ԿԵՐՏՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԸ
20.09.2017 18:05

Սեպտեմբերի 20-ին Նորագյուղի նորակառույց մանկապարտեզի բակում ազգային ոգին էր իշխում։ Ու ամենանակեղծ ուրախությունն ու ժպիտը կարելի էր կարդալ երեխաների դեմքերին, որոնց համար էլ կառուցվել է այս հոյակերտ շենքը։ Եռագույն դրոշներ, փուչիկներ, երջանկությունից փայլող աչքեր, մի խոսքով՝ խանդավառություն։

Մանկապարտեզի շենքը երկհարկանի է՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, մեծ ու հարմարավետ բակով, խաղահրապարակով՝  նախատեսված

հարյուր երեխայի համար։ Նորագյուղը լինելով շրջանի ամենամեծ ու զարգացման մեծ հեռանկարներ ունեցող գյուղը, արդեն իսկ ունի հարյուրից ավելի նախադպրոցական տարիքի երեխա։ Նոր մանկապարտեզը Արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի ընտանիքի նվերն է նորագյուղցիներին։ Այն կառուցվել է §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Սա մեծ բարերարի առաջին բարեգործությունը չէ Արցախում։ Սկսած 1996 թվականից Հովսեփ Թահթան պարբերաբար բարեգործական ծրագրերով է հանդես  գալիս Արցախում։ Մեկ տասնյակ տարի առաջ Վաղուհաս գյուղում բարերարի միջոցներով կառուցված դպրոցական շենքն արդեն չի բավարարում պահանջները։ Այն վերափոխվելու է մանկապարտեզի, իսկ վաղուհասցիներն մոտ ապագայում նոր՝ առավել հարմարավետ, ժամանակակից ու միջազգային չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենք կունենան։

Նորագյուղի նորակառույցի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բարերար Հովսեփ Թահթան, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Նորագյուղի երախտապարտ հասարակությունը, դպրոցականներ, հյուրեր ։

Հյուրերին ընդունեցին ավանդական աղ ու հացով։ Ներկաներին ողջունեց ու տոնական ուրախալի օրն իրենց հետ կիսելու համար երախտագիտույթուն հայտնեց Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանը։ Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։

Գաղտնիք չէ, որ նախակրթարաններում և դպրոցներում են ձևավորվում հանրապետության ապագա քաղաքացիները, մանուկների հոգեկան և հուզական աշխարհները, մարդկային լավագույն որակները, ինչից էլ կախված է երկրի ապագան։  Դրա համար էլ Արցախում նման կառույցների բացման արարողությունները կատարվում են մեծ խանդառավությամբ ու հանդիսավորությամբ։

-Այն ազգն ունի ապագա, ով առաջնահերթ կառուցում է նախակրթարան և դպրոց։ Հայ ազգը դժվար թե հարատևեր, եթե ամենադժվարին պահերին անգամ ուսումնական հաստատություններ չկառուցեր։ Նորագյուղում վաղուց էինք սպասում նման մանկապարտեզի շենքի։ Այս իսկապես գեղեցիկ ու հարմարավետ՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով մանկապարտեզի շենքն իսկական նվեր է նորագյուղցիներիս համար,- ասաց Է. Վարդանյանը համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնելով բոլոր բարերարներին, ինչպես նաև շենքի շինարարությունն իրականացրած §Ժառանգորդ¦ արտադրական կոոպերատիվին, ի դեմս տնօրեն Վոլոդյա Գասպարյանի։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթան՝ մեր հանրապետությունում  բարեգործական ծրագրերի իրականացնելու համար արժանացավ §Երախտագիտություն¦ մեդալի։ Այն բարերարին հանձնեց վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Հովսեփ Թահթան գոհունակությամբ արտահայտվեց կատարված աշխատանքների վերաբերյալ։ Թերևս, հուզմունքը խանգարում էր նրան մտքերն արտահայտելուն։ Մեծ բարերարը հույս հայտնեց, որ այս կրթօջախում  հայրենասիրական ոգով սերունդ կդաստիարակվի, ովքեր կգնահատեն հայոց գիրն ու գրականությունը, նրա հերոսական պատության կերտողները կհանդիսանան, ու իրենց հերոս նախնիների արժանի հետնորդները կլինեն։

-Հայրենիքի կարոտը մեր սրտերում ապրելով Սփյուռքում ամեն օր Հայրենիք չենք տեսնում, սակայն ապրում ենք նրա հոգսերով։ Իմ ընտանիքում միշտ էլ հարգի է եղել գիրն ու գրականությունը, ինչին հիմա մեծապես ուղղված են մեր բարեգործական աջակցությունները,- ասաց Հ. Թահթան։

ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադառնալով Հովսեփ Թահթայի կատարած բարեգործական մեծ առաքելություններին՝ նշեց, որ Արցախի հարյուրավոր ընտանիքներում մեծ բարերարի անունը երախտագիտորեն են հիշելու, քանզի նման ազգապահպան քայլով նա աշխարհի ամենանրբազգաց ու անմեղ արարածներին՝ մանուկներին է երջանկացրել ։

-Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հովսեփ Թահթայի ընտանիքին, ովքեր ապրելով օվկիանոսից այն կողմն  չի մոռանում իր երկիրն ու իր արմատները։ Համոզված եմ, որ օրեց-օր շենացող Նորագյուղում շուտով նաև նոր դպրոցական շենք ունենալու կարք կլինի, ինչով միայն կարելի է ուրախանել։ Գյուղական համայնքները շենացնելով ու բազմամարդ դարձնելով մենք մեր պարտքը կլինենք կատարած մեր զոհված տղաների առաջ,- ասաց Ա. Հարությունյանը։

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ տարիներ առաջ՝ խմելու ջրի ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես և խոստացել էին, վերադարձել են՝ կրկին տոն պարգևելու նորագյուղցիներին։

-Մեր պարտքն է ներդրումներ կատարել նաև կրթության ոլորտներում։ Մեծապես գնահատելով մեր բարերարների կատարած հայրենանպաստ աջակցությունը լիահույս եմ, որ մեր համագործակցությունը Թահթա ընտանիքի հետ դեռ երկար տարիներ շարունակվելու է, և մոտ ապագայում մենք կմասնակցենք մեկ այլ նման շենքի հանդիսավոր բացմանը,- ասաց Ա. Վարդանյանը։

Նորագյուղի համայնքի ավագանու որոշմամբ Հովսեփ Թահթան արժանացավ  համայնքի պատվավոր քաղաքացու կոչման, որի վկայականը հասցեատիրոջը հանձնեց համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը։ Երրորդ անակնկալը, որը սպասվում էր մեծ ազգասերին ու իսկական հային՝ նորակառույց մանկապարտեզի շենքի մանրակերտն էր, որն ի նշանավորումն երախտագիտության՝ հանձնվեց բարերարին։

Տոնական միջոցառմանը դրական լիցքեր հաղորդեցին նաև դպրոցի աշակերտների ազգային երգերի ու պարերի գեղեցիկ կատարումները։

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Նորագյուղի պատվավոր քաղաքացի Հովսեփ Թահթային և համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանին։

Ասկերանի հոգևոր առաջնորդ Ներսես քահանա Ասրյանը կատարեց նորակառույցի շենքի օծման հանդիսավոր արարողակարգ, որի սկիզբն ազդարարվեց Տերունական աղոթքով։ Ներսես քահանա Ասրյանը ուժ ու կորով մաղթեց բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել մանկապարտեզի շենքի շինարարությանը, ու առհասարակ, բոլոր նրանց, ովքեր բարի գործեր են կատարում։

Վերջում ներկաները շրջեցին նորակառույց մանկապարտեզի շենքում՝ ծանոթանալով հարմարություններին։

Տեղին եմ համարում մեջբերել հայոց պատմության նախահոր՝ Մովսես Խորենացու խոսքերը. Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել: Արցախցիներիս համար նման անհատներից մեկն էլ Հովսեփ Թահթան է, ում ընտանիքի կատարած մեծ ու բարի գործերն արդեն իսկ պատմություն են։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter