ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ |
29.08.2017 14:59 |
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած ուխտագնացության մասնակիցներն այս օրերին այցելում են Արցախի բոլոր բնակավայրերը, զորամասերը, հարգանքի տուրք են մատուցում զոհված ազատամարտիկներին՝ այցելելով նրանց պատվին կառուցված հուշակոթողներին: Ուխտագնացության նպատակն է հավերժացնել մեր հերոս տղաների հիշատակը, բարձրացնել ազատագրված տարածքների բնակչության ռազմահայրենասիրական ոգին, ամրացնել այդ տարածքներում ապրող բնակչության հավատը, նոր սերնդի մեջ սերմանել Արցախյան ազատագրական պատերազմի հերոսական դրվագները, քաջարի երկրապահների անցած փառապանծ մարտական ուղին: Օգոստոսի 21-ին ուխտագնացները հանդիպեցին նաև Ասկերանի հասարակության հետ: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: ԵԿՄ փոխնախագահ Օհան Գևորգյանը ողջունելով ասկերանցիներին և նրանց փոխանցելով ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի և եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն Արցախի անկախության և գիտելիքի օրվա առթիվ՝ նշեց. -Այս ուխտագնացությունը խոնարհում է Արցախյան ազատագրական պայքարի հազարավոր զոհերի հիշատակի առջև և սթափության կոչ աշխարհին: Երբեք կիսատ չի մնա մեր տղաների կիսատ գործը, որ նրանք ստեղծել են իրենց արյան գնով: Հող ազատագրելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը: Այսօր մեր հայրենիքի սահմանները պահպանում են 18-ից 20 տարեկան տղաներ, ովքեր իերնց հայրերից ու պապերից չեն տարբերվում իրենց ուժով ու խելքով: Փա՜ռք բոլոր զինծառայողներին ու հայոց փառապանծ բանակին: Հպարտությամբ պետք է շեշտեմ, որ տարեցտարի բազմանում է մասնակիցների քանակը, ավելանում են մեզ կամավոր միացողները: Դուք տեսնում եք, թե ինչպես են պատանի երկրապահները ոգևորվել իրենց առաքելությամբ: Նրանց մոտ հայրենասիրությունը վեր է ամեն ինչից: Ուխտագնացությունը նվիրված է նաև գիտելիքի օրվան, քանզի 21-րդ դարում գիտելիքով, կրթված երիտասարդությամբ և լավ մասնագետներ պատրաստելով կարելի է հասնել բարձունքների: Պատահական չէ, որ երկրապահը առաջնահերթ կարևորություն է տալիս կրթական ծրագրերին: Օրվա միջոցառումն ուղեկցվում էր պատանի երկրապահների համերգային ծրագրով, որը մեծ ոգևորություն էր առաջացնում ներկաների մոտ: Առանձնապես խանդավառված էին փոքրիկ մասնակիցները, ովքեր պարում և երգում էին հյուրերի հետ: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 34 առաջին դասարանցիներ գրենական պիտույքներով լի պայուսակներ ստացան, ինչն արդեն մի գեղեցիկ ավանդույթ էր դարձել Արցախում: ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը շեշտեց. - Մենք բոլորս եռասերունդ երկրապահ ենք: Մենք միասին հաղթեցինք թշնամուն Արցախյան և ապրիլյան պատերազմներում՝ ապացուցելով թուրքին, որ հայը հաղթել ու միշտ հաղթելու է: 2016 թվականի ապրիլին, 24 ժամվա ընթացքում երկրապահը 2700 հոգով անմիջապես եկավ առաջնագիծ և կանգնեց զինվորի կողքին: Այս հայրենասիրական դաս-միջոցառումները մեծ նշանակություն ունեն մատաղ և երիտասարդ սերունդների համար: Ուխտագնացությունը դաստիարակություն է, որով նոր սերունդը ճանաչելով մեր պատմությունը՝ դաստիարակվում է այդ պատմությամբ: Սիրելի՛ փոքրիկներ, Զորավարի կողմից ստանալով ձեր գրենական պիտույքներն ու պայուսակները, դուք պարտավորվում եք լավ սովորել և հետագայում դառնալ լավ մասնագետներ ու պիտանի մարդիկ: Միջոցառման վերջում շրջվարչակազմի ղեկավարի անունից շրջվարչակազմի պատվոգրով պարգևատրվեց ԵԿՄ վարչության նախագահ Զորավար Մանվել Գրիգորյանը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|