ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՆՐԱՆ ԵՄ ՊԱՐՏԱԿԱՆ
08.02.2012 01:13

Երջանիկ է այն ազգը, որ կարողանում է արժանի սերունդներ  դաստիարակել, կերտել եւ ձեւավորել այնպիսի անհատ, որ գիտակցում է, թե ինչ է հայրենիքը, ինչպես պետք է այն պաշտպանել, եւ ինչ պետք է անել հանուն հայրենիի ամրապնդման: Ամենակարեւորն էլ այն է, որ ներկա սերնդի մեջ ավելի է զարգանում սերն ու վստահությունը դեպի գիտելիքն ու ուսումը:

Հստակ գիտակցվում է, որ միայն զարգացած ու քաղաքակիրթ երկիրը կարող է ներկայանալ եւ ընդունվել միջազգային հանրության կողմից: Ուստի, մենք առավել երջանիկ ենք, որ մեր երկրում աճում է ոչ միայն խելացի եւ արժանի, այլեւ, ինչպես եւ հային է հատուկ, համարձակ ու ճշմարտախոս սերունդ, ովքեր յուրովի են տեսնում հայրենիքի ապագան:  Նման մի համարձակ հայուհի էլ ապրում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Լիլիա Սամվելի Մանգասարյանը սովորում է Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: Գերազանց գնահատականներով սովորող այս աղջկան արդեն գիտեն ե'ւ Արցախում, ե'ւ մայր Հայաստանում: Նա, հաճախակի մասնակցելով  հանրապետական օլիմպիադաների, շարադրությունների մրցույթների, միշտ էլ գրավել է մրցանակային տեղեր եւ արժանացել  պատվոգրերի, դրամական պարգեւների ու արժեքավոր նվերների: Իսկ բոլորովին վերջերս էլ մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված համահայկական շարադրությունների 7-րդ մրցույթին: Մրցանակային տեղ գրավելով` պարգեւատրվել է համակարգչով եւ ՙՄենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք՚ խորագրով ուսանողների եւ աշակերտների համար անցկացվող ՙԵրիտասարդությունը եւ Հայաստանի ապագան՚ թեմայով լավագույն գրական ստեղծագործության միջազգային 7-րդ մրցույթի դափնեկիր ճանաչվելու համար դիպլոմով:
Աղջկա համարձակությունն այնքան մեծ էր, որ նա, ներկայանալով ՙԲերդ՚ թերթի խմբագրություն, տեղեկացրեց, որ չի եկել խոսելու իր մասին: Նա եկել է խոսելու իրեն շատ հոգեհարազատ մի մարդու` իր սիրելի ուսուցչուհի Սուրայա Ղազարյանի մասին: Նայելով նրա ազնիվ ու մանկական պարզությամբ լի աչքերին, հասկացանք, որ մեր առջեւ նստած է անսահման նուրբ հոգու տեր, չափազանց մեծ երախտագիտությամբ լցված մի աղջիկ: Թեպետ բավականին համարձակություն ուներ, սակայն զգացվում էր, թե ինչպես է հուզվում եւ շառագունում իր ուսուցչուհու մասին խոսելիս: Անշուշտ, դա եւս Ս.Ղազարյանի ճիշտ դաստիարակությունն է. հայուհին պետք է լինի ամոթխած, պարկեշտ, բայց, միեւնույն ժամանակ, խիզախ ու հպարտ:
ՙԱյսպիսի հաջողությունների հասնելու համար պարտական եմ միմիայն լեզուն եւ հպարտ եմ, որ այսօր կարողանում եմ ազատ տիրապետել ու մաքուր խոսել հայերենով` միշտ բարձր պահելով հարազատ կրթօջախիս եւ ուսուցիչներիս պատիվը: Իմ առաջին ստեծագործական քայլերը կատարել եմ նրա անմիջական աջակցությամբ: Նա սոսկ ուսուցիչ չէ ինձ համար, այլեւ ծնող, որը միշտ կողքիս է եւ պատրաստ ցանկացած հարցում օգնել, բարի խորհուրդներ տալ:
Հպարտ եմ, որ աշակերտն եմ նման բարձրակարգ մանկավարժի: Կուզենայի կյանքում լինել նրա պես համբերատար, բարեհամբույր եւ բոլորի կողմից սիրված՚,-այսպես արտահայտվեց Լ.Մանգասարյանն իր ուսուցչուհու մասին: Նրա խոսքերի մեջ անթաքույց սեր ու հպարտություն կար:
Իհարկե, նման հաջողութունները հպարտություն են ներշնչում մեզ բոլորիս: Եվ որքա­ն հաճելի է ու պատվաբեր, որ արցախցի աղջիկը կարողանում է վստահորեն մասնակցել համահայկական մրցույթին, մրցանակային տեղ զբաղեցնել ու բարձր պահել Արցախի պատիվը: Ստորեւ ներկայացնում ենք Լ. Մանգասարյանը ՙԵրիտասարդությունը եւ Հայաստանի ապագան՚ շարադրությունը:


Կարինե Բախշիյան


Երիտասարդությունը եւ Հայաստանի ապագան
(շարադրություն)
Սա իմ երկիրն է, որ Հայաստան են կոչում, որ աշխարհին բացառիկ վկայականով է ներկայանում` հնագույն քաղաքակրթություն, հուշարձան-կոթողներ, Մեծ ու Փոքր Մասիսներ, անզուգական դյուցազնավեպ` ՙՍասունցի Դավիթ՚, արվեստի կատարյալ նմուշներ` ձեռագիր մատյաններ, խաչքարեր:
Այստեղ է, որ երկիրը խոսում է երկնքի հետ: Այստեղ է, ուր ամպերն անհագուրդ համբուրում են բարձրագահ լեռները:
Այս բարձրավանդակում է միայն , որ ազգի քաջ զավակները գնում են իմացյալ մահվան ու հավերժանում:
Հենց այս բարձունքից է մեծ Նարեկացին աղոթքներ հղել առ Աստված:
Նաիրյան այս երկրում է, ուր Կարոտը, Տառապանքը, Հառաչանքը հատուկ են հնչում:
Այստեղ է միայն, որ մանուկները շուտ են մեծ դառնում, բայց միամտաբար հավատում են նաեւ, թե ծիածանի տակով անցնող աղջիկները տղա են դառնում…
Ես էլ դրանցից մեկն եմ, նման հրաշքներին հավատացողը:
Հիմա եմ ըմբռնում, թե ինչու էր մեծ բանաստեղծն ասում.

Ախր ուրիշ տեղ իմ աչքերով
Իմ աչքերին նայող մանկություն չկա…
Ես այդ կախարդական երկրի պարմանուհին եմ, որ սիրում է իր երկիրը, որի համար մեծ իմաստ ունի հայրենիքի վաղը:
Ես այդ վաղվա բողբոջն եմ, միաժամանակ այդ լուսաշող ապագայի պահապանը:
Իմ չքնա'ղ երկիր, ես ու դու համարյա հասակակիցներ ենք, ես` տասնյոթ տարեկան, դու` քսան: Ձեռք ձեռքի տանք ու անվարան քայլենք դեպի ապագան:

Նայենք բարձր Արարատին  
Ու աներեր սլանանք,
Կարոտ ձգենք լույս գագաթին
Ու այդ լույսով զորանանք:
Համայն աշխարհի հայ երիտասարդության անունից վառելով մտքիս ջահը` խոստանում եմ, որ նախանձախնդիր ենք լինելու եւ լուրջ առաքելություն ենք իրականացնելու երկրի համար չափազանց կարեւոր գործերում ու ազգային շատ ծրագրերում:
Մենք վաղուց սերտել ենք պատմության դասերը եւ սխալվելու իրավունք չունենք:
Աշխարհի հայ երիտասարդությունը խաղաղությամբ պիտի միավորվի ու կերտի բոլորիս Հայաստանը, քանզի ողջ հայության սիրտն է այստեղ: Ուժ ու եռանդ տանք նրան, որ հավերժ բաբախի:
Համոզված եմ, որ այս երիտասարդությունն ուրիշ է լինելու, քանզի արդեն իսկ աշխարհի հետ խոսում է Լեւոն Արոնյանի ու Էլինա Դանիելյանի, Տիգրան Մարտիրոսյանի ու Նազիկ Ավդալյանի, արցախածին Վլադիմիր Արզումանյանի եւ շատ-շատերի լեզվով: Գուցե աշխարհի աչքերի մշուշը ծագող արեւի ջերմ շողերով ցրվի, ու հասկանա, որ իմ փոքրիկ Արցախի մեծ ժողովուրդն աշխարհից գանձեր չի պահանջում, այլ ուզում է` ճանաչեն իր զավակների անձնուրացությամբ ձեռք բերված անկախությունը:
Ես լավ եմ ճանաչում իմ սերնդին: Իր նախնիների պես շտապել չի սիրում, ծով համբերությամբ սպասում է ու հավատում արդարությանը: Իսկ թե կոտրվի այդ հավատը, ապա ինքը կդառնա իր բախտի տերը…

Հավատում եմ, որ սառույցը կհալվի,
Որ աշխարհի անգութ սիրտը կփափկի,
Ու նաիրյան այս երկիրը իմ խրոխտ
Կդառնա չարի գլխին ամպ ու որոտ…
Գիտեմ, որ ուժեղները միշտ համեստ են լինում: Վախկոտներն են միայն հոխորտում անընդհատ ու դավեր նյութում: Իսկ իմ երկրի պաշտպաններն աներեր կանգնած են սահմանին մեր լեռների պես, ինչպես 1988-ին էր…
Ուզում եմ, որ մեր միակամությունը չդրսեւորվի ինչ-որ աղետների ու արհավիրքների ժամին, այլ` խաղաղ պայմաններում, արարելիս ու շենացնելիս: Թող քաղաքական կուսակցությունների առճակատումը չլինի մեր հետագա գործողությունների ուղին, այլ հաշտեցումն ու միավորումը:
Հենց այսօր` առավել քան երբեք, մեզ միասնություն է պետք օդ ու ջրի պես: Միասնություն, որ աշխարհ էլ շուռ կտա…
Ես արդեն շոշափում եմ դրա դրսեւորումները. ողջ համացանցը ողողված է երիտասարդական նախաձեռնություններով. մի կողմից նա աշխարհի բոլոր խորհրդարաններին է դիմում հայոց ցեղասպանությունն ընդունելու ակնկալիքով, իսկ Արցախի երիտասարդությունը ճգնում է մեր հիմնախնդրի իրական պատկերը ներկայացնել աշխարհին: Այսպես մտահոգ է երիտասարդությունն ապագայի հանդեպ: Եթե շատ են ուզում, հասնում են նպատակին:
Հենց ա'յս երիտասարդությունն է, որ հաստատ քայլերով կգնա ՙմըր էրգիր՚: Կգնա ու կելնի Արարատի գագաթը: Այնտեղից կնայի Երեւանին ու անպայման կասի.ՙՃոպանուղիներով հարուստ Հայաստանին պակասում է եւս մեկը` Մասիսի գագաթից մինչեւ Երեւան ձգվող բացառիկ ճոպանուղին…՚: Կասի ու կանի այդ` Տուն կանչելով աշխարհասփյուռ հայերին: Եվ գուցե այնժա՞մ մեծ բանաստեղծ Շիրազի կարոտաբաղձ սիրտը հանգիստ ննջի Արարատի սուրբ գագաթին:
Պարզվում է, որ նա պատահականորեն չի պահանջել, որ իր մեծ սիրտն ամփոփեն այնտեղ: Փարոս դառնալով` նա ճանապարհ է հարթելու սերունդների համար առ էրգիր:
Ամեն սերունդ գալիս, իր խոսքն է ասում աշխարհին, հայրենի երկրին:
Մենք էլ մեր արժանապատիվ խոսքն ենք ասելու:
Ես` արցախածին քաղաքացիս, ոչ թե մեկ, այլ երկու կարեւոր խոսք ունեմ ասելու. մեկը` մեծ Հայաստանիս, մյուսը` փոքր Արցախիս համար:
Ես շարունակությունն եմ քաջ պապերի, որ սիրել գիտեին իրենց հայրենին, որ նվիրվել գիտեին իրենց սուրբ օջախներին, որ անձնազոհաբար փրկել գիտեին իրենց հավատը, լեզուն:
Ես էլ արժանապատվորեն նրանց պես կշենացնեմ իմ հայրենիքը: Ուզում եմ, որ հայրենի պաղ աղբյուրների ջրով հագենա ծարավս, ծաղկառատ դաշտերի բուրմունքից խտղտան ռունգերս, բարձրագահ լեռներից փչող հովերը շոյեն այտերս, կարկաչահոս գետերի գլգլոցը գուրգուրի ունկերս:
Համոզված եմ, որ սա ուրիշ Հայաստան է լինելու, իրական ծովից ծով Հայաստան:
Հավատում եմ ա'յս Հայաստանին: Հայաստան կերտենք ոչ թե օտար ափերում, այլ Հայաստան աշխարհում: Զինվե'նք գիտելիքներով եւ վստահ ասենք, որ գիտության այդ ծառը պտուղներ կտա միայն ի'մ ժողովրդի համար:
Ժամանակը մեր օգտին է գործում: Օգտվենք այդ հնարավորությունից եւ ազգային մեծ ծրագրեր իրականացնենք, որ Եղեռնի 100-ամյա տարելիցին ազգովի հավաքվելիս սպեղանի ունենանք դնելու մեր բաց վերքին եւ հպարտորեն ասենք.ՙՍա մե'ր կերտած Հայաստանն է՚: Ասենք ու շուրջպար բռնենք Արարատի շուրջը` իրական գույներ հաղորդելով մեր մեծ երազին: Խախտենք 100 տարվա լռությունը եւ պարտադրենք աշխարհին լսել մեզ:
Հավատացնում եմ` դրոշդ հայ եմ պահելու ու հայերեն եմ ծածանելու դարերում, իմ Հայաստա' ն աշխարհ:
Փառքիդ երգ եմ ձոնելու,
Եռքիդ շունչ եմ ես տալու,
Թե ոսոխը սիրտ անի,
Կտամ հարված արժանի:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter