Լրացավ անվանի մանկավարժ, աշակերտների եւ ծնողների կողմից սիրված ու հարգված, թոշակառու ուսուցչուհի, Արցախի հերոս Էդմոն Բարսեղյանի ¥ նրա անունն է կրում Ասկերանի միջնակարգ դպրոցը ¤ մայր, բազմավաստակ Եփրաքսյա Արշակի Կարապետյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Մի անձնավորություն, որ սերունդներ է կրթել ու սերունդներ դաստիարակել` իր առջեւ ունենալով հայեցի
դաստիարակության գաղափարը: Նրա աշխատանքային եռանդի ու գործին նվիրվածության մասին մինչեւ հիմա խոսում ու հիշում են նրա աշխատանքի ընկերներն ու սաները: Նա իր սեփական օրինակով ապացուցեց, որ հայ մոր կամքի ուժը տիեզերական է, որ միայն նա կարող է ցավից սեղմել ատամները, աչքը հառած որդու ճամփին` սպասել` գիտակցելով, որ որդին գնացելէ գիտակցված մահվանն ընդառաջ: Հիրավի, գոյություն ունի ավելի վսեմաշուք տեսարան, քան երկնակամարը. այդ տեսարանը մոր Հոգու խորքերն են: Ուսուցչի ապրելաձեւը նրա մասնագիտական զինանոցի մի մասն է: Եփրաքսյա Կարապետյանը հմուտ ու փորձառու մանկավարժին վայել ճամփով է անցել: Նա իրեն լիարժեք է զգում միայն երեխաների շրջապատում, ու թվում է, թե ամեն մի մանչուկի մեջ նա փնտրում է մի նոր Էդմոն, մի նոր արեւ: Նրա ճակատի մարմարե ակոսները պայծառանում են ամեն մի երեխայի տված ճիշտ պատասխանից: Մինչեւ օրս էլ նա դադար չունի եւ ամեն ամառ աշխատում է մի խումբ սաների հետ, օգնում նրանց այն ամենում, ինչում դժվարանում են դպրոցում` ուսուցման պրոցեսում: Նրա այդ անշահախնդիր աշխատանքը զարմանք ու հիացմունք է առաջացնում բոլորիս մոտ: Նա քաջ գիտակցում է ( եւ նույնն էլ սովորեցնում է բոլորին), որ դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում: Իսկ սաներին էլ երբ հանդիպում է, այսպես է դիմում.ՙՍովորեցեք ձեռք բերել ամենափոքրն իսկ ճշտորեն, նրբագեղ ձեւով, խնայողաբար, հաստատորեն, եւ դուք կսովորեք` աստիճանաբար ուժեղացնելով եւ կրթելով ձեր մեջ նպատակային ուժերը, ձեռք բերել այն ամենը, ինչ կամենում եք՚: 1949-50 ուստարում ավարտելով Ստեփանակերտի երկամյա ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, Ե. Կարապետյանը մանկավարժի փառավոր ուղին սկսել է աշխատանքի մտնելով Քարագլխի յոթնամյա դպրոցը` որպես ուսուցչուհի: 1954 թվականից մինչեւ 1993թ. մայիսի 31-ն աշխատել է Ասկերանի (նախ 8-ամյա, հետո միջնակարգ) դպրոցում` որպես դասվար: 30 տարի անընդմեջ աշխատել է որպես Ասկերանի շրջանի եւ Ասկերանի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ: Նրա վաստակի եւ աշխատանքի ոճի մասին շատ են նշվել ժամանակի թերթերում եւ ամսագրերում: Հինգ տարի շարունակ ուսուցչական ՙՄանկավարժ՚ թերթի խմբկոլեգիայի անդամ էր, շրջանային կինխորհրդի նախագահ, մանկավարժական խորհրդի մշտական քարտուղար: Ե. Կարապետյանը ԼՂԻՄ մարզժողկրթբաժնի կողմից նշանակվել է մարզի ուսուցիչների ատեստացիոն հանձնաժողովի անդամ: Արցախյան ազատամարտի թոհուբոհի տարիներին (1992-1993թթ.) Ստեփանակերտում Հ.Հակոբյան փողոցի թիվ 27 հինգհարկանի բնակելի շենքի նկուղում ուսուցչուհին պարապել է դպրոցահասակ 7 երեխայի հետ: Նրա այդ աշխատանքը ցուցադրվել է Արցախի հեռուստատեսությամբ` 2 անգամ, որը կյանքի դաս է եղել ունկնդիրների համար: 1960 թվականին Ե. Կարապետյանը որպես պատգամավոր մասնակցել է ուսուցիչների հանրապետական 4-րդ համագումարի աշխատանքներին եւ պարգեւատրվել ՙԱշխատանքային արիության համար՚ մեդալով: 1970թ. պարգեւատրվել է ՙԱշխատանքի վետերան՚ մեդալով, 1971թ. պարգեւատրվել է բրոնզե մեդալով, 1976թ.` ՙՊատվո նշան՚ շքանշանով, 1978թ.` ՙՀանրապետության լուսաշխատողների գերազանցիկի՚ կրծքանշանով, 1981թ. արժանացել է ՙԱվագ ուսուցչի՚ կոչմանը, իսկ 2000թ., մասնակցելով ՙԴարի ուսուցիչ՚ մրցույթին, գրավել է առաջին պատվավոր տեղը: Այս կոչումները ինքնին չեն տրվել. սրանք տարիների վաստակ ու քրտինք են, ՙՈւսուցիչ՚ կոչմանը արժանի մարդու վայել կոչումներ: Անիսկական ոչ մի բան մեծ լինել չի կարող: Ե. Կարապետյանը յուրաքանչյուր ուսումնական տարվասեպտեմբերի 1-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատվավոր հյուրն է: Դպրոցում ոչ մի առաջին զանգ չի հնչում առանց վաստակաշատ ուսուցչի բարեմաղթանքների: Իսկ Ե. Կարապետյանի որդին` Սասուն Բարսեղյանը, ամեն տարի ՙՎերջին զանգի՚ ավանդական միջոցառմանը նվերներ է հանձնում դպրոցի լավագույն ճանաչված, տարբեր սպորտային միջոցառումներում հաջողություններ ցուցաբերած աշակերտներին: Գուցե՞ դրանով նա ցանկանում է մեղմացնել հոգին տանջող ցավը կամ ուզում է ասել. ՙԵղբա'յր, քո անունը կրող դպրոցի սաներն ամեն ինչ անում են անունդ, պատիվդ ու փառքդ բարձր պահելու համար. դու արժանի ես դրան՚: Ե. Կարապետյանը զոհված զինվորի մայր է: Նա այսօր համակ վիշտ է դարձել, բայց շարունակում է մնալ արի ու բարի, վեհ ու վսեմ, վշտահար ու վշտակից բոլորին: Ուսուցչուհու բարի համբավն այսօր էլ չի կորցրել իր ուժն ու հմայքը, նրա լուսավոր վիշտն անգամ ի զորու է դաստիարակել սերունդներ: Ուսուցիչն ինքը պետք է անհատականություն լինի, քանզի միայն անհատականությունը կարող է անհատականություն դաստիարակել:
Աիդա ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ, Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի |