ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ
14.09.2017 14:41

Սեպտեմբերի 11-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի համայնքում տեղի ունեցավ Հայրենիքի նվիրյալ զավակներից մեկի՝ Արմեն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։ Միջոցառումը կազմակերպվել է դպրոց-բանակ-հասարակություն կապի շրջանակներում, որը հայրենապահպանության և սեփական ազգին նվիրվածության յուրօրինակ դաս էր նաև։ Այո՛ Հայրենիքները կանգուն են նրա համար ամեն

վայրկյան խիզախելու պատրաստ քաջորդիներով։ Դրանցից մեկն էր §Մարտական խաչ¦ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Հայրապետյանը, ով Ակնաղբյուրի առաջին հրամանատարն էր։

Հուշ-ցերեկույթի միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, ԱԱՄ ներկայացուցիչներ, շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, զոհված ազատամարտիկի հարազատներ, մարտական ընկերներ, ակնաղբյուրցիներ։

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին զոհված ակնաղբյուրցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին ։

Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Ներկաները մեկ րոպե լռույթամբ հարգեցին կյանքի գնով ազատ ու անկախ Հայրենիք պարգևած հայորդիների հիշատակը։

Վարդան Ջիշանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի  Սեդա Թովմասյանն անդրադառնալով Արմեն Հայրապետյան-հրամանատարի կյանքին ու մարտական ուղուն՝ նշեց, որ Արմենի ու նրա նման նվիրյալների հիշատակը հավերժացնելը դարձել են մեր ժողովրդի կենսակերպի անքակտելի մի մասը։

-Պատմությունը վկայում է, որ հաղթանակների պսակը նրանն է, ով հոգնելուց առաջ մտածում է վտանգի մասին, ով իր արարումների ճանապարհին գերադասում է դաստիարակել փոխարինող սերունդ և նրան է տրվում ապագան արժևորելու իրավունքը։ Այդ սերունդն այսօր մենք ունենք։ Նա քաջության դասեր կերտեց մեր պատմության համար և այդ դասերն այժմ հայրենասիրության խրամատներում նրանց զավակներն են հարստացնում՝ սխրանքի նոր էջեր գրելով հայ ժողովրդի պատմության ոսկե մատյանում,- ասաց Ս. Թովմասյանը՝ խոնարհումի ու երախտիքի խոսքեր հղելով հանուն Արցախի բարեկեցիկ ապագայի իրենց կյանքի նվիրաբերած հերոսներին ու հերոսածին մայրերին։ Նա միաժամանակ մաղթեց, որպեսզի հայոց հինավուրց հողը ծփա բերկրանքից ու նահատակների արիության դրոշը պարզած՝ քաջերի սերունդը հարատև պաշտպանի հայոց աշխարհի խաղաղությունը։

Արմեն Անդրեյի Հայրապետյանը ծնվել է 1962թ. սեպտեմբերի  11-ին։ 1977-ին ավարտելով գյուղի միջնակարգն ընդունվեց Սևանի համար 1 պրոֆտեխուսումնարանը։ Գերազանց դիպլոմով այն ավարտելով ՝ ստացել է ծեփագործ-ներկարարի մասնագիտություն։  Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է Էստոնիայի հակաօդային պաշտպանության ուժերում։ Զորացրվելով՝ աշխատանքի է անցել Ստեփանակերտի համար 91 շինվարչությունում, ապա կահույքի ֆաբրիկայում որպես շինարար։ Սկիզբ առած արցախյան շարժումն ու հայ ժողովրդի արդարացի պահանջի բարձրաձայնումը հայրենիքի ցավով տառապող երիտասադրի համար հիմք հանդիսացան հայրենի գյուղ վերադառնալու, համագյուղացիներին ազատատենչության ոգով համակելու համար։

Գյուղի վաշտի առաջին հրամանատար Արմեն Հայրապետյանը մարտական հարուստ կենսագրություն ունի, որը սկիզբ է առել Շոշ, Քարին տակ, Ամարասի հովտի պաշտպանական մարտերից։ Նրա մարտական ուղին ձգվել է մինչև Քելբաջար, Բերդաձոր…։ Արմենի մարտիկները համակված էին քաջ հրամանատարի համարձակությամբ, խիզախությամբ, անձնվիրությամբ։ 1993 թվականի դեկտեմբերի 28-ին Սուլուխլու-Քենգերլի հատվածում նա տվեց իր մարտական ուղու վերջին հաղթական մարտը։ Կանգնելով թշնամու մեծ ջոկատի առջև 30 մետր հեռավորության վրա մեն-մենակ հակագրոհի անցավ՝ տալով թշնամուն 80 զոհ, սակայն վերջին վիրավոր ասկյարը չվրիպեց։ Արմենն իր անձնազոհությամբ փրկեց երկու գումարտակի զինվորների կյանքը։ 31 ամյա քաջ հրամանատարի մահվան բոթը ցնցել էր ակնաղբյուրցիներին։ Ամանորյա լուսաբացն Ակնաղբյուրում սև գույներով բացվեց։  Մարեց արցախյան օջախներից ևս մեկի ծուխը։

Կինը՝ Մարիետան իր փխրուն ուսերին վերցրեց երեք զավակների՝ Մխիթարի, Արմինեի և Մելինեի դաստիարակության հարցը։ Սակայն վշտալից կինը չդիմացավ ամուսնու կորստյան ծանր վշտին։ Անողոք հիվանդությունն էլ մի կողմից էր ծնկի բերել տառապած այրուն։ Կարճ ժամանակ անց երկրային կյանքի հրաժեշտ տվեց նաև Մարիետան՝ հավիտենապես միանալով սիրասուն ամուսնուն։ Ծնողական սիրուն ու հոգատարությանը կարոտ երեխաները մնացին տատիկի ու պապիկի խնամքի տակ։ Հարազատները նրանց ամեն կերպ փորձում էին զերծ պահել ծանր ապրումներից՝ շրջապատելով փոքրիկներին անսահման սիրով ու հոգածությամբ։

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի անունից երախտագիտություն հայտնեց Արմեն Հայրապետյանի հարազատներին՝ հայրենանվեր ու քաջարի զավակ դաստիարակելու համար։ Միության անունից Ասկերանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանը նվեր հանձնեց Արմենի դստերը՝ Արմինեին։ Վերջինս հավաքելով իր մեջ բոլոր ապրումներն ու զգացմունքները՝ իր և հարազատների անունից երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել իրենց սիրասուն հոր հիշատակը հարգելու, նրա անունը մատաղ սերնդի հուշերում հավերժացնելու ցերեկույթ կազմակերպելու համար։

Ափսոսանքը, անհուն ցավն ու հպարտությունը միաձուլվել էին իրար։ Արմեն Հայրապետյան  - աշակերտի, մարտական ընկերոջ և հայրենիքի նվիրյալի մասին սրտի խոսքով կիսվեցին նրա ուսուցչուհի Վալիդա Օհանյանը, մարտական ընկեր Կարմեն Ավետիսյանը։

Չնայած Արմենը դպրոցում ուսումնառության տարիներին գիտելիքներով չէր փայլում, սակայն նրա մեջ միշտ արթուն էր հայրենասիրությունն ու հայապաշտությունը։ Դժվար չէր նրա՝ մշտապես կրակոտ ու վառվռուն աչքերում կարդալ, զգալ այն մեծ սերն ու նվիրվածությունը, որը տածում էր նա հայրենի եզերքի հանդեպ։ Քաջասիրտ հրամանատարն էր իր աննկուն մարտիկների ամենավեհ գաղափարների կրողը, որից սովորելու, ընդօրինակելու շատ բան ունեին։ Այո՛, Հայրենիքները հզորանում են նրա հոգսերով տառապողների ու ամեն վայրկյան հանուն նրան զոհողության գնալուն պատրաստ անհատներով։ Հայրենիքի համար օրհասական պահին նման քաջազունների պակաս չզգացվեց։ Բռունցքվեց հայ ժողովուրդը, իսկ նրա լավագույն տղաները՝ մարտիրոսվեցին։

Միջոցառման ժամանակ հայրենասիրական երգերի ու բանաստեղծությունների գեղեցիկ ու հուզիչ կատարումներով հանդես եկան Ն զորամասի զինվորներն ու դպրոցի աշակերտները։

Կազմակերպված միջոցառումը բազմաբովանդակ էր ու սպեղանի որդեկորույս ծնողների համար։ Նշանակում է Հայրենիքը գնահատել ու գնահատում է նրա նվիրյալ զավակների կատարածը։ Քանզի նրանց զավակներն ապրել են իրենց սրտերում կրելով նժդեհյան գաղափարախոսությունը՝ աշխատիր առյուծի հետ թողնել ցեղիդ պատմության մեջ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter