ՀՅՈՒՐ ԷԻՆ ԿԱՆԱԴԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ
08.02.2012 01:01


Անսպասելի այցելուներ
Մի քանի տարի Հայաստանում ուռուցքներով ու արյան հիվանդություններով տառապող երեխաներին, իսկ այս տարի ԼՂՀ-ում բազում դպրոցներ այցելելուց հետո անսպասելի հյուրերն իրենց առաքելությունն իրականացրին նաեւ Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի Վ.Օվյանի անվան հիմնական դպրոցում:
Աստված ուժ է տալիս
Ծրագիրը հոգեբուխ էր, մտահղացումը` ընտանեկան, գործողությունը շարունակական, քանի որ Լեւոն եւ Արշալույս Դեր-Ադամյան ամուսիններին ու վերջինիս 45-ամյա երդուն` Մոնռեալի Վանքուվեր քաղաքում զինծառայող Հովհաննես Գյուրլեքյանին, ըստ նրանց, Աստված է ուժ տալիս: Նրանք ներքին մղումով ոչնչից կարողացան ինչ ստեղծել եւ հայաստանցի փոքրիկներին օգնելու հնարավորությունը նվաճելուց եւ կատարելուց հետո արդեն կարողացան լինել նաեւ Արցախում:
Նրանք սրան հասան անձնական գործարարությամբ, ապա իրենց արարքը խրախոսողներ եղան, համակրողներ ու նվիրատուներ: Այս բոլորն էլ համակարծիք էին, որ օգնելու պահանջը ծարավի է նման: Եթե չես սկսում, այն աստիճանաբար մարում է` սպանելով միջիդ մարդուն: Իսկ երբ ՙջրում ես՚, ընդգրկման աճին զուգընթաց ծավալվում է, եւ, իրոք, ՙտվողին տրվում է՚: Առավել եւս, երբ գործնականում համոզվում ես, որ նյութական փոքրիկ նվիրատվությամբ ընդօրինակման մեծ պատուհան ես բացում կրտսերների առջեւ, որոնք ավելիին են ունակ եւ դառնում են բարին սերմանող քո հետեւորդները: Հենց այս առումով էլ գնահատելի էին հյուրերի սրտաբուխ աշխատանքը, արդյունքն ու հետեւանքը:
Ականատես բոլոր մանուկներն ակամա ընկալում են, որ բարու հատկանիշները պետք է շարժում պահանջող մկանների պես աշխատեն, չպետք է թույլ տալ, որ դրանք ննջեն, խոր քուն մտնեն կամ թերասնվեն` չարին խնդություն պատճառելով;
Անհնարին բան չկա. բարին կատարվում է Աստծո կամոք, ու սրա օրինակը մեր կանադահայ ընտանիքն է տալիս:
Ձեռք բերենք փրկության բանալիները
Տիկին Արշալույսը դպրոցականներին նվերները մատուցելիս քաջալերեց հերոսների հերոսածին այս սերնդին` վստահ լինելով, որ նա չի ընկճվի որեւէ դժվարությունից, չի ընկրկի ճշմարտությունը` հայրենիքի ազատ շունչը գնահատելու, պաշտպանելու վճռականությունից: Արցախն այս տիկնոջ համար մի մեծ հայտնություն էր. բոլոր դպրոցներում ամեն մի երեխայի մեջ հասուն անհատականություն տեսավ, բոլորը միասին դրսեւորում էին ի ծնե կայացած բանակի, մարտիկների զորախմբի հատկություններ: Ասես նրանք միշտ պատրաստ են շարունակելու իրենց քաջազուն պապերի ու հայրերի գործը, որոնցից մեկի անունով, օրինակ, անվանակոչվել է այս դպրոցը: Դա դաշուշենցի մարտաշունչ գրող Վազգեն Օվյանն է, իսկ դասարաններից մեկը բալահովտացի, գյուղի ջոկատի հիմնադիր, զոհված ազատամարտիկ Սամվել Վարդանյանի անունն է կրում: Իրենց կյանքը հայրենիքի ազատությանը զոհաբերած մյուս քաջերի նկարները դպրոցի պատվոտախտակին են փակցված` Հայաստանի եւ Արցախի ազգային հերոսների փառավոր էջերի կողքին:
Աշակերտներն իրենց հանպատրաստից ելույթներով ուրախության եւ հպարտության արցունք քամեցին հյուրերի աչքից, հատկապես, երբ խրոխտ հնչեց Արցախի օրհներգը: Իրենց հույզերը ձեւակերպելով` հյուրերը խոստովանեցին, որ իրենց զգում են անխորտակ, անձեռակերտ մի ամրոցում, որն ի զորու է իրենց պաշտպանելու ՙտեղի պարիսպների սահմաններից դուրս՚` Կանադայում ու ամենուր: Վստահ են, որ ոչ մի չար ուժ չի կարող մերձենալ հայ կյանքի դարպասներին, Հայաստան-Արցախ տանը: Սա ազգային ոգուն ապավինելու անխաբ երաշխիք է, որը կարող է ազգային պատկանելությունը խլացրած արյանը նոր լիցք հաղորդել, կենսունակություն` հոգում ծլեցնելով նոր հունդեր, ունեցածին տեր կանգնելու ինքնագիտակցություն ձեւավորելով, մշտապես մատակարարելով անսպառ հայրենադարձ ավիշ յուրաքանչյուր հայի հոգուն, մտքին ու գործողություններին:
Այցելությունը նախաձեռնող Հովհաննեսին ոգեւորում էր դպրոցում ցանկացած մանր ու մեծ երեւույթ, որն ի պահ էր տրվում իր տեսախցիկին: Արցախի բնությամբ տպավորված եւ նրա կուսականությունը պահպանելու մտահոգությամբ Հովհաննեսը բնությունը ճանաչելու եւ աշխարհը գիտենալու միջեւ զուգահեռներ անցկացրեց` հավաստիացնելով իր ունկնդիրներին, որ առաջինն անհրաժեշտություն է անձնական կյանքի, առողջ ապրելակերպի, իսկ երկրորդը` նաեւ ազգի կենաց պահպանման ու փրկության համար:
-Բնությունը մոլորվածին կամ տկարին հնարներ է առաջարկում վտանգից ելք գտնելու համար, ալեկոծ հասարակությունն էլ աշխարհում իր լավ ու վատ բախումներով մեր ազգին ճիշտ կողմնորոշվելու ուղիներ է մատնանշում: Դրանք հասկանալու եւ դրանցից օգտվելու համար համառորեն պետք է գիտելիքներով ու հոգեւոր զորությամբ զինվենք. սրանք են մեր փրկության բանալիները: Մենք պետք է կարողանանք հասկանալ ե'ւ տեսանելին, ե'ւ անտեսանելին, տեսնենք ոչ միայն սպանդ հեղինակող յաթաղաններին, այլեւ ավելի մեծ ավերածություն գործող ժպտերես փարիսեցուն:
Այնպես որ, երեխաններ,-եզրափակեց օրինակներով համեմված իր խոսքը Հովհաննեսը,-մեր գոյության ու հայրենիքի հարատեւության հիմքում ինքներս մեզ ճանաչելու, մշակելու եւ գնահատելու ցանկությունն ու կամքն են ընկած:
Ես երբեմն լսել եմ, թե Արցախի հողը շահութաբեր չէ, որի պատճառով ոմանք հեռանում են` ջուր լցնելով մեր թշնամու եւ ծպտված ախոյանների ջրաղացին: Հիշենք` Արցախի հողը հող է տիրոջով: Տերն իր հողի վրա արարիչ է, իսկ արարումն ինքնին կյանք է. մի՞թե կյանք նվաճելը չէ մեծագույն շահույթը:
Կարո՞ղ եք պատմական այս հողակտորը մեր անդավաճան ու մշտական ներկայացմամբ շահութաբեր դարձնել,- դիմեց իր ունկնդիրներին Հովհաննեսը:
- Կարող ենք,- երդման պես արձագանքեցին աշակերտները:
Դառնալ ժամանակի տերը
Կից նկարում տեսանելի է Դաշուշենի աշակերտների սերն ու համակրանքը, երախտագիտությունը, ուսուցիչների ու համայնքի զգացվածությունը: Բոլորի հոգին պարուրած ուրախության թրթիռը վերածվել էր մշտապես արտացոլվող բերկրածին. սրտապնդող լիցքի:
Հովհաննեսի կատարած բազում լուսանկարներում աշակերտների խնդօծուն դեմքերը, ուրախ ձեռնաթափահարումը հաստատում են, որ նրանք համոզվել են` տվողին տրվում է, եւ կամենում են, որ իրենց բարեսեր այս հյուրերի ոչ միայն գրպան-գանձանակները բազմապատիկ լցվեն ամեն բաշխումից հետո, այլեւ` հոգին ու միտքը, պիտանության ձգտումն ու բարին գործելու անվարան կամքը` վարակելով բազումների, կազմելով ընդօրինակողների հզոր բանակ, որի կազմում արդեն ընդգրկվեցին նաեւ իրենք:
Բանակ, որը թույլ չի տա, որ Արցախ աշխարհն էլ միայն հիշողություն դառնա կամ անցյալից ձգվող սրտամորմոք կարոտ: Այսօրինակ զորախումբն ի զորու է մի բուռ դարձած աշխարհին ու անսահման տիեզերքին ապացուցելու, որ մեր քարախեղդ հողն իր տիրոջ մտքին ու հոգուն ընծայում է Աստվածահաճո գաղափարներ ծնելու-իրականացնելու եւ մարդու իսկ ձեռքով ձորձազգեստ դարձած երկիրը նորոգելու: Մտքի ու զգացմունքի ճիշտ զուգորդման դեպքում դրան կներեն ե'ւ բազկի ուժը, ե'ւ ժամանակը: Կամավորների նման բանակը կարող է ժամանակի տերը դառնալ եւ ոչ թե ընդամենը նրա հետեւից շնչակտուր վազող:
Այսպիսիններին աղուհացով են սպասում
Բառի բուն իմաստով բարերարներ ու հայրենիքի մարտիկներ, կատարելության ձգտող փխրահոգի մարդիկ…Դրանք են երկրի աղը: Այդպիսիներն են աշխարհն ընդհանուր տուն դիտում, իսկ հայրենիքը` անփոխարինելի բնօրրան: Այն մշտական հոգածության պետք է արժանանա իրենց ծնունդ տված ամեն մի հայի, յուրայինի կողմից: Դա կատարվում է նույնիսկ արյան կանչի թելադրանքով:
Լեւոն ու Արշալույս Դեր-Ադամյան ամուսինների եւ նրանց որդի Հովհաննես Գյուրլեքյանի շնորհաշատ քայլն այսպես գնահատելով` Դաշուշենի հիմնական դպրոցի տնօրեն Մ. Ծատրյանը թեկուզ մեկ մոմ վառելով խավարը ցրելու, Ամանորի հետ խնդություն ու այն բաշխելու բարերարների կարողունակությունը եւ կոլեկտիվի տպավորությունն ի մի բերեց.
-Մենք այս ընտանիքի օրինակով կրկին համոզվում ենք, որ ներդրման քանակի ցանկալի մեծությունից առավել է նրա միջի ՙսրտամասը՚, որն ապահովում է գործողության նպատակասլացությունն ու արդյունավետությունը: Եթե այս ընտանիքը մեզ դիտում է արցախապահ մարտիկներ, մենք էլ իրենց ու նմանակներին` ազնիվ ռազմիկներ, աննահանջ նվիրյալներ, որոնք, մարդկանց վերքին մի պտղունց աղ ցանելով, դառնում են միջավայրի աղը` համն ու հոտը, որոնց ամենուր աղուհացով են դիմավորում` անկախ ազգությունից ու կարգավիճակից:

Անահիտ Գեւորգյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter