ԼՐԱՑԱՎ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ԾՆՆԴՅԱՆ 70 - ԱՄՅԱԿԸ
23.08.2017 16:37

Հիշողություններն ինձ կրկին տանում են դեպի դպրոցական իմ երանելի տարիները: Այդ հուշերի մեջ այնքա՜ն մաքրություն և այնքա՜ն ջերմություն կա ու այնպիսի պայծառ դեմքեր, որոնք արեգակի պես լուսավորում և ուղեկցում են մարդուն գիտակցական իր ողջ կյանքում: Երբ մտաբերում եմ իմ հարազատ դպրոցը, անմիջապես աչքիս առջև կանգնում են իմ սիրելի ուսուցիչները: Չէ որ նրանք ոչ միայն ուսուցանել, այլև իրենց անձնական օրինակով դաստիարակել և որպես մարդ ձևավորել են բազում սերունդների: Նրանք մեզ սիրել և վերաբերվել են հարազատ երեխայի պես: Գուցե հենց դա է այն գլխավոր նախադրյալը, որ հաջողությունների են հասել մեզանից շատ շատերը:

Նա, ում մասին ցանկանում եմ մեծարանքի խոսքեր ասել, ճանաչված, սիրված և հարգված մանկավարժ է ողջ հանրապետությունում: Վեհ, պատվասեր, մեծահոգի, մանկավարժության բոլոր սկզբունքներին ու մեթոդներին տիրապետող, իր գործին անմնացորդ սիրով նվիրվող. ահա, թե ինչպիսին է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի թոշակառու ուսուցչուհի Սուսաննա Գաբրիելյանը: Մարդ, ով իր մարդկային բյուր արժեքներով կարողացել է նվաճել մի մեծ բարձրություն, որտեղից այսօր տեսնում է իր կատարածի արդյունքը, այն խոշոր ձեռքբերումները, որոնցով կարող է հպարտանալ յուրաքանչյուր ուսուցիչ: Ընկեր Գաբրիելյանն իր անբասիր էությամբ կարողացել է վաստակել ամենակարևորը՝ հարգանք ու սեր հասարակության կողմից:

Հիշում եմ, երբ մտնում էր դասարան, և իր խստապահանջ հայացքն ուղղում աշակերտներին, անմիջապես լռություն էր տիրում դասարանում: Հարգանքն այնքան մեծ էր, որ ոչ մեկի մտքով չէր անցնում նրա դասաժամին անգամ ավելորդ մի շշուկ անել: Չափազանց պահանջկոտ էր, չեմ հիշում մի դեպք, որ նրա դասերին որևէ մեկը պատրաստ չլիներ: Սակայն որքան խիստ, այնքան էլ բարի էր ու նրբանկատ: Նրա աչքերում միշտ էլ մայրական գորովանք ու սրտացավություն էինք տեսնում և այսօր, ինքներս հասուն լինելով՝ ավելի ենք գիտակցում ընկեր Գաբրիելյանի դաստիարակության ճիշտ մոտեցումները: Քիմիա և կենսաբանություն դասավանդելով, նա սովորեցնում էր լինել աշխատասեր, համոզելով, որ մարդ կարող է իր աշխատասիրությամբ հասնել ամեն ինչի: Նա անհրաժեշտ էր համարում երեխաներին սովորեցնել անվերապահորեն սիրել հայրենիքը: Մատաղ սերնդի մեջ արթնացնում էր սեր դեպի գեղեցիկը, առաքինին ու մաքուրը: Ընկեր Գաբրիելյանի համար ամենակարևորն ազնվությունն էր ու պատասխանատվությունը:

Սուսաննա Արտեմի Գաբրիելյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Մարտակերտ ավանում:

1954-55 ուս. տարում ընդունվել է նույն շրջանի Չայլու գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանը և 1964-65 ուս.տարում ավարտել միջնակարգը:

1965 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի քիմ-բիոլոգիայի ֆակուլտետը, որն ավարտել է 1970 թվականին: Նույն թվականին աշխատանքի է անցել հարազատ գյուղի միջնակարգ դպրոցում որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի: 1971 թվականին ամուսնացել, տեղափոխվել է Ասկերան և աշխատանքի անցել Ասկերանի միջնակարգ դպրոցում:

1974 թվականին ընտրվել է Ստեփանակերտի շրջանային սովետի դեպուտատ: 1985 և 1987 թվականներին ընտրվել է Ասկերանի շրջանային սովետի դեպուտատ և գործկոմի անդամ:

Տարիներ շարունակ հանդիսացել է արհմիության մարզկոմի անդամ:

Որպես պատգամավոր մասնակցել և ելույթ է ունեցել ուսուցիչների հանրապետական 7-րդ համագումարին:

Եղել է Ժողովրդական դեպուտատների Ասկերանի շրջանային սովետի <<Կանանց աշխատանքի և կենցաղի հարցերի, մայրության և մանկության պահպանման գծով >>  մշտական հանձնաժողովի նախագահ:

Ղեկավարել է Ասկերանի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության առարկայական մեթոդմիավորումը: Տարիներ շարունակ Սուսաննա Գաբրիելյանի սաները մասնակցել են հանրապետական օլիմպիադաների և զբաղեցրել մրցանակային տեղեր: Նրանցից շատերն այսօր ճանաչված բժիշկներ են, քիմիկներ ու կենսաբաններ:

Արցախյան պատերազմի ժամանակ, 1992-93 ուս.տարում աշխատել է շրջանի Դահրավ գյուղի միջնակարգ դպրոցում որպես դպրոցի տնօրեն:

Ճանաչված մանկավարժը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի, կրթական համակարգում անբասիր աշխատանքի և անձնվեր ծառայության համար արժանացել է մի շարք պատվոգերի:

2005 թվականին արժանացել է ԼՂՀ << Վաստակավոր մանկավարժ>> կոչմանը:

Հաղթող է ճանաչվել <<Տարվա լավագույն ոսուցիչ>> մրցույթի շրջանային փուլում: Պարգևատրվել է <<Աշխատանքային արիության համար>> մեդալով:

Նվիրված աշխատանքի հետ մեկտեղ Սուսաննա Գաբրիելյանն ամուսնու՝ Սամվել Ասրյանի հետ կարողացել են ստեղծել իրենց հիանալի ընտանիքը՝ մշտապես առաջնորդվելով Վ. Սուխոմլինսկու խոսքով. <<Ընտանեկան կյանքի գլխավոր իմաստն ու նպատակը երեխաների դաստիարակությունն է: Երեխաների դաստիարակության գլխավոր դպրոցն ամուսինների, հոր և մոր փոխհարաբերություններն են>>: Այս օրինակելի օջախում ծնվել և դաստիարակվել են երեք զավակներ: Նրանք իրենց պահվածքով, մարդկային արժանիքներով դարձել են իրենց ծնողների արժանի զավակները: Ասրյանների օջախում մեծ տեղ էր տրվում ուսմանը, կարգապահությանը, ընկերասիրությանն ու աշխատասիրությանը: Ավագ որդին և դուստրը՝ Արա և Անահիտ Ասրյանները ճանաչված բժիշկներ են, իսկ կրտսեր որդին՝ Աշոտ Ասրյանն ընտրել է մոր մասնագիտությունը և աշխատում է որպես ուսուցիչ Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում:

Սուսաննա Գաբրիելյանը երջանիկ մայր է և ութ թոռնիկների սիրասուն տատիկ: Այսօր նա շրջապատված է հարազատների ջերմությամբ և ուշադրությամբ: Նրան սիրում և գնահատում է Ասկերանի ողջ հասարակությունը և նա լիիրավ ճաշակում է այն քաղցր պտուղները, որ ցանել է տարիներ ի վեր: Ինչպես օրինակելի մայր ու տատիկ է, այնպես էլ հավատարիմ ու նվիրված կին է Սուսաննա Գաբրիելյանը: Մեր շրջանում շատերին է հայտնի, որ 10-ից ավելի տարիներ է, ինչ նա անմնացորդ խնամում է իր հաշմանդամ ամուսնուն: Տոկուն, կամքից ուժեղ հայ կնոջ կերպարը  բոլորիս մոտ հիացմունք է առաջացնում և ինչու չէ, 70-ամյա կինն իր պահվածքով շարունակում է այսօր ընդօրինակման դաստիարակ հանդիսանալ:

Շնորհավորելով Սուսաննա Գաբրիելյանի 70-ամյա  հոբելյանն ու մաղթելով նրան միշտ լինել առողջ, գեղեցիկ ու հմայիչ՝ ցանկանում եմ շեշտել, որ երջանիկ և հպարտ են բոլոր նրանք, ովքեր աշակերտել են նման ուսուցչին և կարողացել են այս կյանքում հասնել իրենց նպատակներին:

Հիրավի, չկա ուսուցչի համար ավելի մեծ երջանկություն, քան տեսնել, թե ինչպես ես գնահատվում քո իսկ ձեռքով դաստիարակված սաների կողմից: Համոզված եմ, իմ այս հոդվածի տողերին միանում են Սուսաննա Գաբրիելյանին աշակերտած բոլոր սերունդները…

Շնորհավո՛ր Ձեր 70-ամյա հոբելյանը, ընկեր Գաբրիելյան…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter