Սիրտդ մի տեսակ բերկրանքով ու խանդաղատանքով է լցվում, երբ արցախյան գյուղերի փողոցներում անհոգ խաղալիս մանուկներ ես տեսնում, երբ գյուղ ես մտնում ու տեսնում գյուղական եռուզեռով ապրող մարդկանց ու տների երդիկներից ելնող ծուխը: Փառավորվում ես. ուրեմն գյուղն ապրում է: Առանձնապես ուրախանում ես, երբ դա սահմանամերձ գյուղ է` պատերազմական արհավիրքներով անցած, բայց կանգուն գյուղ: Հենց այդպիսի սահմանամերձ գյուղերից է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը:
Խորհրդավոր ու կախարդական անտառի փեշին գտնվող այս գյուղի բնությունը հեքիաթային է, միաժամանակ նաեւ վստահություն ներշնչող: Գուցե՞ այդ անտառները, հանդերն ու դաշտերն են բարձրացրել Փառուխի բնակիչների հայրենասիրական ոգին, եւ գյուղը կարողացել է դիմակայել ու առայսօր գոյատեւել: Այժմ գյուղում ապրում է 73 մարդ: 13 երեխաներ նախադպրոցական տարիքի են: Գյուղում տարեկան արձանագրվում է 2-3 ծնունդ: Իսկ եթե ծնունդ կա, ուրեմն գյուղը բազմանալու միտում ունի: Ուրախալին էլ այն է, որ դեռեւս արտաշարժ չկա, գյուղն ապրում է իր կյանքով: Փառուխցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տրտնջում, բավարարվում են եղածով ու Աստծուն փառք տալիս: Փառուխն արցախյան այն սահմանամերձ գյուղերից է, ուր բնակեցվում են վերաբնակեցման ծրագրով ԼՂՀ եկող ընտանիքները: Նրանց համար կառուցվել են նոր տներ, հատկացվել են հողամասեր: Այսօր գյուղում ապրում է չորս վերաբնակեցված ընտանիք: Անահիտ Գալստյանի ընտանիքն այդ ընտանիքներից մեկն է: Նա նաեւ Խրամորթի միջնակարգ դպրոցի Փառուխի մասնաճյուղի տնօրենն է: Փոքրիկ զրույց ունեցանք նրա հետ ու միանգամից հասկացանք. տիկին Գալստյանն իրեն Փառուխ գյուղի լիարժեք բնակչուհի է զգում: ՙՏարիներ շարունակ վարձով ենք ապրել Երեւան քաղաքում: Սեփական տուն եւ աշխատանք չենք ունեցել: Այսօր ունենք եւ' մեկը, եւ' մյուսը: Յոթ տարի է, ինչ ապրում ենք այստեղ, եւ չեմ կարծում, որ երբեւէ հեռանանք Փառուխից: Միշտ էլ հուզմունքով եւ երախտագիտությամբ ենք հիշում, թե ինչպես են տեղի բնակիչները գրկաբաց ընդունել մեզ, վերաբերվել` հարազատորեն: Եվ, իհարկե, եկվորներիս համար առանձնապես մեծ նշանակություն է ունեցել համայնքի ղեկավարի ու համագյուղացիների բարոյահոգեբանական օգնությունը, երբեւէ մենք մեզ օտար չենք զգացել: Եվ կարծում եմ, որ այսօր մեր հարգանքն ու օժանդակությունը փոխադարձ է: Ցանկացած խնդիր էլ առաջանալու դեպքում աջակցություն ենք ստանում թե' շրջվարչակազմի, թե ' կրթության բաժնի կողմից: Գյուղի դպրոցը գտնվում է նորմալ վիճակում, եւ երեխաները կարողանում են պատշաճ մակարդակով ուսում ստանալ: Վերաբնակիչներս ունենք մի մեծ խնդիր, մեզ ոչ մի վարկ չի տրվում, քանի որ դեռեւս գրավ դնելու սեփականություն չունենք: Իսկ ապրել գյուղում եւ չզբաղվել անասնապահությամբ կամ գյուղատնտեսությամբ, ճիշտ չէ: Կցանկանայինք, որ լուծվեր այս խնդիրը: Մենք հարմարվել ենք այս գյուղի կյանքին ու ապրում ենք նրա դարդ ու ցավերով՚,-նշում է Ա.Գալստյանը: Իսկ գյուղն ունի իր ցավն ու դարդը: Ամենակարեւոր, ցավոտ հարցը գյուղ տանող քարքարոտ ու խորդուբորդ ճանապարհն է, որը ոչ բոլոր մեքենաների համար է անցանելի: Գյուղում չկա համայնքապետարանի, ակումբի, բուժկետի շենք: Բուժկետի աշխատող Նունե Գալստյանը, որն, ի դեպ, նույնպես վերաբնակիչ է եւ երկու փոքրիկների մայր, հիվանդներին տանն է ընդունում եւ կատարում երեխաների պատվաստումը: Գյուղում գոհ են նրա բարեխիղճ աշխատանքից: Ցավալի խնդիր է նաեւ գյուղի ներքեւի փողոցի ջրի բացակայությունը: Արցախյան պատերազմից տուժած սահմանամերձ բոլոր գյուղերի նման Փառուխ գյուղը նույնպես փորձում է վերագտնել իրեն` իմանալով, որ նման խնդիրներ ունեն համարյա բոլոր արցախյան գյուղերը: Պարզապես ցանկանում են փոքր ինչ բարելավում եւ համոզված են, որ այդ դեպքում գյուղի նորաստեղծ ընտանիքները կմնան իրենց օջախներում: Իսկ պատերազմի թոհուբոհի միջով անցած, անկոտրում ոգու տեր համայնքի ղեկավար Արտյուշա Միքայելյանի հետ զրույցից հետո, հստակ պատկերացում կազմեցինք. գյուղը միշտ շեն կմնա, իսկ նրա բնակիչները կբազմանան: ՙՄենք կյանքի գնով ենք պահել գյուղը, փառահեղ հաղթանակից հետո կարողացել ենք հաղթահարել հետպատերազմյան դժվարին տարիներն ու հիմա մտածում ենք միմիայն գյուղի խնդիրները լուծելու եւ այն շենացնելու մասին: Մեր անփոխարինելի բնությունը, հողն ու ջուրը հավետ կապում են մեզ մեր հարազատ գյուղի հետ: Անչափ ուրախ ու հպարտ եմ, որ վերաբնակեցման ծրագրով գյուղ եկած ընտանիքները հարմարվել եւ համերաշխ ապրում են այստեղ: Ունենք նաեւ մեկ չբնակեցված տուն ու սիրով պատրաստ ենք նոր ընտանիք ընդունել: Ցանկալի է, որ այն բազմանդամ ընտանիք լինի: Կարծում եմ, որ ինչ որ ձեւով կլուծվի գյուղի ճանապարհի հարցը եւ Փառուխը միշտ կանգուն կմնա՚,-վստահորեն ասում է համայնքի ղեկավարը: Իհարկե, հեշտ չէ սահմանամերձ գյուղում ապրել, երբ անընդհատ լարված ես ու միշտ զգոն: Սակայն, երբ ունես միայն հային հատուկ հայրենասիրություն ու պատվախնդրություն, ուրեմն ոչինչ վտանգավոր չէ: Հենց այդպիսի գյուղերով ու նման հայրենասեր ժողովրդով է մեր երկիրը հզոր ու պաշտպանված:
Կարինե Բախշիյան |