ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԱՐՑԱԽ…
08.09.2017 13:13

Սեպտեմբերի 2-ին համայն հայությունը նշում է առանձնահատուկ նշանակություն ունեցող տոն՝ Արցախի Հանրապետության անկախության օրը: Տոն, որը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի: Վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը…

Արցախի անկախության 26-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն Ասկերան քաղաքում մեկնարկեց

պատմական բերդի մատույցներից, որտեղից Ն զորամասի զինվորները՝ նվագախմբի ուղղորդությամբ քայերթով անցան քաղաքով: Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ շրջանի ուժային կառույցների ղեկավարությունը, Ասկերանի քաղաքապետը, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները, վարչակազմի բաժինների վարիչները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Այնուհետև այցելեցին Տանկ հուշահամալիր, որտեղ ևս ծաղիկներ տեղադրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Հանդիսավոր միտինգը տեղի ունեցավ Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակի մոտ:

Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպորցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը և շնորհավորելով ներկաներին Արցախի Հանրապետության Անկախության 26-ամյակի առթիվ, նշեց, որ արցախյան պայքարով զարթնեց ու ամրապնդվեց հաղթանակելու և իր նոր կյանքը կառուցելու մեր ժողովրդի հավատը: Արցախում պարզված ազատության դրոշն առաջնորդեց մեր ժողովրդին դեպի ազգային պետականության նոր առավոտի լույսը, որպեսզի այլևս չխամրի մեր ազատ կյանքի այգաբացը:

Ապա հնչեց Արցախի հանրապետության պետական օրհներգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհված քաջորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար;

Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շնորհավորելով ներկաներին այս նշանակալից օրվա կապակցությամբ՝ նշեց.

-Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշները, ունի պետությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները։ Անկախության ճանապարհին, ցավոք, ունեցանք անդառնալի կորուստներ, հաղթահարեցինք մեծ դժվարություններ ու փորձություններ և շնորհիվ մեր ժողորվդի կամքի ու ոգու կարողացանք արձանագրել հաղթանակներ։ Համոզված եմ, որ մենք ազգովի կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաստատուն քայլերով առաջ շարժվել։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական կարևոր այս տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Փա՛ռք մեր անկախ պետությանը։ Փա՛ռք մեր հերոսական ժողովրդին։

Զեկույցով հանդես եկավ Գայանե Հայրիյանը.

-Արցախի անկախությունը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին մեր՝ արցախցիներիս տոնն է: 1991 թվականին նվիրական այս օրն անկախության հռչակմամբ, բռնության ու բռնապետության շխթաներից, ազգային ու կորանական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական, ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը:

1991թ. հունվարին, ապրիլին, անգամ օգոստոսի կեսերին Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղը հռչակելու է իր անկախությունը: Պետք է հետադարձ հայացք նետես ոչ վաղ անցյալի պատմությանը, աչքի անցկացնես ժամանակագրությունը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի ծանր, անհուսալի թվացող, հակասական, բայց նաև հերոսական էր 1991թվականը հայ ժողովրդի համար: Այդ թվականի առնվազն երկու ամսաթվեր գրանցվել ու մնալու են հայոց պատմության մեջ. սեպտեմբերի 2-ը, երբ Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, և սեպտեմբերի 21-ը, երբ Հայաստանն անցկացրեց անկախության իր հանրաքվեն:

Անկախության ճանապարհը լի էր բազմաթիվ խոչընդոտներով ու խութերով:

2016 թվականի ապրիլի 2-ին բոլորս արթնացանք ուրիշ իրականության մեջ: Հակառակորդը, վերջ դնելով ավելի քան 20 տարի գոյություն ունեցող փխրուն խաղաղությանը, լայնածավալ գործողություններ էր սկսել Արցախի սահմանի ողջ երկայնքով: Ապրիլյան իրադարձություններն եկան ի հաստատումն այն բանի, որ պատերազմի բոլոր օրենքները շրջանցած Ադրբեջանի թուրքական հանրապետությունը չի դավաճանել իր նկարագրին՝ մնալով որպես դարանակալ նենգ ոսոխ: Հայկական կողմն ամեն ինչ արեց պաշտպանության բանակի կազմակերպված և տարերայնորեն Արցախ մեկնած կամավորականների ուժերով:

Քաղաքացիական այս աննախադեպ համախմբման ոգևորությունը, ցավոք, չանցավ առանց կորուստների: Մենք կորցրինք մեր լավագույն եղբայրներին. 100-ից ավել լուսավոր անուն՝ 18-ից 20 տարեկան երիտասարդ զինվորներ, սպաներ ու կամավորականներ…

Տղաների հերոսության շնորհիվ ձախողվեցին թշնամու պլանները, թշնամին կորցրեց մեծաքանակ ռազմական տեխնիկա և կենդանի ուժ:

Այսօր Արցախը տոնական հանդերձով է: Ուրախանալու, հպարտանալու, միմյանց շնորհավորելու առիթ իսկապես կա: 26 տարի առաջ այս օրը արցախցին ևս մեկ անգամ ապացուցեց աշխարհին ինքնուրույն ուղով ընթանալու իր հաստատակամությունը:

Տեղին է ասել հին և իմաստուն կարգախոսը. <<Ազատությունը չունի այլընտրանք>>:

Վճռականությամբ էր լցված Ն զորամասի սպա Կարեն Սարուխանյանի սրտի խոսքը.<< Արցախի Հանրապետության 26-ամյա գոյությունը և նրա հետագա բարգավաճումը, հզորացումը, մեր զոհված ընկերների հիշատակը հավերժացնելու լավագույն ճանապարհն է: Իսկ դա հնարավոր է ժողովրդավարության հետևողական արմատավորման, բանակ-հասարակություն կապերի սերտացման ու համախմբվածության միջոցով, ինչի երաշխիքը հանդիսանում է Պաշտպանության բանակը:

Այսօր մենք պատիվ ունենք ապրելու ազատ ու անկախ Արցախում, պատիվ ունենք ծառայել մեր ազգային բանակում՝ երախտապարտ լինելով այն մարդկանց, որոնք մեզ նվիրեցին Արցախի ազատությունը, ովքեր նույնիսկ մահվան առաջ կանգ չառան: Մենք պարտավոր ենք պահել, պահպանել ու շենացնել Արցախը:

ԱՀ ՊԲ հրամանատարության անունից շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ:

Կեցցե՜ ազատ Արցախը, որ մարմնավորում է հայոց արժանապատվությունը>>:

Միջոցառման մասնակիցներին շնորհավորանքի խոսք հղեց նաև արցախյան ազատամարտի վետերան Վիգեն Գաբրիելյանը.

-Անկախությունը բացարձակ արժեք է: Ցանկացած ժողովրդի գոյության, ազատ և բնականոն զարգացման գերագույն գրավականն է: Եվ այսօր, մեր պետականության պահպանման, զարգացման ու հզորացման համար անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ սկսել պետական կենսագործունեության բոլոր ոլորտներում: Հարգել ու պաշտպանել մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Առողջացնել, ժողովրդավարացնել քաղաքական դաշտն ու հասարակական կյանքը: Օրենքի և Արդարության հիմքերիվրա կառուցել օրինակելի պետական ու հասարակական համակարգ: Որովհետև այդ ամենն այն հիմնական միջոցներն են, որոնք կարող են նվաճել միջազգային հանրության, աշխարհի հզորների հարգանքն ու համակրանքը, կարող են տանել և հաղթական ավարտին հասցնել այս երկարատև ազգային ազատագրական գործընթացը:

Ասկերանի հոգևոր առաջնորդ Արթուր սարկավագ Խունոյանը միանալով բոլոր շնորհավորանքներին՝ նշեց, որ հայ ժողովուրդը յուրահատուկ պամություն է անցել: Անցել է դժվարությամբ, սակայն մեծ հավատով: Այսօր այս հավատով փառք ենք տալիս առ Աստված, որ արժանացրեց մեզ այս բարի օրվան և ուրախությանը: Հոգևոր առաջնորդը մաղթեց Արցախ աշխարհին խաղաղություն, բարօրություն և հավերժ հավատ առ Աստված:

Անկախության օրվան նվիրված միջոցառումը շարունակվեց երեկոյան Ասկերանի նորակառույց պուրակում: Երգ ու երաժշտության ներքո հավաքվել էին մեծ, թե փոքր. հավաքվել էին տոնական խնդությամբ ու հպարտությամբ՝ միավորված ու միասնական, ինչպես, Արցախի ազատագրության օրերին: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների հիշատակը՝ պարտավորվելով միշտ վառ պահել նվիրյալների անունները:

Ասկերանի <<Բերդ>> համույթի հայրենասիրական կատարումները մեծ ոգևորություն և հիացմունք էին հաղորդում ներկաներին: Զինվորներն անկաշկանդ պարում և ուրախանում էին պատանի ասկերանցիների հետ: Չէ որ նրանք անկախության սերունդն են՝ այս ազատ երկրի ներկան ու գալիքը…Միջոցառմանը հաճելի պահեր պարգևեցին նաև Ասկերանի արվեստի դպրոցի և ՄՊՍԿ-ի սաների պարային խրոխտ կատարումները: Փոքրիկներն այնպես հաղթական էին պարում՝ ասես ցանկանում էին համայն աշխարհին ապացուցել, որ իրենք են այս երկրի տերը և իրենց հայրերի ու պապերի գործի շարունակողը: Իսկ երբ հնչեց բոլորիս քաջածանոթ, Ասկերանի արվեստի դպրոցի նախկին սան Յուլյա Հայրապետյանի հնչեղ ձայնը, միջոցառման մասնակիցներին  պարծանքի և բերկրանքի զգացումներ պատեցին. ահա մեր սպասված իրականությունը, ահա մեր պայծառ ապագան…

Միջոցառման ընթացքում մասնակիցները դիտում էին Անկախության տոնին նվիրված սլայդ-շոուն:

Օրվա խորհրդին հանդիսավոր շունչ հաղորդեց շքեղ հրավառությունը, որը տրամադրել էր Ասկերանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանի որդին՝ Վարդան Գաբրիելյանը: Ինչ խոսք, արժանի հոր արժանի զավակի նախաձեռնությունն ասկերանցիների դրվատանքին է արժանի…

Արդարև, օրվա միջոցառումն անցավ հավուր պատշաճի: Մեր ժողովուրդը, ինչպես միշտ համախմբված, մեծով ու փոքրով տոնեց արցախցիներիս համար յուրահատուկ այս տոնը: Մենք պատրաստ ենք մեր բոլոր իղձերն ու ձգտումները նոր հաղթանակներով կյանքի կոչելու համար մնալ միասնական և ուժեղ: Երբեք չենք դադարի պայքարել ազատ ապրելու իրավունքի համար և կբազմապատկենք հայրենաշեն ու ազգանվեր մեր գործերը:

Տոնդ շնորհավո՛ր, Արցախ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter