ԹՈՂ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ ՀԱՎԵՏ ՍԱՎԱՌՆԵՆ ՁԵՐ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ |
28.06.2017 12:00 |
Հունիսի 27-ին Ասկերանի ՀԱԸ մանկապարտեզի փոքրիկ դահլիճն իսկական դրախտավայրի էր վերածվել: Գույնզգույն փուչիկներով, խայտաբղետ թիթեռներով և բուրումնավետ ծաղիկներով էր պատված դահլիճը, իսկ թղթից պատրաստված խաղաղություն ավետող սպիտակ աղավնիներն ասես ճախրում էին կապույտ երկնքում, ուր այնքա՜ն արև կար և այնքա՜ն ջինջ էր ամեն ինչ: Հեքիաթային և հմայիչ մանկական այս աշխարհում ամեն ինչ անաղարտ էր և գեղեցիկ, մանուկների աչքերից ճառագող պայծառ լույսերը փոխանցվում էին մեծերին, ովքեր հավաքվել էին նախադպրոցական նոր կյանք ճանապարհելու միջին խմբի 24 երեխաների: Մեծ, թե փոքր պարուրվել էին անկեղծ և անթաքույց ուրախությամբ: Հրաժեշտի հանդեսին ներկա էին Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը կազմակերպել էր միջին խմբի դաստիարակ Իննա Հարությունյանը, ի դեպ նրա բացահայտ տաղանդի շնորհիվ էր դահլիճը վերածվել երանելի մի դրախտի: <<Այսօր հիշարժան օր է բոլորիս համար: Մեր մանուկները հրաժեշտ են տալիս մի հարազատ օջախի, որը նրանց համար մի մեծ ու համերաշխ ընտանիք էր: Այս տարիների ընթացքում մենք կարողացանք երեխաների մեջ սերմանել սեր դեպի լավն ու գեղեցիկը: Նրանք գիտեն, թե մենք ինչպիսի հրաշալի երկրում ենք ապրում, ինչպիսի չքնաղ և անփոխարինելի է մեր բնությունը, որը պահել ու պահպանել պարտավոր ենք բոլորս: Ես հույս ունեմ, որ իրենց կյանքի այս նոր փուլում կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները և լավ սովորելով դպրոցում ՝ բարձր կպահեն մանկապարտեղի անունը: Սիրելի՛ մանուկներ, թող ձեր ճանապարհը միշտ բարի ու կանաչ լինի, թող հաջողությունները դառնան ձեր կյանքի ուղեկցորդները>>,-ողջույնի խոսքում ասաց Իննա Հարությունյանը: Հանդեսը, որ ներկայացրեցին փոքրիկները, մեծ աշխուժություն և բերկրանք առաջացրեց դահլիճում: Երեխաները ողջունեցին հյուրերին ու ծնողներին՝ ցանկանալով իրենց ուրախությունը կիսել նրանց հետ և պարգևել խինդ ու ծիծաղ: Մանուկների թոթովախոս լեզվի ամեն մի բառ հուզմունք էր առաջացնում մեծերի մոտ: Փոքրիկները պատմում էին իրենց երազած մոլորակի մասին: Այդ մոլորակը մի իսկական հրաշք էր նրանց համար, որտեղ կախարդական հեքիաթի վերջում հաղթում է միայն բարին: Մանուկների մոլորակում տարվա բոլոր եղանակները սիրելի են, յուրահատուկ: Փոքրիկները երդվում էին պիտանի մարդ դառնալ, բարձր գնահատել լավն ու գեղեցիկը, սիրել հարազատ երկիրը: Երեխաների փոքրիկ բեմականացումը, երգերն ու սրտաբուխ պարը հաճելի պահեր պարգևեցին ներկաներին: Նրանք բարության ծառերը զարդարեցին իրենց երազանքներով: Համոզված էին, որ այդ ցանկություններն անպայման իրականություն կդառնան և այս յուրահատուկ օրը երկար կմնա իրենց հիշողության մեջ: Երեխաներից ոչ պակաս հուզված էին ծնողները: Նրանք երախտապարտ էին մանկապարտեզի տնօրենին, դաստիարակչուհուն, դայակին, խոհարարին ու բուժքրոջը: Ծնողների անունից խոսք ասացին Ինգա Բադալյանը և Աննա Ավանեսյանը: Նրանք բարձր դասելով մանկապարտեզում ստացած երեխաների դաստիարակությունը՝ շնորհակալություն հայտնեցին այս գեղեցիկ հանդեսի համար: Աննա Ավանեսյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ դաստիարակչուհի Իննա քույրը կազմակերպում է նման հաճելի միջոցառում՝ ուրախություն պատճառելով երեխաներին ու ծնողներին: Նա ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի երեխաների առօրյան բազմաբովանդակ և հետաքրքիր անցնի: Իննա, Մարո և Էլինա քույրերը շատ հարազատ են երեխաների համար ու այսօր փոքրիկները մեծ դժվարությամբ կբաժանվեն նրանցից: Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանն իր հույզերը կիսեց ներկաների հետ. -Այսօր մեր սանիկները հրաժեշտի երդում տվեցին և իրենց ելույթում մանկական մոլորակը յուրովի պատկերացնելով՝պահանջեցին, որ այդ մոլորակում միշտ խաղաղություն լինի: Մենք նրանց դպրոց ենք ուղարկում շարունակելու իրենց ապագան՝ հույս հայտնելով, որ դպրոցի դռները գրկաբաց կընդունեն նրանց: 12 աղջիկ և 12 տղա իրենց առաջին քայլերը կուղղեն դեպի ավագ նախադպրոցական խումբ: Այսօր Ամերիկայի ՀԱԸ գրասենյակի հովանավորության ներքո գործող Ասկերանի մանկապարտեզի 12-րդ թողարկումն է: Տա Աստված, որ այսպիսի թողարկումները շարունակական լինեն, և թող մեր երկիրը բարգավաճի, շատ ու շատ մանուկներ ծնվեն: Չէ որ նրանք են մեր ապագան կերտողները, մեր հույսն ու հավատը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել դաստիարակչուհի Իննա Հարությունյանին, դայակ Մարո Իսրայելյանին, երաժիշտ Էլինա Հայրիյանին, խոհարար Իրինա Սարգսյանին, բուժքույր Լարիսա Մեժլումյանին, խոհարարի օգնական Լիդա Սարգսյանին և բոլոր նրանց, ովքեր արել են ամեն ինչ, որպեսզի երեխաների առօրյան կազմակերպվի պատշաճ մակարդակով: Երախտիքս եմ հայտնում մեր ժպտերես ծնողներին, որոնց համագործակցության շնորհիվ կարողանում ենք հասնել նման հաջողությունների: Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գրասենյակի բարերարներին: Ամերիկայի ՀԱԸ Արցախի և Հայաստանի գրասենյակների պատասխանատուներ Արսեն Մանասյանի և Հարութ Ներսեսյանի համատեղ ջանքերի շնորհիվ է, որ Արցախում գործում են գրասենյակներ ու մանկապարտեզներ: Աստվածային մեծ սեր և օրհնություն բոլոր մեր բարերարներին: Երեխաներին սպասվում էր հետաքրքիր ու հաճելի անակնկալ: Նրանց հյուր էին եկել սիրած մուլտհերոսները, որոնց հետ երեխաները երգեցին ու պարեցին: Ամեն ինչ կատարյալ էր և գեղեցիկ, փոքրիկներն անսահման երջանիկ էին: Ահա այդպիսին էր հարազատ մանկապարտեզում անցկացրած նրանց վերջին օրը… Միջոցառման վերջում երեխաները ՀԱԸ գրասենյակի կողմից ստացան իրենց առաջին դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները: Իրոք, օրը լի էր լույսով, ծիծաղով և անհագ ուրախությամբ: Մենք հանդիսատեսը եղանք անկեղծ մի միջոցառման, որի հերոսները անարատ և անհոգ մեր մանուկներն էին: Համոզված ենք, որ նրանք լինելու են մեր արժանի հերթափոխը, Արցախ աշխարհի պահողն ու պահպանողը: Թող արևը միշտ վառ ժպտա նրանց, և թող խաղաղության աղավնիները հավետ սավառնեն նրանց գլխավերևում… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |