ՀՈՒՍՈ ԳԱՎԱԹ. ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻՆԵՐԸ ՇՐՋԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ |
11.07.2017 20:15 |
Հուլիսի 8-ից 9-ը Ասկերանի քաղաքային մարզադաշտում անցկացվեց §Հուսո գավաթ¦ ֆուտբոլի շրջանային առաջնությունը, որին մասնակցում էին Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի եւ Պատարայի դպրոցների թիմերը։ Թիմերին ողջունեց և հաջողություններ մաղթեց շրջվարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Գրիշա Մարտիրոսյանը։ Նա կարևորեց ֆուտբոլի զարգացումը շրջանում` այդ գործընթացում կարևորելով քաղաքային հոյակապ մարզադաշտի առկայությունը։ Նա միաժամանակ նշեց, որ միայն ծրագրային, համակարգված աշխատանքի շնորհիվ է հնարավոր ապահովել մարզաձևի զարգացումը: Իսկ մարզիչների հետևողական ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հաջողություններ, անկասկած, կլինեն։ Առաջնության մեկնարկը տրվեց Ասկերանի և Նորագյուղի թիմերի խաղով։ Թիմերը բավականին դիտարժան խաղ ցուցադրեցին, որն ավարտվեց 2։2 մարտական ոչոքի հաշվով։ Առաջնությունն ընթացավ շրջանաձև մրցակարգով։ Առաջին օրվա արդյունքների ամփոփմամբ առաջատարներն էին համապատասխանաբար Իվանյանի, Նորագյուղի և Ասկերանի թիմերը։ Հուլիսի 9-ին կայացան Ասկերան - Պատարա և Նորագյուղ - Իվանյան հանդիպումները։ Առաջին խաղում 6։4 հաշվով հաղթեցին ասկերանցիները։ Բավականին լարված ու անզիջում պայքար ծավալվեց երկրորդ խաղում։ Մրցավեճը բավականին ակտիվ ու ինքնավստահ սկսեցին իվանյանցիները, որոնք էլ առաջին խաղակեսի միջնամասում բացեցին հաշիվը։ Ամենևին չընկճվելով բաց թողած գոլից (ինչպես հաճախ է պատահում հայկական թիմերի հետ միջազգային խաղերում) նորագյուղցիներին հաջողվեց երեք գնդակ ուղարկել ուժեղ մրցակցի դարպասը՝ 3։1 հաշվով տանելով կամային հաղթանակ։ Այսպիսով. §Հուսո գավաթ¦ ֆուտբոլի շրջանային առաջնությունում առաջին մրցանակային տեղը գրավեց Վիտալի Պետրոսյանի անվան Նորագյուղի միջնակարգ դպրոցի թիմը (մարզիչ Վանյա Պետրոսյան), երկրորդը Օնիկ Գրիգորյանի անվան Իվանյանի միջնակարգ դպրոցի թիմը (մարզիչ Հրանտ Շեկյան, իսկ երրորդ հորիզոնականն զբաղեցրեց Էդմոն Բարսեղյանի անվան Ասկերանի միջնակարգ դպրոցի թիմը (մարզիչ Էրիկ Ապրեսյան)։ Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական պարգևներով։ Հաղթող թիմերից կազմավորվեց շրջանի հավաքականը (4 խաղացող Նորագյուղից, 2-ը Իվանյանից, 1-ն Ասկերանից), որն էլ հուլիսի 19-ին կմասնակցի հանրապետական համանուն առաջնությանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|