ԹՈՂ ՄԻՇՏ ԿԱՆԳՈՒՆ ԼԻՆԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՍԶՆԵՔ ԳՅՈՒՂԸ
12.09.2017 18:24

Ասկերանի շրջանի Սզնեք գյուղն Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է՝ շրջապատված  կուսական ու փարթամ անտառների հեքիաթային գեղեցկությամբ: Այստեղ օդն աննկարագրելի մաքուր և անարատ է, ինչպես սզնեքցու սիրտն ու հոգին: Աշխատասեր, պատվասեր, բարի ու համեստ սզնեքցին հազար ու մի թելով կապված է հարազատ գյուղի հետ: Անտրտունջ ապրում է այստեղ, կռիվ տալով հողի հետ աշխատում և բերք ու բարիք է ստեղծում: Գյուղի մեծերը կարոտով ու երանությամբ են խոսում նախկին Սզնեքի մասին, որ հայտնի էր իր քաղաքակիրթ, մաքրասեր, ստեղծագործ և ուսումնատենչ

լինելով: Պատահական չէր, որ գյուղը հաճախ կոչում էին Փոքր Թիֆլիս  անունով:

Սեպտեմբերի 10-ին սզնեքցիները հավաքվել էին մի առանձնահատուկ տոն նշելու: Հարազատ գյուղի 300-ամյա տարեդարձն էին նշում: Ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրը համագյուղացի, ռուսաստանաբնակ Վալերի Ասծատրյանի հովանավորությամբ գյուղի բնակչության համար միջոցառում էր կազմակերպվել, որի ժամանակ երիտասարդության կողմից առաջարկություն է ներկայացվել սեպտեմբերի 10-ը նշել որպես հայրենի գյուղի օր: Նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել համայնքի բնակչության կողմից, և առհավատչյան օրվա գեղեցիկ միջոցառումն էր:

Գյուղում և գյուղից դուրս ապրող սզնեքցիները հավաքվել էին բարձր տրամադրությամբ՝ տոգորված հարազատ գյուղի փառաբանման և հայրենասիրական վեհ զգացումներով: Երգը, ծիծաղը, արցունքները միահյուսվել էին իրար…Այստեղ էին արմատներով սզնեքցի ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանը, ռուսաստանաբնակ բարերար Վալերի Ասծատրյանը: Մարդիկ, ովքեր մշտապես ապրում են գյուղի կյանքով և ուշադրության կենտրոնում պահում նրա բարեկեցության ապահովումը:

Սզնեքցիներին շնորհավորելու էին եկել նաև Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, Բերդ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը:

Մինչ հանդիսավոր միջոցառման սկսելը ներկաներն այցելեցին Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմերում զոհված քաջ հայորդիների հիշատակին կառուցված հուշահամալիր և ծաղիկներ տեղադրելով ու մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Սզնեքցին լավ է գիտակցում և գնահատում, որ այդ հերոսներն այսօրվա խաղաղ կյանքի կերտողներն են, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հավետ բարձր պահել հայրենիքի նվիրյալների անունները:

Տոնական միջոցառումը շարունակվեց Ներքին Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում: Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանը.

-Այսօր տոնական և հիշարժան օր է բոլորիս համար: Մենք հավաքվել ենք տոնելու գյուղի հիմնադրման 300-ամյա տարելիցը և այսուհետ կշարունակենք այդ բարի ավանդույթը: Տեսնելով ձեր ոգևորված և ուրախ դեմքերը, ինքնին համոզվում եմ, որ այս օրը շատ կարևոր է սզնեքցիներիս համար, քանզի այն հայրենասիրության, համախմբման և գյուղը շենացնելու յուրահատուկ մի խորհուրդ ունի:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանը: Նրա ելույթն առլեցուն էր նաև երախտագիտությամբ ու հպարտությամբ.

-Բոլորիս համար առանձնահատուկ այս օրը ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել բոլոր այն սզնեքցիներին, ովքեր իրենց լուման են ներդնում հարազատ գյուղի շենացման գործում: Մենք ունենք այնպիսի համագյուղացիներ, ովքեր բնակվելով այլ տեղերում, չեն դադարում ապրել գյուղի կյանքով, նրա դարդ ու ցավերով: Մենք հպարտանում ենք, որ ունենք այդպիսի նվիրված համագյուղացիներ:

Այսօր գյուղի հիմնդրման 300-ամյակն է: Մինչև գյուղի հիմնադրումն այստեղ գոյություն են ունեցել այլ բնակատեղեր, որոնց մասին են վկայում հնագույն պատմամշակութային հուշարձանները: Գյուղի տարածքում պահպանված ամենահին հուշարձաններից է կոչվող սրբավայրը, որտեղի խաչքարերը 10-13-րդ դարերի թվագրությամբ են արձանագրված: Գյուղի եկեղեցին, որ կառուցվել է 1849 թվականին, կանգուն է առ այսօր:

Ըստ վկայությունների, գյուղն իր անվանումն ստացել է շրջապատում մեծ քանակությամբ սզնի ծառերի առկայությունից:

1890-ական թվականների սկզբներին գյուղում կար 92 տուն և 727 բնակիչ, իսկ 1979 թվականին՝ 36 տուն և 109 բնակիչ: Այսօր գյուղն ունի 32 տուն և 127 բնակիչ:

Էջմիածնի սինոդին ներկայացված Արցախի թեմի զեկուցագրում նշված է, որ 1873 թվականին Շուշի գավառի Սզնեք գյուղում բացվել էր նախակրթարան՝ 31 աշակերտով, դասավանդում՝ մեկ ուսուցիչ: 1874-75 ուս.տարում գյուղի հասարակության խնդրանքով բացվեց  եկեղեցական ծխական դպրոց, որտեղ սովորում էին 20 աշակերտ: 1880-ական թվականների վերջերին գործում էր ծխական դպրոց՝ 35 աշակերտների ընդգրկմամբ: Գործում էր երկու բաժանմունք, դասավանդում էր մեկ ուսուցիչ:

1896 թվականին ցարական կառավարության կողմից Արցախում փակվում են բոլոր հայկական դպրոցները, սակայն Սզնեքում գաղտնի գործում էր դպրոցը, որտեղ հաճախում էին նաև հարևան գյուղերի երեխաները:

1907-08 ուս.տարում գյուղում բացվեց ծխական երկսեռ դպրոց՝ 45 աշակերտով: Մինչև 1950 թավականը գյուղի դպրոցը գործել է մասնավոր տներում: 1950 թվականին կառուցվել է նոր 8-ամյա դպրոցի շենք, որտեղ սովորում էր 65 աշակերտ: Այն գործել է մինչև 1982 թվականը: Դպրոցը փակվելուց հետո աշակերտները հաճախում էին հարևան Կարմիր գյուղի դպրոցը: Սզնեքի դպրոցը վերաբացվեց 1988 թվականին, սկզբից  որպես տարրական, իսկ 1991թվականից՝ 8-ամյա: 2000 թվականից առ այսօր դպրոցը միջնակարգ է: 2017 թվականին այն ճանաչվել է Ասկերանի շրջանի լավագույն դպրոցներից մեկը: Վերջին տարիներին մեր աշակերտները շրջանային և հանրապետական օլիմպիադաներում գրավել են առաջնային տեղեր, այնուհետև մասնակցել Երևանում կազմակերպված եզրափակիչ փուլին: Արժանացել են դիպլոմների, գովասանագրերի և հանրապետության նախագահի կողմից ստացել են պարգևներ:

Ի սկզբանե, սզնեքցիները հայտնի էին որպես հմուտ արհեստավորներ: Հիմնականում տարածված էր դերձակությունը և ոսկերչությունը: 1930-1950 թվականներին այստեղ գործում էր կարի ֆաբրիկա, որտեղ աշխատում էր 40 մեքենա: Մեր ժողովուրդը միշտ էլ հայտնի է եղել որպես աշխատասեր և շնորհաշատ ժողովուրդ: Մենք հպարտանում ենք մեր նշանավոր զավակներով. Սերգեյ Արզումանյան, Գեորգի Իսրայելյան, Հայկ Արզումանյան, Արտավազդ Ավագյան, Միքայել Առաքելյան, Տեր Միքայել Միքայելյան, Սերգեյ Դավթյան, Արմեն Իսագուլով, Վալերի Ասծատրյան…

Սզնեք գյուղն ակտիվորեն և անմնացորդ նվիրվել է Հայրենիքի համար մղվող պայքարին, ինչպես Մեծ Հայրենականին, այնպես էլ Արցախյան ազատամարտին: 105 սզնեքցի անմահացան Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, իսկ Արցախյան ազատամարտում 12 տղաներ իրենց մատաղ կյանքը զոհաբերեցին հանուն այս սուրբ հողի, իսկ մեկ սզնեքցի համարվում է անհայտ կորած:

Արցախյան պատերազմից հետո սզնեքցին կարողացավ դիմակայել բոլոր դժվարություններին, չկորցրեց հավատն ապագայի հանդեպ և ավելի մեծ նվիրումով մասնակցեց հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը: Իրականացվել են աշխատանքներ գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Գյուղում գործում են գյուղացիական անհատական տնտեսություններ, որոնք հիմնականում զբաղվում են հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ: Տեղին է շեշտել, որ մեր ժողովուրդն իր աշխատասիրության շնորհիվ կարողանում է հասնել հաջողությունների, իսկ այն խնդիրները, որ դեռևս գոյություն ունեն համայնքում, մենք պատրաստ ենք հաղթահարել՝ լինելով այսպես համախմբված և միաբան: Հուզմունքով էր պատված Շահեն Մարգարյանի սրտի խոսքը: Շնորհավորելով համագյուղացիներին այս հիշարժան տոնի առթիվ՝ հպարտությամբ նշեց, որ կրթությունն ու արհեստը, դերձակագործությունն ու ոսկերչությունը միշտ էլ հարգի էին Ներքին Սզնեքի բնակչության համար և դրա վառ ապացույցն է, որ գյուղը տվել է բազմում նշանավոր մարդիկ:

-Այսօր մեր գյուղը բարերար ունի՝ հանձին Վալերի Ասծատրյանի, ով օգնում է համայնքին, հոգում դպրոցի հոգսերը: Մենք երախտապարտ լինելով նրան՝ միաժամանակ գիտակցում ենք, որ մեր գյուղի ամենօրյա հոգսերը, ծագած խնդիրները պարտավոր ենք հոգալ ինքներս: Կոչ եմ անում գյուղում և գյուղից դուրս ապրող սզնեքցիներին ամեն ինչ անել, որպեսզի գյուղին կենդանություն և նոր շունչ հաղորդվի: Առաջարկում եմ ստեղծել գյուղի բարեկարգման համար հիմնադրամ և հուսով եմ, որ բոլորն ակտիվորեն կմասնակցեն հայրենանվեր այդ գործընթացին>>,-իր խոսքում ավելացրեց Շ.Մարգարյանը:

Զոհված ազատամարտիկի հայր Արտյուշա Միքայելյանը տոնական այս օրվա մեջ մեծ նշանակություն և իմաստ էր տեսնում.

-Այսօրվա միջոցառումը մի յուրօրինակ դաս է բոլորիս համար: Մեր կողքին տեսնելով բարերար համագյուղացիների, պետական այրերի՝ ավելի մեծ հույսով ու հավատով ենք լցվում: Երիտասարդ սերունդը համակվում է հայրենի գյուղը պահելու և պահպանելու տենչով: Այդ սերունդն ունի այնպիսի արմատներ, որոնցով միայն հպարտանալ կարող է: Մենք միասին, համատեղ ուժերով կշենացնենք մեր գյուղը և համոզված եմ, կլինենք միահամուռ և ուժեղ: Շնորհակալություն բարերար Վալերի Ասծատրյանին և այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին:
Ավագ սերնդից ոչ պակաս ոգևորված էր նաև երիտասարդ սերունդը: Ուսանողուհի Տաթևիկ Միքայելյանի վճռական և խրորտ ձայնը ուժ և հաստատակամություն ներշնչեց ներկաներին.

-Դրախտավայր Սզնեքում տոն է այսօր: Յուրաքանչյուր սզնեքցի իր սրտի խորքում հպարտության զգացումով իր խոսքն ու մաղթանքն ունի ասելու: Լինելով այս չքնաղ գյուղի մի մասնիկը՝ որտեղ անցել են իմ մանկության և պատանեկության անմոռաց օրերը, սրտացավությամբ դիմում եմ բոլորիդ: Դուք ևս հիշեք ձեր մանկության անհոգ օրերը, քաղցր հուշերը և կհամոզվեք, որ դրանք ձեր կյանքի լավագույն տարիներն էին: Գիտեմ, չապրելով այստեղ, դուք չեք մոռանա հարազատ Սզնեքը ու կանեք հնարավորն ու անհնարինը, որպեսզի գյուղը լքված և ծերացած չլինի:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի և անձամբ իր անունից շնորհավորելով սզնեքցիներին տոնի առթիվ՝ նշեց, որ գյուղի բնակչությունը միասնական է, իսկ որտեղ միասնություն, համերաշխություն, այնտեղ էլ կա ապագայի հանդեպ մեծ հավատ ու լավատեսություն: Նա մաղթեց սզնեքցիներին առողջություն, ուժեղ կամք, ամուր կապերով հայրենի գյուղին կապվելու և այն շենացնելու ձգտում:

-Թող ձեր օջախներում մշտապես թևածեն հայկական սովորույթներն ու ավանդույթները, հայեցի միտքն ու հոգին,-ավելացրեց Ա. Մելքումյանը

և շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անունից գյուղը պատկերող նկար հանձնեց համայնքի ղեկավարին:

Միջոցառման ընթացքում դպրոցի շրջանավարտ Արգինե Մարգարյանը ներկայացրեց Գևորգ Էմինի ստեղծագործությունը: Նրա վճռական ձայնը մեկ անգամ ևս ապացույցն էր այն բանի, որ այս սերունդը դեռևս անելիք ունի, նա արժանի հետնորդն է իր հայրերի  ու պապերի: Շրջանավարտ Զարինե Փաշայանի երգը նույնպես հիացմունք պարգևեց համագյուղացիներին:

Ասկերանի համույթի համերգային ծրագիրը հանդիսավոր միջոցառմանն ավելի մեծ շուք հաղորդեց: Հայրենասիրական երգերը ոգեշնչեցին և բարձր տրամադրություն պարգևեցին միջոցառման մասնակիցներին: Համերգը կազմակերպվել էր բարերար Վալերի Ասծատրյանի հովանավորությամբ:

Հիրավի, օրվա միջոցառումը մեծ խորհուրդ ուներ: Այն համախմբվելու, հարազատ գյուղը շեն ու ծաղկուն տեսնելու միտում ունի: Արդարև, պետք է շեշտեմ, որ համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի փոխհամակցված աշխատանքի և սզնեքցիների ողջմտության ականատեսը եղանք մենք…

Տոնդ շնորհավո՛ր, Սզնեք…Թող միշտ սերը և հարգանքը թագավորեն համայնքում, թող հարազատ գյուղը կանգուն և ուժեղ տեսնելու տենչը երբեք չպակասի ձեզանից: Թող բարերար ու հայրենասեր, բարություն սփռելու էներգիայով լեցուն Վալերի Ասծատրյանի բարեգործություններն օրինակ ծառայեն բոլոր սզնեքցիների համար: Եվ տեղին եմ գտնում հնչեցնել Էմերսոնի խոսքերը. …

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter