ԱՆՓՈՐՁԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
12.07.2017 09:40

Հուլիսի 10-ին Ասկերանի մշակույթի տան բակը մարդաշատ էր: Ամառային առաջին զորակոչն էր մեկնարկում: Շրջանի 36 պատանիներ պատրաստվում էին համալրելու մեր պետության կարևորագույն օղակներից մեկի՝ Արցախի հզոր ու ամուր բանակի շարքերը, որն արդեն 25 տարեկան է: Այս 25 տարիների ընթացքում հայոց սահմաններն անառիկ են պահել մեր նորակոչիկների նման տղաները, ովքեր ոչնչով չեն զիջել իրենց հայրերին ու պապերին: Դրա վառ ապացույցը եղավ ապրիլյան քառօրյա պատերազմը, հայ զինվորը ցույց տվեց, որ թուրքը երբեք չի կարող ոտնահարել մեր սահմանները, չի կարող կոտրել Արցախի ժողովրդի կամքը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի հոգևոր հովիվ Արտուր սարկավագ Խունոյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, նորակոչիկների հարազատներ:

Մինչ միջոցառման սկսվելը, հնչեց Արցախի պետական օրհներգը:

Ասկերանի տարածքային զինկոմիսար, փոխգնդապետ Արծվիկ Գաբրիելյանը ողջունելով ներկաներին՝ իր սրտի խոսքն ասաց նորակոչիկներին.

-Ամառային այս գեղեցիկ օրը մի յուրահատուկ խորհուրդ ունի բոլորիս համար: Այս համեստ և պատրաստակամ տղաներն արդեն նորակոչիկներ են և նրանք պարտավոր են հպարտությամբ կրել այդ անվանումը:

Սիրելի՛ տղաներ, ծառայությունը ձեզ առնական և կամային կդարձնի, երկու տարի հետո դուք կվերադառնաք ավելի ինքնավստահ և ուժեղ, կլինեք ավելի խելացի և գիտակից: Այսօրվանից ձեզ համար սկսվում է մի նոր կյանք: Մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի տալու հայրենիքին, և ամեն մարդ դա անում է յուրովի: Համոզված եմ, որ դուք պատվով կկատարեք ձեր պարտքը, կլսեք ավագների խորհուրդները՝ հպարտորեն կրելով Արցախի զինվորի կոչումը և հավատացեք, Տերը միշտ ձեզ հետ կլինի:

Ձեզ բարի ճանապարհ և բարի վերադարձ: Թող Արցախ աշխարհի երկինքն անամպ լինի, և ձեր ծարայությունն անցնի անփորձանք:

Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի խոսքը լի էր մայրական գորովանքով.

-Հայրենիքը տարողունակ հասկացողություն է. այն բացարձակ արժեք է, որը սիրել, պահել ու փայփայել է պետք: Իսկ հայրենասիրությունը պարզապես արվեստ է:

Հայրենասիրության դրսևորումը հայրենատիրությունն է: Տեր կանգնենք մեր հող ու ջրին, ծիլ ու ծաղկին, մեր արժեքներին ու ավանդույթներին: Հայրենիքը, սակայն մեր լայնարձակ դաշտերն ու դարավոր անտառները չեն, մեր նորակառույց շենքերը, հինավուրց բերդերն ու ամրոցները չեն, մեր վանքերն ու զորանոցները չեն, մեր նահատակների սրբացած շիրիմները չեն միայն: Հայրենիքը բաղադրվում է նաև այն անհատներից, ովքեր կարողանում են իրենց մեջ կրել և կարևորել այդ արժեքները: Հայրենիքը մենք ենք, Հայրենիք են հայ շինականն ու նորածին մանուկը, սահմանին կանգնած հայ զինվորն ու սպարապետը:

Սիրելի՛ տղաներ, շուտով դուք կդառնաք Հայոց փառավոր բանակի մի մասնիկը և ձեզնով կսկսվի մի նոր էջ Հայրենիքի համար ծառայության տարեգրության մեջ: Ցավոք, բարու և չարի պայքարը դեռ չի ավարտվել: Չարը շարունակում է դավեր նյութել: Մենք պետք է արմատախիլ անենք այդ չարը, որպեսզի ձեր հուզառատ երազանքները, իղձերն ու նպատակներն  անավարտ չմնան:

Ասկերանի հոգևոր հովիվ Արտուր սարկավագ Խունոյանն Աստծո օրհնությունը տալով նորակոչիկներին, նշեց, որ այս կյանքում յուրաքանչյուրս կատարում ենք մեր ծառայությունը: Այսօր ամենաառաջնահերթը մեր սահմանների անառիկությունն է: Մեր հայրերի ու պապերի արյունով ներծծված սահմանները պետք է ախախտ մնան, և հույսը մեծ է, որ այսօրվա նորակոչիկը կդառնա իր նախնիների արժանի հետնորդը:

Հոգևոր հովիվը տղաներին խորհուրդ տվեց լինել կարգապահ, հավատարիմ, զգոն և սիրել ընկերոջն այնպես, ինչպես կսիրեր իր սեփական անձին:

Արցախյան ազատամարտի վետերաններ Կառլեն Մայիլյանն ու Արմեն Գասպարյանը տղաների մաղթեցին բարի և անխոչնդոտ ճանապարհ: Նրանք համոզված էին, որ նորակոչիկները պատվով կկատարեն իրենց պարտականությունները՝ գիտակցելով, որ իրենցից յուրաքանչյուրը Հայրենիքի այսօրվա պաշտպանն է:

Հուզմունքով, միաժամանակ հպարտությամբ էր ողողված նորակոչիկի հայր, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ռոմանոս Սարգսյանի սրտի խոսքը.

-Անշուշտ, հուզված ենք բոլորս: Սակայն, մի յուրօրինակ հպարտություն է խառնվել մեր հույզերին: Չէ որ մեր երեխաները համալրում են Արցախի ՊԲ շարքերը, իսկ այնտեղ ծառայելը, միանշանակ պարծանք է և պարտավորեցնող: Այսօր կրտսեր որդուս եմ ճամապարհում, իսկ օրեր անց նրան կմիանա ավագ որդիս, ով սովորում է ՀՀ զինվորական հաստատություններից մեկում: Որպես հայր, հպարտանում եմ նրանցով և բոլոր մեր տղաներով:

Սիրելի՛ տղաներ, ձեր ուժեղ կամքով և հայավայել քաջությամբ անսասան կպահեք այս հաղթական հողը: Թող առաջիկա երկու տարիները ձեզ համար լինեն նորովի կայացման և ինքնահաստատման տարիներ՝ լեցուն հայրենասիրության բազում դասերով: Թող ձեր ծառայությունը խաղաղ լինի, երկինքը միշտ կապույտ, թող ձեր բազկի ուժից ու ամուր կամքից միշտ դողա չար ոսոխի սիրտը:

Աստված թող զորավիգ լինի Հայոց բանակին:

Միջոցառմանն էլ ավելի հանդիսավոր շունչ հաղորդեցին  <<Բերդ >> համույթի կատարումները, որոնք առլեցուն էին հայրենասիրական և ազգասիրական ոգով: Նորակոչիկները համեստորեն կանգնել և վայելում էին գեղեցիկ միջոցառումը: Թերևս, նրանք պատրաստվում էին ակտիվություն ցուցաբերել առաջիկա երկու տարիների ընթացքում:

Հիրավի, այսօրվա միջոցառումը հայրենասիրական մեծ դաս էր բոլորիս համար: 36 պատանիների ճանապարհելով մեր երկրի ՊԲ շարքերը՝ ինքներս լցվեցինք մեծ պատասխանատվությամբ: Երկու տարի հետո մենք գրկաբաց կդիմավորենք մեր տղաներին և երախտապարտ կլինենք նրանց անբասիր ծառայության և մեր խաղաղությունն ապահովելու համար:

Մենք սպասում ենք ձեզ, թող ձեր ծառայությունն անփորձանք լինի…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter