ԹՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲԱՐՁՐ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԼԻՆԵՆ ՁԵՐ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ |
28.06.2017 11:46 |
Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը… Կոմիտաս Այն երևույթը, առանց որի կյանքն այսօր լրիվությամբ այլ երանգներ կունենար, դա երաժշտությունն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երաժշտությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մեր կյանքում: Այն ոգևորում է, նպաստում մեր տրամադրության և հոգեվիճակի փոփոխմանը: Գեղեցիկ երաժշտությունը դաստիարակում է, օգնում և թեթևացնում մարդու կյանքը: Պատահական չէ ասել Մեծն Թումանյանը, որ երաժշտությունն արվեստների մեջ այն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա: Հունիսի 22-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց մի գեղեցիկ միջոցառում, որը նվիրված էր Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն §Բերդ¦ համույթի հիմնադրման 15-ամյակին: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի բաժիների վարիչներ, շրջվարչակազմի աշխատակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառման հաղորդավարներ Նինել Գաբրիելյանը և Սասուն Սարդարյանը հանդես եկան բացման և ողջույնի խոսքով: 15 տարվա պատմություն ունեցող §Բերդ¦ համույթն իր հրաշալի երգացանկով, մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ է տպավորվել հասարակության շրջանակներում: Համույթն իր կենսագրության ընթացքում հանդես է եկել տարբեր բեմերում՝ իր յուրօրինակ կատարումներով նվաճելով արցախցի հանդիսատեսի սիրտը: Իր առաջին իսկ համերգներից արժանացել է արցախցու սիրուն և վստահությանը, քանզի մեզանից յուրաքանչյուրն այսօր կարիք ունի իսկական, անաղարտ ու զուլալ հայկական երգի: Հիրավի, ճիշտ է ասված, որ մայրենի խոսքից ու ժողովրդական երգից կտրված մարդը, որպես լիարժեք անհատ չի կարող ձևավորվել: Այս տարիների ընթացքում համույթը համերգային ծրագրերով ներկայացել է շրջանի և հանրապետության գրեթե բոլոր համայնքներում: Իր հայրենասիրական երգերով ոգևորել և շարունակում է ոգևորել հայոց զինվորներին՝ քաջալերելով և կամքի ուժ հաղորդելով նրանց: Համույթի կայացման և զարգացման գործի ակունքներում կանգնած էին մարդիկ, ովքեր կարևորելով կյանքի ու արվեստի, կյանքի ու երաժշտության սերտ կապը՝ արել են հնարավորն արվեստն ու երաժշտությունն արցախցուն մատուցելու համար: Նրանք էին Համլետ Ապրեսյանը, Լիդա Գաբրիելյանը, Արթուր Սարգսյանը: Այսօր Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնը ղեկավարում է երգ ու երաժշտության գիտակ Ռոմելա Գրիգորյանը: Կենտրոնի կոլեկտիվն անում է ամեն ինչ, որպեսզի պահպանվեն մշակութային արժեքներն ու գանձերը, մեր նախնիներից ստացած լավագույն ավանդույթները: Համույթն այս 15 տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցել ու շարունակում է մասնակցել շրջանում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառման: Մասնակցելով շրջանային և հանրապետական տարբեր մրցույթների, փառատոնների՝ կարողացել է արժանանալ պատվոգրերի, դիպլոմների և պարգևատրությունների: Այս ողջ ժամանակահատվածում համույթի գործունեությունը շրջվարչակազմի ղեկավարի ու մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ուշադրության կենտրոնում էր: Անխախտ համագործակցության և աջակցության շնորհիվ արձանագրվել են բազմաթիվ հաջողություններ: Համերգային ծրագիրը, որը ներկայացվեց հանդիսատեսին, լի էր սիրով և յուրահատուկ ջերմությամբ: Համույթի երաժիշտներն իրենց կատարումներով անբացատրելի հույզեր պարգևեցին հանդիսատեսին: Ներկաները վայելեցին գուսանական, ազգագրական երգերի հրաշալի կատարումները: Մենակատարներ Հերմինե Խաչատրյանը, Սասուն Սարդարյանը, Ռադիկ Մանասյանը և Արայիկ Հասրաթյանն իրենց անզուգական երգերով վառ տրամադրությամբ համակեցին միջոցառման մասնակիցներին: Ըմբոշխնելով հաճելի երաժշտությունը՝ ներկաները մի պահ կտրվեցին առօրյա հոգսերից և ընկան երաժշտության զարմանահրաշ աշխարհը, որտեղ միայն բարին ու գեղեցիկն էր թագավորում: Այնուհետև կազմակերպվեց §Գուշակիր մեղեդին¦ մրցույթ, որը խանդավառության ալիքներ բարձրացրեց դահլիճում: Մրցանակային տեղեր զբաղեցրած Արայիկ Հասրաթյանը, Արթուր Մկրտումյանը և Արթուր Սարգսյանը պարգևատրվեցին պատվոգերով և ստացան հուշանվերներ: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը շնորհավորելով ներկաներին այս հիշարժան տոնի առթիվ՝ մաղթեց կենտրոնի կոլեկտիվին նորանոր ձեռքբերումներ, միասնություն և խաղաղ երկինք: Նա պատվոգրերով պարգևատրեց համույթի մի խումբ երաժիշտների: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ուշադրության կենտրոնում էր նաև թոշակառու երաժիշտ Արամ Մելքումյանը, ով նույնպես պարգևատրվեց պատվոգրով: Հուզիչ և սրտառուչ էր նաև համույթի նախկին մենակատար Անահիտ Հովսեփյանի սրտի խոսքը. - Իրոք, այսօր հիանալի տարելից է: Մենք՝ համույթի ձևավորման ակունքներում կանգնածներս, հիացած ենք այս գեղեցիկ հանդեսով: Ճաշակելով հաճելի երաժշտություն և հայկական երգեր՝ լցվեցինք մի անբացատրելի զգացողությամբ: Անչափ ուրախ ենք, որ Ասկերանի §Բերդ¦ համույթն այսպիսի հաջողությունների է հասել: Անկասկած, դա կազմակերպված և նվիրված աշխատանքի արդյունք է, ինչ համար պետք է շնորհակալություն հայտնել կենտրոնի ողջ կոլեկտիվին… Արցախ աշխարհի երկնակամարը թող միշտ կապույտ և անամպ լինի: Թող ամենուր լսվեն մանուկների անհոգ ճիչերը, թող երգն ու ծիծաղը թևածեն ամեն մի հայ օջախում… Անահիտ Հովսեփյանի ասմունքային կատարումն իր եզրափակիչ շեշտադրումը դրեց օրվա խորհրդին: Կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը վերջում կիսվեց մեզ հետ օրվա տպավորություններովª ամփոփելով այն սրտի խոսքով, ինչն ինքնաբուխ էր ու երախտագիտությամբ լի. -Հանրահայտ ճշմարտություն է, որ յուրաքանչյուր կառույցի կամ կազմակերպության անցած ճանապարհ նրա կենսագրության բանալին է: Օրը տոնական է, լրացել է §Բերդ¦ համույթի կազմավորման 15-ամյակը: Մենք փորձեցինք գեղարվեստորեն ներկայացնել համույթի տարեգրությունը 15 տարիների հեռավորությունից՝ արժևորելով ազգային մշակույթի դերակատարությունը, հայ մշակութային ժառանգության պահպանման, զարգացման գործում: Բավականին հարուստ է համույթի համերգային ցանկը՝ համեմված հայրենասիրական, ժողովրդական, գուսանական երգերով: Մենք համազգային նման արժեքների կրողն ենք ու պահպանողը: Համույթի կայացման գործում մեծ է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի դերակատարությունը: Զգալով նրա ամեն մի աջակցությունն ու համագործակցությունը՝ համույթի երաժիշտներն ավելի մեծ խանդավառու-թյամբ և պատասխանատվությամբ են նվիրվում աշխատանքին: Ես ուզում եմ հավաստիացնել, որ շենքային անմխիթար պայմանները, կամ թշնամու հրետակոծությունը ի զորու չեն խլացնելու հայ երգի հոգեպարար հնչյունները, ելևէջներն ու հրաշալի մեղեդիները: Լիահույս ենք, որ Ասկերանի մշակույթի կենտրոնի Բերդ համույթի 20-ամյա հոբելյանը կնշենք նորակառույց ու բարետես մշակույթի կենտրոնի շենքում: Ստեղծագործական ողջ խմբին մաղթում եմ հաղթական ճանապարհ ու ստեղծագործական վերելքներ: Բոլորիդ հղելով իմ ջերմ շնորհավորանքները՝ ցանկանում եմ, որպեսզի մեզ միշտ ուղեկցեն բյուր հաջողություններն ու բարձր թռիչքները: Հիրավի, միջոցառումն անցավ անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում: Երգ ու երաժշտության ներքո հանդիսատեսը հեռացավ դահլիճից՝ պատված յուրօրինակ մտքերով ու հաճելի զգացմունքներով: Կարծում եմ, տեղին է հոդվածս ավարտել գուսան Բագրատի երգի տողերով. ով ինչ գիտե, թե իմ սրտում ինչեր կան, սիրտս հուզող շատ հուսալի տենչեր կան… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |