ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ ՔՅԱԹՈՒԿՑԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ |
26.09.2017 15:13 |
Գիտեք, ինչքան հաճելի է, երբ քո շրջապատում տեսնում ես այնպիսի մարդկանց, ովքեր անմնացորդ նվիրումով են նվիրվում բարի գործերի կատարմանն ու անում են ամեն ինչ, որպեսզի շենանա հայրենի գյուղը: Իսկ գյուղը, որի մասին ցանկանում եմ գրել, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղն է: Ավա՜ղ, երբեմնի շեն ու հարուստ գյուղը, որ այնքա՜ն նշանանավոր զավակներ է տվել, այսօր ծերացել ու ասես, թևաթափ է եղել: Շրջապատող կուսական անտառներն ու սարերն իրենց հովանու մեջ էին առել հարազատ գյուղը՝ պատրաստ պաշտպանելու ցանկացած վտանգից: Հիրավի, այսպիսի կախարդական ու հեքիաթային բնաշխարհում մարդը կարող է իրեն լիակատար երջանիկ զգալ: Չէ որ ամեն ինչ այստեղ բնական է և անմահական... Ցավալի փաստ է, բայց գյուղում ապրում են ընդամենը երեք մարդ: Ապրում են այն հույսով, որ հանկարծ մի հրաշք կկատարվի, գյուղը կվերականգնվի վաղեմի իր ողջ հմայքով, մանուկների զվարթ ծիծաղի ձայնը կհասնի մինչև երկինք… Եվ ահա բոլորովին վերջերս Քյաթուկում արձանագրվեց մի հրաշալի, բարեգործական և հայրենանվեր գործ: Շատերը գուցե զարմանան, շատերի համար անհավանական թվա, սակայն գյուղում, որի մշտական բնակիչները երեք հոգի են, կառուցվեց Արցախյան գոյապայքարում զոհված քյաթուկցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան: Շատերս գիտենք, որ 2011 թվականին է նախաձեռնվել այս ձեռնարկը, որի իրականացման համար ստեղծվել էր հանձնաժողով և §Արցախբանկ¦ ՓԲԸ-ում բացվել հաշվարկային հաշիվ: Նույն թվականին բարեգործական առաջին քայլերը կատարեցին ծննունդով քյաթուկցի, ռուսաստանաբնակ Արթուր Բեգլարյանը և ծննունդով վարդաձորցի Վաղինակ Գևորգյանը, ով նույնպես ապրում է ՌԴ-ում: Այդ երկու գործարար մարդկանց բարեգործական աջակցումը ոգևորության ալիքներ բարձրացրեց նաև տեղացիների մեջ: Երախտագիտությամբ և պատվա-սիրությամբ լցված քյաթուկցիների համար հուշարձանի կառուցումն այսուհետ դարձավ պատվի հարց. Հայրենիքին անմնացորդ նվիրված և իրենց կյանքն Արցախի ազատագրման համար զոհաբերած քյաթուկցի տղաները պետք է հարազատ գյուղում ունենան հուշարձան, որը գյուղն այցելողներին միշտ կհիշեցնի, թե ինչպիսի հերոսներ է ծնել այդ գյուղը: 2011 թվականից գյուղում սկսվեցին իրականացվել մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Պարբերաբար կազմակերպվում էին շաբաթօրյակներ, որոնց քյաթուկցիները մասնակցում էին մեծ ակտիվությամբ: 2013 թվականին նախաձեռնեցին Ասկերանից գյուղ տանող ճանապարհի բարեկարգումը, որն այն ժամանակ գտնվում էր անմխիթար վիճակում և անցանելի էր ոչ բոլոր մեքենաների համար: Այդ գաղափարն անմիջապես ընդունվեց և արձագանք գտավ մի շարք գործարար մարդկանց կողմից: Բարեգործների ու համագյուղացիների միջոցներով 10 օրվա մեջ վերանորոգվեց գյուղ տանող ճանապարհը: Ուրախալի էր տեսնել, թե ամռան ամիսներին այդ ճանապարհով քանի՜, քանի՜ մեքենաներ էին բարձրանում գյուղ: Քյաթուկն իր զորավոր և հզոր ուժով ձգում էր բնության, հարազատ հողի սիրահարներին… Իսկ հուշարձանի կառուցման մտահղացումն ավելի էր հասունանում… …Եվ ահա բոլորովին վերջերս մեծ թափով սկսվեցին հուշարձանի կառուցման անդադար աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց մեզ այդ աշխատանքների համակարգող Սուրեն Թովմասյանը, հուշարձանի կառուցմանը մասնակցում էին համարյա բոլոր քյաթուկցիները, անկախ նրանից, թե ով որտեղ է ապրում: Ամենամեծ օգնությունը ցույց տվեցին ստեփանակերտաբնակ Արտավազդ Սարգսյանը և նրա եղբայրը՝ Ռոբերտ Սարգսյանը, ով բնակվում է ՌԴ-ում: Բացի դրամական օգնություն և շինանյութեր տրամադրելուց, մասնագիտությամբ շինարար Ա.Սարգսյանը պարբերաբար ներկայանում էր գյուղ, մասնակցում աշխատանքներին, ոգևորում համագյուղացիներին և ուղղություններ տալիս: Հուշարձանի կառուցմանն աջակցել են ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, գործարարներ Համլետ Ղազարյանը, Սամվել Արզումանյանը, §Արցախէներգո¦ ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Աբրահամյանը, §Արցախգազ¦ ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Յուզբաշյանը, Հարավի համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանը, Ասկերանի կոմունալ տնտեսության տնօրեն Աշոտ Սարգսյանը: Մասնագիտական օգնություն էր ցույց տալիս Ասկերանի շրջվարչակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը: Հուշարձանի կառուցման աշխատանքներին հետևում և աջակցություն էր ցուցաբերում Վիտալի Բալասանյանը: Ինչպես նշում են համագյուղացիները, Վ. Բալասանյանի ներկայությունն ու խորհուրդներն ավելի էին ոգևորել և ուժ տվել իրենց: Մի քանի ամիսներ տևած շինարարությունից հետո Արցախյան պատերազմում նահատակված քյաթուկցիների պատվին կանգնեցվեց հոյակերտ մի հուշարձան: Ինչպես նշում է Սուրեն Թովմասյանը, աշխատանքները դեռևս ավարտված չեն: Շարունակվում են հուշարձանի մերձակա տարածքի և գյուղի ճանապարհի բարեկարգման աշխատանքները: Նախատեսվում է նաև գյուղի եկեղեցու վերանորոգում: - 2011 թվականին է մեզ մոտ ծագել այս մտահղացումը: Դա մի հայրենանվեր գործ է, որը ձեռնարկել ենք, որպեսզի գալիք սերունդները միշտ վառ պահեն մեր զոհերի հիշատակը: Չնայած գյուղն այսօր համարյա դատարկ է, սակայն հույս ենք պահում, որ կգա ժամանակ, երբ այն կբնակեցվի: Մեր գյուղում կան բոլոր պայմաններն զբաղվելու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այգեգործությամբ: Անշուշտ, կան չլուծված խնդիրներ, դրանք կապված են ջրի և ճանապարհի հետ: Մտադիր ենք բարերարների և պետության աջակցության շնորհիվ լուծել այդ խնդիրները ևս: Այդ դեպքում գյուղն անպայման կշենանա և ինչու չէ, ես ևս պատրաստ եմ այնտեղ ապրել ու զբաղվել գյուղացիական տնտեսությամբ: Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր օգնել են մեզ թե՛ ֆիզիկապես, և թե՛ բարոյապես: Պետք է հպարտությամբ շեշտեմ, որ հուշարձանի կառուցման այս աշխատանքները համախմբման և հայրենասիրության յուրովի մի դաս էր բոլորիս համար, որին մասնակցում էին տարբեր սերունդներ: Երիտասարդության ոգևորությանը չափ չկա և տեսնելով նրանց խանդավառված դեմքերը՝ մենք կրկին համոզվում ենք, որ այս սերունդը բարձր կպահի հարազատ գյուղի և զոհված տղաների պատիվը: Աշխատանքները լրիվությամբ ավարտելուց հետո, նախատեսում ենք կատարել հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն: Ավելացնեմ, որ մեր ուշադրության կենտրոնում են նաև Հայրենական Մեծ պատերազմում զոհված քյաթուկցիների հիշատակին կանգնեցված հուշարձանի տարածքի մարքման և բարեկարգման աշխատանքները,- ասաց Ս.Թովմասյանը: Անկասկած, մեծ, հայրենանվեր և օրինակելի գործ է իրականացվել Քյաթուկ գյուղում: Ոչ մի խոչընդոտ չխանգարեց հայրենասիրական վեհ գաղափարն իրականություն դարձնելու համար: Հիրավի, քյաթուկցիներն իրենց մեջ կուտակել էին հավատ սեփական ուժի նկատմամբ, մեծ կամք ու ցանկություն: Իզուր չի ասել Ու.Ֆիլիպսը. ՙԴժվարությունները մարդու մեջ ծնում են այնպիսի ընդունակություններ, որոնք անհրաժեշտ են դրանց հաղթահարման համար¦ … Ցանկանանք, որպեսզի իրականություն դառնա քյաթուկցիների վաղեմի երազանքը. գյուղը ծլի, ծաղկի ու շենանա… Իսկ մենք սպասենք հետագա զարգացումներին… Կարինե ԲԱՇԽԻՅԱՆ |