևի ջերմ շողերով և ուրախ տրամադրությամբ լցրեց դահլիճը։ Երեխաներից ամեն մեկը չարաճճի արև էր՝ անհոգ,  անմիջական, անկեղծ, պայծառ և ուրախ։

Այն, որ Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում իշխում է համախմբվածությունն ու պատասխանատվությունը՝ ապացուցվել է բազմաթիվ անգամներ, իսկ 2016-17 ուսումնականի ավարտն ազդարարող հաշվետու համերգը նաև հավաստումն էր այն բանի, որ հետագա տարիներին կենտրոնի կոլեկտիվը կրկին աշխատելու է ուժերի գերլարումով և անելու է հնարավոր ամեն ինչ՝ հանուն Արցախի լուսավոր ու պայծառ ապագայի։

Կենտրոնն ունի շնորհաշատ երեխաներ, ովքեր բարձր են պահում կենտրոնի և շրջանի պատիվ։ Նորագյուղի մասնաճյուղի ազգագրական պարի խումբը մասնակցելով §Մշակութային խաչմերուկ¦ հանրապետական մրցույթին՝ գրավել է առաջին մրցանակային տեղը՝ արժանանալով պատվոգրի և դրամական պարգևի։

Մարդու վրա ներազդելու, նրանում ազգային նկարագիր սերմանելու, ազգային ակունքներից սնվելու և տեսակն ավելի բազմապատիկ դարձնելու առավել լավ միջոց դժվար է գտնել, քան պարն է։ Եվ գաղտնիք չէ, որ պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգին բնորոշ գծերը, նրա քաղաքակրթության աստիճանը։ Ինչպես պարարվեստի գիտակներն են պնդում՝ պարը մի կախարդական աշխարհ է, ուր միաձուլված ճախրում են մարդու հոգին ու մարմինը։ Այդ ճախրանքին թևեր են տալիս պարարվեստի նվիրյալները՝ պարուսույցները, որոնց ինքնամոռաց աշխատանքի շնորհիվ ազգային պարը պահպանվում և փոխանցվում է մատաղ սերնդին։Միջոցառման ընթացքում երեխաները կատարեցին §Մշեցի¦, §Սղերտի քոչարի¦, §Շավալի խոշ բիլազիգ¦, §Էջմիածնի պար¦, §ժողովրդական պար¦, §Պարերի շարան¦, ինչպես նաև ժամանակակից պար։ Ուշագրավ էր, որ երեխաները փայլում էին ոչ միայն ազգային այլև ժամանակակից պարերի արտահայտիչ և ինքնավստահ կատարմամբ։

Ասկերանի ՄՊՍ կենտրոնի հաշվետու համերգն ավարտվեց կենտրոնի սաների և պարուսույցների միասնական շուրջպարով, որը նաև միասնականության և համախմբվածության պար էր։

Կենտրոնի խմբակավարներից յուրաքանչյուրը հստակ նպատակ է հետապնդում՝ կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխայի դարձնել ինքնաճանաչ. Որպեսզի նրանք ճանաչեն իրենց, իրենց ակունքներն ու  պատմությունը, լեզուն և մշակույթը։ Քանզի շատ հեշտ է տապալել այն ծառը, որը խոր արմատներ չունի։ Իսկ սեփական տեսակը ճանաչող մարդուն անհնարին է հաղթել։

Վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը վարչակազմի ղեկավարության անունից շնորհավորեց մանուկներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հիշեցնելով Պրահայում տեղի ունեցած խաղաղության կոնգրեսի մասին, որտեղից էլ ծագել է երեխաների պաշտպանության միջազգային տոն ունենալու գաղափարը։ ԿՍ շրջանային բաժնի կողմից կենտրոնի մի շարք խմբակավարներ և սաներ 2016-17 ուսումնական տարում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվեցին պատվոգրերով։

Մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանն աշխարհի երեխաներին մաղթելով անամպ երկինք և հարատև խաղաղություն՝ Իվանյանի պարի խմբին հանձնեց Մշակույթի նախարարության պատվոգիր՝ պարի միջազգային օրվան նվիրված հանրապետական պարային փառատոնում արժանվույնս հանդես գալու համար։

Երեխաների պաշտպանության միջազգային տոնի առթիվ ՄՊՍԿ աշխատակազմը մանկապարտեզ հաճախող երեխաների համար անակնկալ-նվերներ էր պատրաստել, որոնք վերջում հանձնվեցին հասցեատերերին։

Երեխաների պաշտպանության օրը ուրախ տոն  է ոչ միայն երեխաների համար։ Այն նաև հիշեցում է հասարակությանը՝ երեխաների շահերի պաշտպանության անհրաժշտության մասին, որպեսզի բոլոր երեխաները երջանիկ և անհոգ մանկություն ունենան, սովորեն, զբաղվեն սիրած գործով և ապագայում դառնան մարդկությանը պիտանի քաղաքացիներ։ Պետք է նաև ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի մեր երեխաները ջերմ հիշողություններ ունենան իրենց մանկությունից։ Ու նաև չմոռանալ, որ երեխաների ճիշտ դաստիարակությունից է կախված ամբողջ ժողովրդի բարեկեցությունը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter