ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
29.08.2017 15:13 |
Օգոստոսի 26-ին Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ուսուցիչների արդեն ավանդական դարձած ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը, ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանը, ՀՀ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԳԹԿ բաժնի պետ Կ. Նասիբյան, ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս.Ասրյանը, շրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ։ Շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը ներկայացրեց 2016-17 ուսումնական տարում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն։ -Հանրակրթության բնագավառում բարեփոխումներին համահունչ շրջանի մանկավարժական կոլեկտիվները որոշակի աշխատանքներ են կատարել կրթության կազմակերպման գործընթացը պետական քաղաքականության շրջանակներում պատշաճ մակարդակի հասցնելու ուղղությամբ: 2016-2017 ուսումնական տարում արձանագրվել են ինչպես հաջողություններ, ձեռքբերումներ, այնպես էլ թերացումներ ու բացթողումներ, որոնք համատեղ ուժերով կարողացել ենք շտկել,- ասաց Շ. Աղաբաբյանը։ Ներկաների ուշադրությանը ներկայացնելով 2016-17 ուսումնական տարում կատարած աշխատանքը Շ. Աղաբաբյանը կանգ առավ նաև վրիպումների ու թերությունների, դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վրա: Հաշվետու ժամանակահատվածում շրջանում գործել է 32 հանրակրթական դպրոց, որից 24- ը՝ միջնակարգ, 8-ը՝ հիմնական:Շրջանում սովորողների կրթության և դաստիարակության գործն իրականացնում է 686 ուսուցիչ, որից 668-ը բարձրագույն, 18-ը միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթությամբ: Շրջանի դպրոցների մանկավարժական կադրերի պահանջարկը հիմնականում լուծված է: Մրցութային կարգով թափուր տեղերը զբաղեցրած շրջանի 8 ուսուցիչներ օգտվում են ԼՂՀ կառավարության կողմից ընձեռնված արտոնություններից։ Ընթացիկ ուսումնական տարում շրջանում գործել է ՙՄանկապատանեկան ստեղծագործական կենտրոն՚ ` 36 խմբակով՝ 380 սաների, արվեստի դպրոց` 14 խմբակով՝ 150 աշակերտների, մանկապատանեկան մարզադպրոց` 18 խմբակով՝ 251 աշակերտների, Աստղաշենի արվեստի դպրոց 17 խմբակով՝ 153 աշակերտների ընդգրկմամբ: Նախադպրոցական հիմնարկներ են գործում Ավետարանոց , Ակնաղբյուր, Խնապատ, Խաչեն, Իվանյան, Այգեստան համայնքներում` պետական կարգավիճակով և Ասկերան ու Խնձրիստան համայնքներում՝ հովանավորչական հիմունքներով: Նախապատրաստական խմբեր են գործում Խրամորթի, Նորագյուղի, Պատարայի, Ասկերանի և Հարավի կրթական հաստատություններում: Նմանատիպ կառույցների անհրաժեշտություն կա Պատարայում, Աստղաշենում, Շոշում, Խնածախում։ Իսկ Նորագյուղում ընթացքի մեջ է նախադպրոցական հիմնարկի շինարարությունը: Ավարտվել է Սարուշենի մանկապարտեզի շինարարությունը, որտեղ ընթանում են անհրաժեշտ գույքով համալրման աշխատանքները: Ինչպես նշեց Շ. Աղաբաբյանը, սովորողների շրջանում առանձնահատուկ նշանակություն և դեր ունի ավանդական առարկայական օլիմպիադաների կազմակերպումն ու անցկացումը: Այս տարի շրջանում օլիմպիադայի արդյունքները գոհացուցիչ են եղել: Շրջանում բարձր միավորներ հավաքած 58 (27 հումանիտար, 31 բնագիտական) աշակերտ մասնակցել է հանրապետական փուլին։ Շրջանը միավորների առումով զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը` հանրապետությունում և 1-ին պատվավոր տեղը շրջանների մեջ: ԼՂՀ ԿԳՍ նախարարության գովասանագրերով պարգևատրվել են Ասկերանի, Սզնեքի, Նորագյուղի, Ակնաղբյուրի, Խնածախի, Իվանյանի կրթական հաստատությունների 17 աշակերտներ: Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպված օլիմպիադան Իրավագիտության բնագավառում ևս գոհացուցիչ էրշրջանի համար, որտեղ Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտ Աշոտ Գաբրիելյանը զբաղեցրեց 1-ին մրցանակային տեղը: -Հարգելի ներկաներ, հաշված օրեր են մնացել մինչև նոր ուսումնականը: Վստահ եմ, որ բարձրացված բոլոր հարցերը, ժամանակի առումով, կգտնեն իրենց լուծումները, մանկավարժական կոլեկտիվներն իրենց ջանքերը կուղղեն սովորողներին գիտելիքներով զինելուն, կյանքին նախապատրաստելուն: Վերջում Շ. Աղաբաբյանը շնորհավորեց ներկաներին գալիք տոների՝ գիտելիքների օրվա և Արցախի Հանրապետության պետական անկախության 25-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, բեղմնավոր աշխատանք, անձնական երջանկություն և հաջողություններ՝ Ազատ ու անկախ Արցախի խաղաղ երկնակամարի ներքո։ Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը ամփոփելով 2016-17 ուսումնական տարին հանրապետության մասշտաբով նշեց, որ մեր հանրապետությունում ավագ դպրոցի ներդրմամբ աշակերտների համատարածք ԲՈՒՀ-եր ընդունվելու գործընթացը կարողացել են համակարգել։ Այժմ աշակերտների զգալի մասն ավարտելով 9-րդ դասարանը՝ ընդունվում են արհեստագործական ուսումնարաններ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Այսինքն, ավագ դպրոցների հիմնադրմամբ մասնագիտական կողմնորոշման խնդիրն ինքնըստինքյան լուծվել է։ Խորհրդակցության ժամանակ Սարուշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Գասպարյանը, Իվանյանի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ռոզա Գրիգորյանը, Նախիջևանիկ միջնակարգ դպրոցի ուսուցիչ Էրիկ Բաղդասարյանը, Բերքաձորի հիմնական դպրոցի զինղեկ Աշոտ Մայիլյանը, Ավետարանոցի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվինա Խաչատրյանը և Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Իննա Հայրապետյանը հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք մասնավորապես վերաբերում էին ուսումնական ծրագրերի բեռնաթափմանը, ավագ դպրոցի՝ 12-ամյա կրթությանն ու տարիքային առանձնահատկություններին, դասագրքերի և ուսումնական խնդիրներին, առարկայական մասնագետների դժգոհություններին, դասագրքերի և ծրագրերի անհամապատասխանությանը, ուսուցիչների ցածր աշխատավարձի և դրան հետևող վարկանիշին, համացանցի՝ դպրոցականների հասանելիության սահմանափակման անհրաժշտությանը, օտարածին հեռուստահաղորդումներին։ Նրանք առաջարկ-պահանջ ներկայացրեցին նաև դպրոցներում ուսումնասիրել ՙԱրցախի Հանրապետության պատմություն՚ առարկան։ Դպրոցներում բուժաշխատողի բացակայությունը ևս իր բացասական ազդեցությունն է թողնում։ Նրանք խոսեցին նաև դպրոցներում լաբորատոր սարքավորումների և մարզական գույքի իսպառ բացակայության, ՆԶՊ նյութատեխնիկական բազայի ամրապնդման, դպրոցների՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպությունների ոչ լիարժեք ինքնուրույնության, տեխնիկական միջոցների (համակարգիչների և այլ սարքավորումների) բացակայության մասին։ Որոշ հարցերի պատասխաններ ուրվագծվեցին ՀՀ ԿԳ նախարարի ելույթի խոսքում. -Սպասվող բարեփոխումների շարքն առաջին հերթին հանրակրթական հաստատություններն է ընդգրկելու։ Իսկապես եկել է կրթական ծրագրերը թեթևացնելու ժամանակը։ Շղթան դեպի ԲՈՒՀ-ական համակարգն է շարունակվելու, որտեղ ևս բեռնաթափման խնդիր կա։ Քանի որ գործող շուրջ 67 համալսարաններում ուսանում է 87 հազար ուսանող, ուստի չի կարող 100-200 ուսանող ունեցող համալսարանը լիարժեք կրթություն իրականացնել։ Սա նշանակում է, որ վկայական են տպում։ Ու եթե այժմ մենք այս մասին չբարձրաձայնենք ու կոնկրետ քայլեր չձեռնարկենք, կնշանակի, որ մենք ազնիվ չենք մեր ժողովրդի հանդեպ։ Որովհետև շատ ծնողներ հաճախ բազմաթիվ զրկանքների գնալով իրենց երեխաներին ուսում են տալիս ու չեն ուզում դրա դիմաց թղթի կտոր ստանալ, այլև որակյալ ուսում, գիտելիք։ Սա մեր ամենակարևոր գերխնդիրն է, որը բարեփոխումների հիմքում է։ Լևոն Մկրտչյանի խոսքերով, Արցախը շրջապատված լինելով թշնամիներով չպետք է մտածենք միայն տուրիզմի, սպասարկման ոլորտի զարգացման և ժողովրդի բարեկեցության մասին։ Մեր ժողովրդի բարեկեցությունը պետք է հենված լինի ամենաառաջավոր՝ գիտելիքի ներդրմամբ։ Քանզի մեզ պետք է վաղվա մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ սերունդ։ Վերջում շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը Շահեն Աղաբաբյանին պարգևատրեց ԱՀ վարչապետի հուշամեդալով, իսկ շրջանի մի շարք դպրոցների մանկավարժական կոլետիվները 2016-17 ուսումնական տարում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվեցին վարչակազմի ղեկավարի պատվոգրով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
+ |