ՆՐԱՆՑ ՍՐԲԱԶԱՆ ՇԻՐԻՄՆԵՐԻՑ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ |
16.06.2017 15:34 |
Հունիսի 14-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված արցախյան ազատամարտի նվիրյալ ԳԱՐԻԿ ՍԱՄՎԵԼԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ծննդյան 45-ամյակին։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետի հիշատակին նվիրված միջոցառումն սկսվեց Արցախի Հանրապետության պետական օրհներգով։ Ներկաները մեկ րոպե հոտնկայս լռությամբ հարգեցին Հայրենիքի նվիրյալ զավակների անմար հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ՊԲ ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ Վարդան Բալայանը, ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռներկությունների, ուժային կառույցների ղեկավարներ, զոհված ազատամարտիկի հարազատներ, մարտական ընկերներ։ Գարիկ Մելքումյանն արցախյան ազատամարտի այն նվիրյալներից էր, ովքեր անիմաստ էին համարում առանց գաղափարների ապրած կյանքը։ Ու շատերի պես նա ելավ պայքարի հանուն այդ վեհ գաղափարների իրագործման։ Ծնվել է 1972 թվականի հունիսի 14-ին, Ասկերանում։ Հաճախել է Ասկերանի միջնակարգ դպրոցը՝ ուսումնառության տարիներին ցուցաբերելով բարձր առաջադիմություն։ Այդ էր թերևս փաստում նրա դասղեկ Ռոմելա Մոսյանը։ Նա մայրական ջերմ գորովանքով է հիշում իր սաներին, որոնց մեջ առանձնանում էր Գարիկը՝ միշտ ժպտադեմ, հավասարակշռված, ընկերասեր, պատրաստակամ ամեն րոպե օգնության ձեռք մեկնել։ Նա ակտիվորեն մասնակցում էր դպրոցում կազմակերպվող մարզական և ռազմական միջոցառումներին, գրավում առաջնակարգ տեղեր։ Դասղեկի համար անչափ դժվար էր անցյալ ժամանակով իր սիրելի աշակերտի մասին խոսելը, ով Հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ անվարան զինվորագրվեց Հայրենիքի փրկության վեհ գործին։ Ավարտելով միջնակարգը Գարիկն ընդունվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ընդհանուր տեխնիկական առարկաների բաժինը։ Դա 1989 թվականն էր, երբ ամբողջ երկրամասում թափ էր առել արցախյան շարժումը։ Նա քաջատեղյակ էր, որ լավ ուսանող լինելուց առաջ նախ պետք է լավ մարդ լինել, Հայրենիքի նվիրյալ զավակ։ Ու հայրենիքի ազատության գաղափարներն էին նրա համար առաջնայինն ու կարևոր։ Գարիկի ուսանողական տարիների մասին ներկաների հետ կիսվեց նրա դասախոս, ԱՀ Աժ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը։ -Գարիկը փայլուն ուսանող էր և միշտ բարձր թվանշաններ էր ստանում։ Թվանշաններ, քանզի հետագայում պատերազմը տվեց նրա գնահատականը՝ Հայրենիքին նվիրվելու ու հանուն այդ սրբության նահատակվելու պատրաստակամ լինելը։ Գարիկի ու նրա բախտակիցների մեջ արմատավորված էր նահատակվելու գաղափարը, ինչն ազատության ու անկախության հասնելու գրավականն է։ Գարիկի նման նվիրյալների ապրած կյանքը դաս ու դասագիրք պետք է հանդիսանա մատաղ սերնդի համար , որը չպետք է դասամիջոց ունենա,- ասաց Ա. Մխիթարյանը երախտագիտության ու խոնարհումի խոսքեր ասելով Գարիկի մորը՝ Ռոզա մայրիկին։ Գարիկ Մելքումյանը հայրենասեր էր իր ողջ էությամբ, ապրում էր ժամանակի պայքարի ոգով, եռանդուն կերպով մասնակցելով ուսումնական շինջոկատների աշխատանքներին, որոնք իրականում օգնության էին հասնում ադրբեջական հրոսակախմբերի ոտնձգություններին ենթարկվող Արցախի սահմանամեձ գյուղերին։ Նա նպաստել է Խրամորթ և Փառուխ գյուղերի պաշտպանության գործին։ Մասնակցել է նաև Խոջալուի և Աղդամի կրակակետերի վնասազերծման գործողություններին։ Իր հավատարիմ զինակից-ընկեր Ավետիք Հայրապետյանի հետ միասին հայտնվում էին ցանկացած ծայրամասային գյուղում։ Կարճ ժամանակամիջոցում նրանց արդեն ճանաչում էին Հադրութի շրջանի մի շարք գյուղերում։ Ու նրանց ներկայությունը հույս ու հավատ էր ներշնչում տեղացիներին։ Գնալով իրադրությունը փոխվում էր նաև Ասկերանում։ Հարազատ ծննդավայրը կարճ ժամանակամիջոցում հայտնվեց թշնամու նշանառության տակ։ Իսկ Գարիկի ընտանիքը առաջիններից մեկն իր վրա զգաց թշնամու դավադրությունը։ Գարիկի հայրը՝ Սամվել Մելքումյանը 1988-ի փետրվարի 22-ին իր ընկերների հետ թշնամու՝ Ասկերանի վրա հարձակվելու մասին լուրն առնելուն պես Խրամորթից շտապում էին Ասկերան, երբ Աղդամի մատույցներում հանդիպեցին թշնամու խառնամբոխին։ Ու միայն երջանիկ պատահականությամբ փրկվեցին մահվանն ճիրաններից։ Վրեժխնդրությամբ լցված Գարիկն անվարան միացավ ծննդավայրի պաշտպաններին։ Հմուտ հրամանատար Վիտալի Բալասանյանի հրամանատարության ներքո նրանք կարողացան մինչև բաղձալի հաղթանակն անառիկ պահել երկրորդ, չորրորդ և Ուղտին մեջք կոչվող ռազմավարական խոշոր նշանակության պահակակետերը։ Կարճ ժամանակահատվածում՝ 1993 թվականին, իր աշխատասիրության և համեստ բնավորության, գործիմացության և ռազմական ունակությունների շնորհիվ Գարիկը դարձավ դասակի՝ իսկ 1995 թվականին վաշտի հրամանատար։ 1996թվականին նշանակվել է վաշտի հրամանատարի տեղակալ, իսկ որոշ ժամանակ անց՝ գումարտակի հրամանատար։ 1997թ. կապիտան Գարիկ Մելքումյանը պարգևատրվել է §Արիության համար¦ մեդալով։ 1998թ. դեկտեմբերի 29-ին դժբախտ պատահարն ընդհատեց ուժերի ծաղկուն շրջանն ապրող երիտասարդ ու խոստումնալից հրամանատարի կյանքը…Գարիկ Մելքումյանը հետմահու պարգևատրվել է §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի շքանշանով։ Գարիկ Մելքումյան հրամանատարը հայրական սիրով ու խոստապահանջությամբ էր վերաբերվում իր զինվորներին, մշտապես մտահոգ, որ որևէ մեկի մազը չծռվի։ Եղբայրը՝ Արթուրը, նրա վաշտում էր ծառայում։ Չնայած Արթուրը մանկավարժական ինստիտուտի քիմբիոլոգիայի բաժնի ուսանող էր, եղբայրներով մոռացած ընտանիքի հոգսերը, նվիրվել էին Հայրենիքի պաշտպանության գործին։ Արթուրի դստրերը՝ Սյուզաննան ու Ռուզաննան հաճախ են թախանձում իրենց հորը պատմել հերոս հորեղբոր մասին, որին տեսնելու բախտ չի վիճակվել նրանց։ 1997թ. Գարիկն ամուսնացավ իր միակ սեր՝ Արևիկի հետ։ Ու այսօր Գարիկն ապրում է իր միակ դստեր՝ Գոհարի մեջ։ Լուսեղեն, հրաշք աղջիկը չկարողացավ հայրիկ ասել հայր բառին փափագող Հայրենիքի զավակին։ Քաջ հրամանատարի մահվան լուրն առած զորամասը 40 օր չերգեց, չծիծաղեց։ Միջանցքում, օրապահի մոտ Գարիկի մեծադիր նկարն էր՝ մշտավառ մոմերով շրջապատված։ 40 օր ամբողջ գումարտակը լուռ ու խոնարհ պատիվ էր բռնում իր հրամանատարին։Այսօր էլ Ասկերանի Ն զորամասի վաշտերից մեկը կրում է Գարիկ Մելքումյանի պանծալի անունը։ Եվ ամեն օր անվանականչին նախ հնչում է Հայրենիքի նվիրյալ Գարիկ Մելքումյանի անունը։ Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը ԱԱՄ նախագահ, գեներա-մայոր Սամվել Կարապետյանի անունից երախտագիտություն հայտնեց Գարիկ Մելքումյանի հարազատներին՝ հայրենանվեր ու քաջարի զավակ դաստիարակելու համար։ Միության անունից Էդվարդ Խաչատրյանը նվեր հանձնեց Ռոզա մայրիկին։ Հուշ-ցերեկույթի ժամանակ ներկաները դիտեցին Գարիկ Մելքումյանի կյանքին ու զինվորական ծառայության նվիրված տեսաֆիլմ, որտեղ նրա մարտական ընկերներ Արթուր Հարությունյանն ու Թելման Գաբրիելյանը սրտի խորը կսկիծով էին խոսում մարտական ընկերոջ ու պարզապես իսկական Մարդու՝ Գարիկ Մելքումյանի մասին։ Հրեղեն-այրող էր միջոցառումը վարող Աիդա Գյանջումյանի խոսքը՝ լցված հայրենասիրության ոգով երիտասարդությանը դաստիարակելու հզոր լիցքով, ով պատգամում է երիտասարդ սերնդին` իրականացնելու հայ ազգի նվիրյալ զավակների սրբազան երազանքը` հայոց պատմական Հայրենիք-Էրգիրն ազատագրելու գործում: Երկարամյա մանկավարժն իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը երբեք հայրենասերների, սխրանքի պատրաստ հերոսների պակաս չի ունեցել: Ն զորամասի զինվորներն ու Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծությունների ու երգերի գեղեցիկ ու ազդեցիկ կատարումներով։ Անչափ ազդեցիկ էր զինվորների Խաղաղություն երգի կատարումը, որտեղ զինվորները պատրաստ էին հանուն երկրի խաղաղության իրենց մարմինը մատյան դարձնել։ Քանզի նրանց աչքի առաջ բազմաթիվ կենդանի օրինակներ կան և նրանք այլևս հաղթել են մահվան։ Զինվորների երգը նաև երդում էր` շարունակել և ավարտին հասցնել զոհված տղաների կիսատ մնացած գործը… Նման հուշ-ցերեկույթի միջոցառումներ կազմակերպելով մեկ անգամ ևս ապացուցվում է, որ ժամանակն ի զորու չէ մոռացության մատնելու Հայրենիքի նվիրյալների սխրագործությունները, քանզի հանուն ազատ ու անկախ Հայրենիք ունենալու վեհ գաղափարի իրագործման ելած մարտիկների հիշատակն անմար է։ Գարիկ Մելքումյանն այն անհատականություններից էր, ով իր ապրած կարճ, սակայն իմաստալից կյանքով ապացուցել է, որ հայրենիքն ու հայրենասիրությունը զուտ խոսքեր չեն, այլև բացարձակ արժեքներ։ Նա ապրում էր՝ Ամեն մարդ պետք է այնպես ապրի, որ իր ազգի դեմքը միշտ հպարտ լինի գաղափարախոսությամբ ու իր պահվածքով, կեցվածքով ու նվիրվածությամբ հայրենասիրության դաս է մատաղ սերնդի համար։ Ու ինչպես Գարեգին Նժդեհը կասեր` նրանց սրբազան շիրիմներից է վեր բարձրանում Հայրենիքը: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |