7 ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԱԿԻՐ` ՆՈՐԱԳՅՈՒՂԻՑ
13.06.2017 12:00

Այն, որ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է՝ ապացուցվել է բազմաթիվ անգամ։  Անկասկած, յուրաքանչյուր ոք ցանկանում է իմանալ, կարողանալ անել ավելին։ Սակայն ի ծնե ոչ բոլորին է տրված գիտակ լինելու անչափ մեծ բախտը։ Քանզի գիտելիքների աշխարհ տանող ճանապարհն անչափ դժվարին է, որը պահանջում է մեծ կամք, եռանդ, աշխատասիրություն, համառություն։  Դեռևս հնագույն փիլիսոփաներից մեկն ասել է՝ Ես

մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ։ Անընդհատ հարստացնելով գիտելիքների պաշարը, մարդը ձեռք է բերում հաջողություն, ինքնուրույնություն, հարգանք՝ դառնալով բարձր ինտելեկտի տեր։

Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան խորը և բազմակողմանի գիտելիքներով զինված անհատների նվաճած բարձունքների մասին։  Առասպելական արքա Սողոմոնն Աստծուց խնդրել է միայն մի բան՝ գիտելիք, որի համար նա պարգևատրվեց ամեն ինչով՝ իմաստնությամբ, հարստությամբ, սիրով և երկարակեցությամբ։

Անկասկած դպրոցում հումանիտար և բնագիտական առարկաներից ստացած գիտելիքները մեծապես օգնում են հետագա ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում կոնկրետ առարկաների ուսումնառությունն առավել խորացված շարունակելու, գիտելիքների պաշարը հարստացնելու համար։ Այս առումով Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում դրված են ամուր հիմքեր՝ գիտելիքների անեզր աշխարհում այս դպրոցի սաները լողում են հոսանքի ուղղությամբ։ Ուսուցիչը ու միայն ուսուցիչն է ուղեկցում դեպի գիտելիքների աշխարհ տանող բարդ ու դժվարին ճանապարհին, ով ոչ միայն որոշակի առարկաներ է ուսուցանում իր աշակերտներին, այլև հոգ է տանում աշակերտի՝ իրականությունը ճիշտ ընկալման, անհատականության ձևավորման և ինքնագնահատականի բարձրացման, ստեղծագործական ունակությունների բացահայտման ուղղությամբ։ Նորագյուղի միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր ուսուցիչ պատվով է կատարում իր վեհ առաքելությունը՝ դպրոց հաճախող ամեն մի աշակերտ գյուղի ու Արցախ աշխարհի ապագա լիիրավ տերն է ու խոնարհ ծառան։

Այդ են թերևս վկայում դպրոցի 2012-13 ուսումնական տարվա շրջանավարտների հետագա ուսման մեջ գրանցած հաջողությունները, ինչը գրազանցել է բոլոր սպասելիքները։ Այս աշակերտների մասին խոսելիս յուրաքանչյուր ուսուցիչ մեծ ոգևորությամբ ու անթաքույց հպարտությամբ է լցվում, քանզի այս դասարանը դպրոցի ամբողջ պատմության ընթացքում լավագույնս է դրսևորվել։ Դասարանի աշակերտներից  շատերը դպրոցում սովորել են գերազանց գնահատականներով, մասնակցել շրջանային և հանրապետական առարկայական օլիմպիադաների, ինտելեկտուալ խաղերի, գրավել մրցանակային տեղեր, արժանացել պատվոգրերի և թանկարժեք նվերների։ Ասել է թե այս շրջանավարտները կոչված են բարձր պահելու հարազատ կրթօջախի ու սիրելի ուսուցիչների անունն ու պատիվը, ինչու չէ նաև բերկրանք ու հպարտություն պարգևել հարազատներին։

Օրեր առաջ նույն դասարանից 7 հոգի, ինչը կարծում ենք աննախադեպ է հանրապետության մասշտաբով՝ երկրի Նախագահի ձեռքից ստացել են բարձրագույն ուսումնական հաստատությունը կարմիր դիպլոմով արվարտելու վկայականները։ Նրանք են՝ Թամար Պետրոսյան (ռուսաց լեզու և գրակ.), Մելինե Մարտիրոսյան և Անուշ Խաչատրյան (տնտեսագիտություն), Վալենտինա Մարդյան (կենսաբանություն), Արմինե Հայրապետյան (աշխարհագրություն), Մարիամ Գասպարյան (հոգեբանություն), Արմինե Բարսեղյան (կերպարվեստ)։

 Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանն ասում է, որ ցանկացած ուսուցչի համար մեծ հպարտություն  է, երբ գովում են իր աշակերտին։

- 2012-13 ուսումնական տարվա մեր շրջանավարտները գերազանցել են բոլորիս սպասելիքները։ Միայն տեսեք. Անցյալ տարի այս դասարանի շրջանավարտ Ալիսա Ղահրամանյանը  գերազանցության դիպլոմով ավարտել է Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջը, երկու հոգի՝ Արմինե Գրիգորյանը և Նադեժդա Գասպարյանն ուսանում են Երևանի պետական բժշկական համալսարանում ու կրկին գերազանց առաջադիմությամբ։ Դասարանը դպրոցական տարիներին միշտ էլ աչքի է ընկել մեծ ակտիվությամբ՝ դպրոցական, շրջանային և հանրապետական նշանակության միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ։

Հարազատ կրթօջախի մասին իրենց տպավորություններն ու սրտի խոսքն ասացին նաև կարմիր դիպլոմակիրները։ Նրանք վստահ են, որ դպրոցում ստացած գիտելիքները մեծապես նպաստել են ԲՈՒՀ-ում ուսանելու ժամանակ։ Իսկ իրենց գիտելիքներն ի սպաս են դնելու Հայրենիքի էլ ավելի բարգավաճման ու բարօրությանը։ Նաև փաստում, որ դժվար չէր գերազանց գնահատականներով սովորելը, պետք է ուղղակի մասնագիտության հարցում  ճիշտ ընտրություն կատարել։ Ու եթե սիրում եմ այդ մասնագիտությունը, ապա ինչու չտիրապետել դրան գերազանցապես։

-Մեր հույզերը միախառնվել են՝ երախտագիտություն, հպարտություն, պատասխանատվություն: Մենք երախտապարտ ենք մեր ուսուցիչներին ու դասախոսներին, ովքեր իրենց անվամբ ու գործով դարձել են մեզ համար ուղենիշ: Մեզանից յուրաքանչյուրն այսօր պատրաստ է իր գիտելիքով զինվորագրվելու Արցախին, լինելու նրա երդվյալ մարտիկը: Ձեռք ձեռքի, թև թիկունքի մենք կառաջանանք, ու մեր ընթացքն այլևս անկասելի է, որովհետև սրով գիրն ենք վահանում, գրով՝ սուրն անհաղթ դարձնում: Այս վկայագիրը լինելու է մեր ճանապարհի կարմիր արևը, որ իր լույսով պիտի միայն պայծառ օրեր բերի մեր երկրին ու նրա գալիքին,- ասում է Թամար Պետրոսյանը։

Այժմ նրանք պատրաստվում են շարունակել իրենց ուսումը մագիստրոսի որակավորում ստանալու ուղղությամբ, ինչի համար էլ նրանց մաղթում ենք հաջողություններ՝ համոզված լինելով, որ ուսման անհագ ծարավը երբեք չի լքի նրանց, նրանց օրինակը կլինի վարակիչ,  իսկ ստացած մասնագիտական կարողություններն ի սպաս կդնեն Արցախ աշխարհի և հայ ժողովրդի բարգավաճման և բարեկացության։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter