ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ |
09.10.2017 12:27 |
Ռուդիկ Հարոյան Հայ երգարվեստի պահպանմանն ու տարածմանն ուղղված ամենամյա միջոցառումներից է <<Գութան>> փառատոնը, որն արդեն 2-րդ տարին է, ինչ հյուրընկալվում է Արցախում: Փառատոնին մասնակցում են ազգագրական երգի-պարի 19 խմբեր, որոնք ներկայացնում են ամբողջական Հայաստանի տարածքներն իրենց մշակույթով: 2014 թվականից փառատոնի կազմակերպիչներն անում են ամեն ինչ, որպեսզի հայկական մշակույթը հասանելի լինի հայության բոլոր շերտերին: Հոկտեմբերի 2-ին Ասկերանի մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր: Ազգագրական երգի ու պարի սիրահարները հավաքվել էին վայելելու Հայաստանի <<Մասունք>> ազգագրական երգի- պարի համույթի համերգը: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, աշխատողներ: Համերգը դիտելու էին եկել նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները՝ դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանի գլխավորությամբ: Համույթը հիմնադրվել է 1986 թվականին տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բանահավաք-ազգագրագետ, պարագետ և պարուսույց Ռուդիկ Հարոյանի նախաձեռնությամբ՝ որպես Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գեղարվեստական խումբ: Այն գործել է մինչև 1989 թվականը: 2007 թվականին Հարոյանը Երևանի ճարտարագիտական համալսարանում վերաբացել է խումբը նոր կազմով: 2011 թվականից համույթը ավելի մեծ եռանդով շարունակել է իր գործունեությունը և 2012 թվականի ապրիլից գործում է Հայաստանի ազգային սկաուտական շարժում <<ՀԱՍԿ>> ՀԿ-ի հովանու ներքո: Ռուդիկ Հարոյանի բանահավաքչական նվիրյալ գործունեության շնորհիվ <<Մասունքը>> ներկայացնում է Ջավախքի, Փերիայի, Վանի, Վասպուրականի, Մուշի, Տարոնի և այլ շրջանների ավանդական երգի, պարի, պարերգի բացառիկ նմուշներ: Մինչ համերգն սկսելը հանդիսատեսին ներկայացավ խմբի ղեկավար Լուսինե Մկրտչյանը: Հուզմունքով էր պատված նրա խոսքը. -Գտնվելով Արցախ աշխարհում՝ մեզանից յուրաքանչյուրը յուրահատուկ զգացմունքներ և ուրախություն է ապրում: Ձեր ակտիվ մասնակցությունը և արցախցուն վայել հյուրընկալությունը մեծ պատիվ է բոլորիս համար: Կփորձենք ներկայացնել հազարամյակների պատմություն ունեցող երգեր ու պարեր: Մեծ հպարտությամբ եմ նշում, որ համույթը կրում է Ռուդիկ Հարոյանի անունը: Մարդ, ով մի ամբողջ կյանք է նվիրել այս գործին և կարողացել է ժողովրդին վերադարձնել հայկական ավանդական երգերն ու պարերը: Խմբի նպատակն է ներկայացնել ու տարածել մեր ազգային երգի ու պարի նշխարներն ու մասունքները, վերականգնել տոներն ու ծեսերը: <<Մասունք>> համույթն ասկերանցիներին ներկայացավ իր գեղեցիկ, հայկական ավանդական կատարումներով: Նրանց փայլուն երգերն ու պարերը մեծ ոգևորություն պարգևեցին ներկաներին: Ազգագրական այս կատարումները մեկ անգամ ևս ապացուցեցին, թե ինչպիսի մշակույթ ուներ հայը հազարամյակներ առաջ: Առանձնապես խանդավառվել էին դպրոցականները և շուրջպար բռնելով համույթի անդամների հետ՝ ուրախ պարում էին նրանց հետ: Վերջում շրջվարչակազմի աշխատակազմի մշակութի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը շրջվարչակազմի ղեկավարի շնորհակալագրով պարգևատրեց համույթի ղեկավար Լուսինե Մկրտչյանին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |