ԹՈՂ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏՆ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԵՆ ԱՅՍ ՕՋԱԽԻՑ
28.07.2017 10:04

Ամենագլխավոր զարդարանքը մարդու խիղճն է…

Ցիցերոն

Վերջերս ականատես եղա մի յուրահատուկ միջոցառման և միանգամից լցվեցի բարի ու երախտապարտ զգացմունքներով: Սիրտս փառավորվեց, վերստին համոզվեցի, որ այնքա՜ն բարի մարդիկ կան մեր շրջապատում: Մարդիկ, ովքեր ապրում են ոչ միայն իրենց անձնականի մասին մտածելով, նրանց համար առաջնահերթ տեղ ունեն նաև ուրիշները…

Ասկերան քաղաքի բնակարաններից մեկում տնօրհնեքի արարողություն էր: Երկկողմանի ծնողազուրկ, և այսօր իր զավակին միայնակ դաստիարակող Հերմինե Խաչատրյանի բնակարանում էր դա: Արարողությունն անց էին կացնում Ասկերանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը և Ներսես քահանա Ասրյանը: Բնակարանը, որ Հերմինե Խաչատրյանն ստացել էր մեր երկրի կառավարության կողմից, եկել էին տեսնելու և շնորհավորելու երեցկին Ծովինար Վարդանյանը,  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան ուսումնարանի տնօրեն Կարինե Դադամյանը:

Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից, երբ առաքյալները Քրիստոսի Համբարձումից հետո շրջում էին տները՝ բոլորին տանելով Քրիստոսի Ծննդյան և Հարության ավետիսը:

Ներսես քահանա Ասրյանն օրհնեց այս նոր օջախի ջուրը, հացն ու աղը, ինչպես Քրիստոսն էր աշխարհ գալով օրհնել ջուրը, երկիրն ու նրա պտուղները:

Օրհնած ջուրը խաչաձև ցողալով տան պատերին և խնկարկելով տունը՝ քահանան օրհնեց տան անդամներին և Աստծուց պահպանություն հայցեց նրանց համար:

Ծիսակատար քահանան շնորհավորելով տանտիրուհուն և նրա զավակին օրվա խորհրդի առթիվ՝ միաժամանակ շեշտեց, որ կարևորը տան կահույքն ու շքեղությունը չեն, այլ այդտեղ ապրող մարդու մաքուր ու մեծ սիրտը: Պարզ և շիտակ սրտի ու հոգու տեր Հերմինե Խաչատրյանը մանկան պես ուրախանալով ստացած նվերներով, չէր կարողանում զսպել իր արցունքները: Չէ որ հեռուստացույցը, որ բերել էին հյուրերը, մեծ օգնություն էր նրա համար:

Զգալով բարեգութ մարդկանց վերաբերմունքն իր հանդեպ՝ Հերմինեն լցվել էր երախտագիտությամբ: Ով իմանա, թե ինչպիսի հույզերով էր պատվել որբ աղջիկը…

Նայելով արտասվաթոր նրա դեմքին՝ ակամա ընկա հիշողությունների գիրկը: Մի ակնթարթում մտաբերեցի այն փոքրիկ, երկու տարեկան որբ աղջնակին, ով ճակատագրի բերումով իր եղբոր հետ հայտնվել էին Ասկերանում:

Ճակատագիրն ի վերուստ անգութ էր գտնվել նրանց հանդեպ՝ Հերմինեին և Արտուրին թողնելով առանց ծնողական խնամքի: Վանաձորցի երկու փոքրիկներին դաստիարակության էին տվելԵրևանի մանկատներից մեկում: 1990-ական թվականներն էին: Երեխաներն աշխարհից անտեղյակ ապրում էին իրենց համար: Նրանք չգիտեին մայրիկ և հայրիկ բառերը, թվում էր, թե լիովին զրկվել էին ընտանիքում ապրելու, ծնողի քնքշանք զգալու քաղցր բերկրանքը…

1994 թվականն էր…Ավարտվել էր Արցախյան դաժան պատերազմը:  Թվում էր, թե բախտը պիտի ժպտար այդ փոքրիկներին: Մի գեղեցիկ և պայծառ օր մանկատան շեմին է հայտնվում մինուճար զավակին պատերազմում կորցրած Շուշիկ մայրիկը: Նա տեսնելով փոքրիկ Հերմինեին և Արտուրին ու չցանկանալով իրարից բաժանել քրոջն ու եղբորը՝ որդեգրում և նրանց իր հետ բերում է Արցախ: Ասես, ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ, փոքրիկները հարմարվում են նոր ընտանիքին: Հիշում եմ, ինչպես էին ուրախ թռչկոտում մայրիկի շուրջը, ուրախանում հակարծահաս երջանկությամբ: Սակայն անգութ ճակատագիրը շարունակում է հետևել անմեղ այս փոքրիկներին: Մոր քաղցրությունը դեռևս լիովին չճաշակած որբ մանուկները երկրորդ անգամ մայր կորցրեցին: Երեխաները մնացին բարի մարդկանց խնամակալության տակ:

…Գլորվեցին տարիները: Արտուրն ու Հերմինեն ավարտեցին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը: Շարունակելով ուսումը՝ Արտուրը ստացավ իրավաբանի մասնագիտություն, իսկ Հերմինեն ավարտեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Այժմ նա Ասկերանի  <<Բերդ>> համույթի երգչուհին է: Նրա սիրտ գերող ձայնը նվաճել է շատ ու շատերի սրտերը: Հերմինեին ճանաչում են ինչպես մեր շրջանում, այնպես էլ ողջ հանրապետությունում: Նա իր անուշ ձայնով երգում և լավատեսությամբ է լցվում աշխարհի հանդեպ: Իրենից հեռացնելով իր կյանքի բոլոր դժվար և տխուր պահերը՝ այսօր մտածում է միայն իր մինուճար զավակին ոտքի կանգնեցնելու և ճիշտ դաստիարակելու մասին: Իր աշխատանքի հետ  համատեղ աշխատում է նաև Ասկերանի կոմունալ տնտեսությունում: Բազմաթիվ դառնություններ ապրած աղջիկը չի ամաչում ոչ մի աշխատանքից:  <<Միայն թե որդիս կուշտ լինի>>,- ասում է Հերմինեն…

Ոչ մի տրտունջ ու բողոք չի լսվում նրա շուրթերից: Այնքան մեծ է նրա հավատն առ Աստված, այնքան համոզիչ են հնչում նրա շուրթերից Տերունական աղոթքի բառերը… Հերմինեն երախտագիտությամբ էր լցված մեր երկրի նախագահ Բակո Սահակյանի, կառավարության անդամների և ընդհանրապես բոլոր բարեգութ մարդկանց հանդեպ, որոնց շնորհիվ այսօր ունի տուն, աշխատանք և կարողանում է այս կյանքում գտնել իր տեղը:

Ասում են, ամեն մարդ ի վերուստ իր ճակատագիրն ունի: Համաձայն եմ: Սակայն, միթե հնարավոր չէ երբեմն ճակատագրի հետ համաքայլ շարժվել ու փորձել թեթևակի փոխել այն: Պարզապես պետք է կամենալ… Եկեք օգնենք տկարին ու հիվանդին, աղքատին ու սովածին: Անտարբեր չլինենք այս աշխարհում, ապրենք հայավարի, հպարտ և տեր կանգնենք նրան, ով մեր աջակցության կարիքն է զգում: Ուշադրություն դարձնենք մարդկային մեր էությանը: Եվ ինչպես Սուխոմլինսկին է ասել. <<Իսկական մարդկային էությունը նրա մեջ արտահայտվում է այն ժամանակ, երբ նրա արարքների շարժիչը ոչ թե ինչ-որ մեկն է, այլ նրա սեփական խիղճը>>:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter