Համախմբված եւ աշխատելու էներգիայով լեցուն
08.02.2012 01:11

Ասկերանի շրջանի գյուղերից յուրաքանչյուրն իր յուրահատուկ պատմությունն ու դերն ունի: Նրանցից ամեն մեկն իր ուրույն տեղն է զբաղեցնում շրջանի կյանքում:    Այդպիսի գյուղերից մեկն էլ Բերքաձոր գյուղն է, ուր եղանք վերջերս: Չնայած ձմռան օր էր, սակայն եղանակը մեղմ ու հաճելի էր: Բերքաձորն էլ մեզ եղանակին համապատասխան ընդունեց: Գյուղամիջում նստած էին գյուղի տարեց մարդիկ ու ցածրաձայն զրուցում էին, երեւի անցած երանելի օրերի մասին էին խոսում: Հիշում էին նախկին գյուղն ու համեմատում այսօրվա հետ: Իսկ գյուղում այնքան բան է փոխվել. նորակառույց դպրոցի շենք, մաքուր փողոցներ, երջանիկ դեմքեր…


Գյուղապետարանում մեզ դիմավորեց գրասենյակի ողջ աշխատախումբը:    Չնայած շենքային պայմաններն այնքան էլ բարվոք վիճակում չէին, սակայն աշխատողները գիտեն, որ ավելի վատթար գյուղապետարաններ էլ կան ու դա չպետք է ազդի գործի որակի վրա: Գրասենյակն ապահովված է համակարգիչներով, որոշակի գույքով: Համայնքի նորընտիր ղեկավար Գեղամ Գրիգորյանն  իր գոհունակությունը հայտնեց բանիմաց ու գործին նվիրված աշխատողներին եւ նշեց, որ համախմբված աշխատելու դեպքում կկարողանան հասնել դրական արդյունքների:
Գյուղն ունի 53 տնտեսություն` 185 բնակիչ: 21 երեխա նախադպրոց-ական տարիքի են: 2011թ. արձանագրվել է 6 ծնունդ: Ուրախալի փաստ է, որ արտահոսք չկա, ընդհակառակը` կան երիտասարդ  ընտանիքներ, որոնք ցանկանում են գյուղում բնակություն հաստատել: Գյուղն անաշխատունակ մարդ  չունի: Նրանք հիմնականում  աշխատում են համայնքի տարածքներում գտնվող արտադրամասերում, որմանք էլ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքում հաշվառված են 164 խոշոր եւ 381 մանր եղջյուրավոր անասուններ, 964 թեւ ընտանի թռչուններ, 49 մեղվաընտանիք, 32 խոզ: Ակնհայտ է, որ աշխատող ժողովուրդ են, այդ իսկ պատճառով գյուղում անապահով ընտանիք չկա: Ամենայն պատասխանատվությամբ կատարում են հարկերի ու վարկերի մարումները: Գյուղի զարգացման ծրագրով համայնքի տարածքում հատկացվել են տնամերձ հողամասեր` երկու տարվա ընթացքում կառուցելու նպատակով: Աճուրդին հիմնականում մասնակցել են ոչ տեղացիներ: Այսօր ջրային տնտեսությունը զբաղվում է գյուղը շուրջօրյա ջրատակարարման հարցով: Ներքին ցանցը լրիվությամբ վերանորոգված է, եւ ամբողջ գյուղի համար տեղադրված են ջրահաշվիչներ: Երկու թաղամաս դեռեւս չեն օգտվում կոյուղուց եւ այդ խնդիրը լուծման կարիք ունի: Այսօր գյուղում նաեւ այլ աշխատանքներ են սկսված. ընթացքի մեջ են ակումբի եւ գյուղի հուշաղբյուրի բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքները: Բուժկետի շենքը նույնպես անմխիթար վիճակում է:
ՙԱնշուշտ, բուժաշխատողներն իրենց պարտականությունները կատարում են մեծ պատասխանա-տըվությամբ ու նվիրումով, սակայն ժամը 4-ից հետո գյուղը մնում է առանց բուժաշխատակիցների, քանի որ նրանք տեղացի չեն: Չէր խանգարի, որ գոնե կես հաստիք ավելանար ու ունենայինք մեկ տեղացի աշխատող եւս: Գյուղի համար ամենակարեւոր խնդիրը եղել եւ մնում է տրանսպորտի հարցը: Գիտեք, որ բարձր դասարանցիներն  ուսումը շարունակում են Ստեփանակերտում: Նրանք, ինչպես նաեւ ուսանողներն ու գյուղի բնակիչները Ստեփանակերտ են մեկնում պատահական մեքենաներով, կամ տաքսիներով: Եթե լուծվեր տրանսպորտի հարցը, ապա բնակիչների համար դա կլիներ բավականին մեծ օգնություն: Գյուղ տանող ճանապարհը նույնպես անմխիթար վիճակում է: Չնայած նախկինում բազմիցս խճապատվել է, սակայն դեռեւս վերջնական վերանորոգման կարիք ունի: Գյուղի ամեն մի բնակիչ սրտացավորեն է մոտենում գյուղի ներքին կյանքին վերաբերող ցանկացած հարցի եւ ամեն մեկն իր ներդրումն է դնում համայնքի տարածքը մաքուր եւ բարեկարգ պահելու համար: Առիթից օգտվելով, մեր շնորհակալությունն ենք հայտնում համայնքի տարածքում գործող ՙՎրեժ՚ ՓԲ ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանին` համայնքի երեխաներին ամանորյա նվերներ տրամադրելու համար՚,- նշում է համայնքի ղեկավարը:
Իհարկե, գյուղի հպարտությունը դպրոցի նորակառույց շենքն է, որտեղ սովորում է 26 աշակերտ եւ դասավանդում` 12 ուսուցիչ: Դպրոցն ապահովված է առարկայական մասնագետներով, որոնցից մեծամասնությունն այլ տեղերից են: Բոլորն էլ ունեն բարձրագույն կրթություն:
ՙԱյսօր դպրոցն ունի մեկ հիմնական խնդիր. դա մարզահրապարակի բացակայությունն է, որն էլ խանգարում է երեխաներին պատշաճ մակարդակով ֆիզիկական դաստիարակություն ստանալ: Դպրոցին կից  մարզահրապարակ կառուցելու համար տարածք է հատկացված: Սակայն առանց որեւէ բարեգործի օգնության ու աջակցության հնարավոր չէ այն կառուցել: Խնդիր է նաեւ, որ դպրոցի մոտ է տեղադրված գյուղի էլեկտրաենթակայանը, որը վտանգավոր է բոլորիս համար: Ուսուցիչները միշտ զգոնություն են ցուցաբերում եւ ամեն կերպ երեխաներին հեռու են պահում ենթակայանից: Նախկինում խոսք էր գնացել այն տեղափոխելու մասին: Եվ, եթե լուծվի այս կարեւոր հարցը եւ գտնվի մի բարերար ու որոշակի ներդրում կատարի մարզահրապարակի կառուցման գործում, մենք նույնպես մեր մասնակցությունը կունենանք՚,-վստահորեն շեշտում է դպրոցի տնօրեն Կարինե Ալեքսանյանը:  
Ինչ խոսք, մենք լավ տպավորություններ ունեցանք շփվելով գյուղի ղեկավար մարդկանց եւ բնակիչների հետ: Մի բան հստակ հասկացանք. նրանք կկարողանան լուծել առկա խնդիրները, քանզի համախմբված են եւ աշխատելու էներգիայով լցված: Իսկ որտեղ համատեղ ուժեր ու համախմբվածություն կա, ոչ մի բան անկարելի ու դժվար չէ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter