ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ |
06.07.2017 10:55 |
Ասկերանի շրջանում ընթացքի մեջ են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։ 2017 թվականի բերքի տակ ընդհանուր առմամբ կատավել է 11430 հա գարնանացան և աշնանացան մշակաբույսերի ցանքս։ Ցանքատարածությունների գերակշիռ մասը հացահատիկային մշակաբույսեր են, մասնավորապես ցորեն։ Հարկ եմ համարում նշել, որ ի տարբերություն անցած տարիներին, երբ հացահատիկը ցանվում և բախտի քմահաճույքին էր թողնվում, այժմ հողագործները կատարում են հստակ հաշվարկներ և առաջնորդվում հողի մշակության ագրոկանոններով, ակտիվորեն զբաղվում հողերի պարարտացման, մոլախոտերի և վնասատուների դեմ պայքարի կազմակերպման աշխատանքներով: Ինչպես տեղեկացա Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնից հուլիսի 5-ի դրությամբ շրջանում կատարվել է 4304 հա հացահատիկայինների հունձ։ Ցորենի հնձված 2257 հեկտարից ստացվել է 71240 ց բերք։ Ցորենի միջին բերքատվությունը կազմում է 32ց/հ։ 1903հա հնձված գարու տարածքներից ստացվել է 4200 տոննա բերք, միջին բերքատվությունը կազմել է 22 ց/հ ։ Հնդկացորենի 144հա և ոլոռի 40հա հնձված տարածքներից ստացվել է համապատասխանաբար 1340 և 750ց բերք, միջին բերքատվությունը կազմել է 9 և 19ց/հ։ Բերքահավաքի աշխատանքները գտնվում են շրջվարչակազմի խստագույն հսկողության տակ, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն՝ հակահրդեհային նախազգուշական համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը կատարվում է կազմակերպված և անկորուստ։ Բերքահավաքի աշխատանքներին մասնակցում է 36 կոմբայն։ գյուղատնտեսական տեխնիկական միջոցների և բեռնատար ավտոմեքենաների պակաս չկա, աշխատանքները կատարվում են ժամանակին: Ինչպես և նախորդ տարիներին այս տարի ևս զերծ չենք մնացել բնական աղետներից։ Մայիս և հունիս ամսում տեղացած կարկուտից տուժել են շրջանի 22 համայնքի և Ակնա թաղամասի ընդհանուր առմամբ 2058 հեկտար ցանքատարածություն, որից 139 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաներ, 310 հեկտար այգիներ։ Կարկտահարության հետևանքները վերացնելու ուղղությամբ շրջանում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման գործում կարևոր նշանակություն ունեն ագրոտեխնիկական ժամկետներում և որակով հողի մշակության աշխատանքների կատարումը: Այսօր գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացման գործում լուրջ խոչընդոտ են հանդիսանում դրանց իրացման խնդիրները, իսկ գյուղմթերքների արտադրության խթանման գործում շրջանը մեծ պոտենցիալ հնարավորություններ ունի: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |